Քաղաքական

30.08.2019 15:00


Աննա Հակոբյանի հիմնադրամը կվճարի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ուսման վարձը (տեսանյութ)

Աննա Հակոբյանի հիմնադրամը կվճարի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ուսման վարձը (տեսանյութ)

Կարելի է հաց չուտել, մի որոշ ժամանակ դիմանալ սովին, բայց պետք է ներդրում անել կրթություն մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30–ին, աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ինքը եւս անցել է այդ ամենի միջով. «Ես սա ասում եմ նաեւ իմ ընտանիքի փորձից, որովհետեւ երբ ես էի ուսանող եւ սովորում էի ԵՊՀ–ում, իմ ընտանիքը դժվար տարիներ էր ապրում, բայց իմ ծնողներն ընտրում էին այդ գումարն ուղղել իմ կրթությանը եւ զրկել ինձ տարբեր ինչ–որ բաներից, եւ դա ինչպես կարելի է տեսնել, իր արդյունքները տալիս է»։

Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ կրթաթոշակառուները բարձր գիտելիքներով կվերադառնան եւ կզարգացնեն Հայաստանը. «Մենք սրտատրոփ սպասում ենք ձեր վերադարձին՝ հույսով, որ կինտեգրվեք կառավարական տարբեր համակարգեր եւ ձեր գիտելիքները կծառայեցնեք եւ կզարգացնեք մեր երկիրը»։

«Իմ քայլ»–ի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ անցած տարվա համեմատ այս տարի կրթաթոշակների քանակը կրկնապատկվել է. «Բացարձակ հավասարություն ունենք սեռերի միջեւ՝ 27 տղա, 27 աղջիկ։ Սա պատահական է ստացվել, մենք դիտավորություն չենք ունեցել հավասարություն պաշտպանելու։ Համալսարանների աշխարհագրությունը տարածվում է 8 երկրներում՝ ՄԵծ Բրիտանիա՝ 25 համալսարան, ԱՄՆ՝ 20, Իտալիա՝ 3, Կանադա՝ 2, Շվեյցարիա, Սինգապուր, Ֆրանսիա, Ավստրալիա՝ մեկական համալսարաններ»։

Նրա խոսքով՝ 23–ը սովորելու են բակալավրիատում, 30–ը՝ մագիստրատուրայում, իսկ 1–ը՝ ասպերանտուրայում. «Անցած տարի 517 հազար դոլարի կրթաթոշակ ենք տրամադրել, իսկ այս տարի այդ թիվը ամենայն հավանականությամբ կանցնի մեկ միլիոն դոլարը»։

Ղազարյանը նաեւ նշեց, որ նախապես պայմանագրեր են կնքվել կրթաթոշակառուների հետ, որով վերջիներս պարտավորվում են վերադառնալ Հայաստան եւ այստեղ աշխատել։

«Մենք պայմանը դնելիս հաշվի ենք առել, որ հնարավոր է՝ այնտեղ որոշակի ժամանակահատվածում մեկ միջանկյալ տարի ենք սահմանել, որ իրենք կարողանան նաեւ աշխատանքային փորձ ձեռք բերել։ Այդ իսկ պատճառով տալիս ենք այդ մեկ տարվա հնարավորությունը, որից հետո նոր պայմանը գործելու է 3 տարի։ Պայմանը չկատարելու դեպքում գումարը հետ են վերադարձնում՝պայմանագրով սահմանված ժամկետներում եւ տոկոսներով»։

Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

54 կրթաթոշակառուների շարքում էր նաեւ Լեւոն Տեր–Պետրոսյանի թոռը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը, ով կմեկնի սովորելու Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը