Քաղաքական

30.08.2019 12:59


«Երեք սկզբունքներից դեռ պարզ չէ, թե որքանով Հայաստանը կգնա հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ճանապարհով»․ Մաքֆարլեյն

«Երեք սկզբունքներից դեռ պարզ չէ, թե որքանով Հայաստանը կգնա հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ճանապարհով»․ Մաքֆարլեյն

«ՀՀ արտաքին քաղաքական երեք սկզբունքներն արտացոլում են այն բոլոր հայտարարությունները, որոնք նախկինում արել էին ՀՀ իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքական նոր հայեցակարգի մասին»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացրած արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքներին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական սկզբունքները։ Նա նշել է, որ առանձնացրել են արժեքների երեք հարթություն, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը: «Դրանք են՝ քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժամանակակից ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքները, որոնք մեր ժողովուրդը պաշտպանեց և նոր որակ հաղորդեց թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ մենք պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքներն ու շահերը: Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»,-ասաց Մնացականյանը:

Նեյլ Մաքֆարլեյնի գնահատմամբ՝ կարևոր է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո թեկուզ մեկուկես տարի անց իշխանությունները ներկայացնում են ՀՀ արտաքին քաղաքականության վերանայված սկզբունքները։

«Դրանք, ըստ էության, արտացոլում են այն բոլոր հայտարարությունները, որոնք արել են ՀՀ իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մասին։ Ներկայացված սկզբունքները գաղափարներ են, որոնք պետք է դրվեն իշխանության արտաքին քաղաքական որոշումների հիմքում։ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո շատ է խոսվել արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանության բաղադրիչի ամրապնդման մասին՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների տարիներ ձգված մեզ հայտնի բնույթը։ Այդ բնույթը սահմանափակել է ՀՀ իշխանություններին կատարել այս կամ այն ընտրությունը դեպի Արևմուտք։ Այդպիսի օրինակ է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տապալումը տարիներ առաջ, որն առաջացրեց ճգնաժամ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և ԱՀ-ից պակաս հավակնոտ համաձայնագրի ստորագրման՝ շատ ավելի ուշ։ Նման օրինակները քիչ չեն։

Հայաստանը խուսափում է մասնակցել ՆԱՏՕ-ի որոշ զորավարժությունների, որոնք անցկացվում են Վրաստանում, կամ գուցե չի խուսափում, այլ նպատակահարմար չի համարում, սակայն կա տպավորություն, որ այս ուղղությամբ չկա ավելի ակտիվ աշխատանք։

Ինքնիշխանության ներքո նաև հասկանում եմ ԵԱՏՄ և ՀԱՊԿ հարթակներում ՀՀ դիրքորոշումների և սկզբունքների պահպանում և առաջմղում, որոշ դրվագների ականատեսը դարձանք նախորդ տարի, որոնք հանգեցրեցին որոշ խնդիրների այդ հարթակներում։ Բայց այս սկզբունքի ներքո կա նաև արտաքին քաղաքականության հավասարակշռման անհրաժեշտություն, քանի որ ինքնիշխան արտաքին քաղաքականությունը ենթադրում է նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ հարթակներից անկախ որոշումներ։ Բայց այստեղ ևս պետք է հասկանալ, թե՝ լինելով միության անդամ, որքանո՞վ Հայաստանը կարող է անկախ լինել և կայացնել լիովին այդ կազմակերպություններից անկախ որոշումներ։ Այստեղ կա հակասություն, հենց այդ պատճառով այս սկզբունքը չի կարող լիարժեքորեն իրականացվել և դառնալ արտաքին քաղաքականության հիմք։

Ինչ վերաբերում է երկրորդ սկզբունքին՝ հասկանալի է, որ նպատակ կա միավորել հայկական ներուժը, որը սփռված է ողջ աշխարհում, և այդ ներուժը կարող է ծառայել ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, այլև շատուշատ այլ հարցերի, որոնք կտան քաղաքական և տնտեսական օգուտներ Հայաստանին։ Երրորդ սկզբունքի մասին ասեմ, որ սա անորոշ է թվում, թեև հասկանալի է նաև, թե ինչու է հենց սա ճանաչվել՝ որպես սկզբունք, սա թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը գործակցելու է բոլոր երկրների, բոլոր գործընկերների հետ, բայց ինչ սկզբունքով՝ դա հասկանալի չէ, քանի որ փոխգործակցությունը երկրների հարաբերությունների անքակտելի մասն է, դա այսպես թե այնպես պետք է լինի, բայց այստեղ նկատվում է, որ ավելի որոշակի սկզբունք չեն ցանկացել կիրառել, և այստեղ իրականում ՀՀ իշխանություններն առաջնորդվելու են այն հնարավորություններով, որոնք ունենալու են այս կամ այն պահին։

Ընդհանուր առմամբ հասկանալի սկզբունքներ են, որոնցում տեսանելի է որոշակիության բացակայություն։ Հասկանալի չէ, թե ինչպես կշարունակվի ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայիս հանգրվանից հետո, և որքանով Հայաստանը կգնա հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ճանապարհով»,- ասաց Մաքֆարլեյնը։

Այս խորագրի վերջին նյութերը