Կարծիք

30.08.2019 12:55


Ժողովրդավարությունից զատ

Ժողովրդավարությունից զատ

Տեսնես՝ ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում:

Մի՞թե ոչ մի նոր` այլ բան այլևս հնարավոր չէ մտածել, հիմնավորել և առաջարկել աշխարհին: Ինչքա՞ն կարելի է այդ «ժողովրդավարություն» ասածը ծռմռել, թեքել, ճկել, ճյուղավորել, կցմցել ու պատվաստել:

Մի՞թե պարզ չէ, որ 21-րդ դարում, աշխարհի տեխնոլոգիական զարգացման այս խելահեղ արագացման պայմաններում, քիչ թե շատ իրական (համենայն դեպս` նախկինում աշխարհում ընկալված) ժողովրդավարությունը այլևս մնացել է խոր անցյալում:

Մի՞թե պարզ չէ, որ ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող «հանրային կարծիք» ասածը շատ վաղուց այլևս զուտ տեղեկատվական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) արդյունք է` ճշմարտությունից և իրականությունից շեղված ու կտրված, հանրությանը «ալտերնատիվ» իրականություն «փոխադրելու», և այնտեղ պահելու արդյունավետ եղանակ, դրանից բխող հետևանքներով:

Մի՞թե պարզ չէ, որ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների հասնող բնակչություն ունեցող երկրներում (ավելի փոքրերի մասին նույնիսկ հիշատակելն ավելորդ է) իրական ժողովրդավարության պայմաններում անհնարին կլիներ «զտարյուն» ամբոխավարների և նույնիսկ` մասնագիտությամբ ծաղրածուների առաջադրումն ու ընտրությունը:

Մի՞թե պարզ չէ, որ ընտրությունների գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներգրավումը հասարակություններին անվերադարձ հեռացրել է իրական ժողովրդավարության ընձեռած կարևորագույն և որոշիչ հնարավորությունից` արդար ընտրություններով առաջնորդներ ընտրելու իրավունքից:

Հարյուր տարուց ավելի է` սոցիալ-դեմոկրատիա, բայց իրականում` դիկտատուրա և ֆաշիզմ, դեմոկրատական ցենտրալիզմ, բայց իրականում` միակուսակցական տոտալիտար դիկտատուրա, լիբերալ-դեմոկրատիա, բայց իրականում` այլասերվածություն և քաոս, և այլն, և այլն:

Ամբողջ մարդկությունը, կարծես, «ժողովրդավարություն» կոչվող օղակի մեջ գտնվող սկյուռիկի վիճակում է հայտնվել:

Քաղաքագետնե՛ր ջան, մի նոր բան մտածե՛ք...
Դիմե՛ք փիլիսոփաներին, մարդաբաններին, հոգեբաններին, ֆիզիկոսներին, աստղաբաններին, ի՜նչ ուզում եք՝ արեք, բայց մի նոր բան մտածե՛ք:

Հասարակագիտական բոլոր գիտությունները, մասնավորապես իրավագիտությունը, պատմագիտությունը, ինչ-որ մասով՝ նույնիսկ տնտեսագիտությունն այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն են ընկել»:
Մի բան արե՛ք...

Մի շատ ընդհանրական դիտարկում զուտ մասնագիտական տեսանկյունից.
համեմատաբար կայուն դրական տնտեսական ցուցանիշներ և ազգային արժեքների պահպանում կարծես ապահովում են միապետ ունեցող երկրները, բայց իսկական, ազնվական միապետ ունեցողները, ոչ թե բռնապետ-միապետ կամ դրա պես մի բան: Բռնապետներն էլ են երբեմն կարճատև հաջողություններ գրանցել, եթե եղել են խելացի, ազգապաշտ ու հայրենասեր, չնայած պատերազմները մեծ մասամբ, ի վերջո, տանուլ են տվել:

Անարխիայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ, կարծես, չկա:

Մի բան մտածե՛ք, հարգելի՛ քաղաքագետներ, թե չէ նորից պիտի դիմենք փիլիսոփաներին, իսկ դա լավ տեղ չի տանի` «թաղելու են» ռացիոնալի և իռացիոնալի, մատերիայի ու իդեայի, և մնացած իրար հակասող տեսությունների մեջ:

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը