Մեկնաբանություն

30.08.2019 12:35


Ամուլսարը բացահայտեց «Իմ քայլի» գաղտնիքը

Ամուլսարը բացահայտեց «Իմ քայլի» գաղտնիքը

Նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությանը մասնակցեցին գրեթե բոլորը, բայց դրա արդյունքները սեփականաշնորհեց Նիկոլ Փաշինյանն ու սկսեց մսխել հանրային էներգետիկան։

Նա այնքան ագահ գտնվեց, որ «քցեց» բոլորին։

Փաշինյանը մեկ դերասանի թատրոն սարքեց խորհրդարանը և հիմա քաղում է իր արածների պտուղները։

«Իմ քայլը» խմբակցությունը չդիմացավ առաջին իսկ փոքրիկ փորձությանը։ Ամուլսարի հարցով այդ խմբակցությունն առնվազն երեք մասի է բաժանվել։ Մի մասը կողմ է, մյուս մասը՝ դեմ, երրորդները տեսակետ չունեն։ Դա գալիս է վարչապետից, քանզի նա չի կարողանում որոշում կայացնել ու «զադնի» է դնում բոլոր այն դեպքերում, երբ հարցը հստակեցման կարիք է ունենում։

«Իմ քայլը» պառակտվել է նաև այն պատճառով, որ դրա ցուցակը թողնում է «List.am»–ի հայտարարություններից հավաքված թիմի տպավորություն։ Թիմ, որի մեջ կան նաև արտաքին փայատերեր։

Ամուլսարը պարզապես առիթ էր, որպեսզի «Իմ քայլի» արտաքին փայատերերը Նիկոլ Փաշինյանին ատամ ցույց տային, բացահայտեին «կանաչով» «կանաչական» աշխատող իրենց դրածոներին ու հասկացնեին «ժողովրդի» վարչապետին, թե ով է տան իրական տերն ու հեղափոխության շարժիչ ուժը։

Նիկոլը հիմա տեսնում է, որ «Իմ քայլում» ինքը մի մասի փայատերն է։ Տեսնում ու նյարդայնանում է, բայց ճար չունի ու ստիպված մնացել է Արամ Զավենիչի հույսին։

Ամուլսարը բացահայտեց «Իմ քայլի» գաղտնիքը։ Այդ գաղտնիքը հետևյալն է՝ ԱԺ մեծամասնությունը 88–հոգանոց խումբ է, որի անդամների մեծ մասին կա՛մ նախապես սեփականաշնորհած են ուղարկել ԱԺ, կա՛մ այս պահին ով ասես՝ կարող է սեփականաշնորհել դրանց, և վերջում Նիկոլը կմնա տնեցիների ու «Հայկական ժամանակի» խմբագրակազմի անդամների հույսին, այսինքն՝ իր կողմից կլինեն Սիփանը, Հրաչյան, Հայկ Գևորգյանը և Վահագն Հովակիմյանը։ Մեկ էլ միգուցե այն «ատամնատեխնիկ» աղջիկը, ով հայտարարում էր, որ եթե Փաշինյանի կառավարության ծրագրում ընդամենը գրված լիներ, որ ամեն ինչ շատ–շատ լավ է լինելու, ապա ինքը, միևնույն է, կողմ կքվեարկեր այդ ծրագրին։ Թեև, ժանրի կանոնների համաձայն, այդ աղջիկն ու նրա նմանները առաջինը կլքեն Փաշինյանի խորտակվող նավակը։ Արդեն լքում են։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը