Կարծիք

30.08.2019 12:27


Արդյոք Հայաստանում կա՞ն խորհրդարանական ճգնաժամի նախադրյալներ

Արդյոք Հայաստանում կա՞ն խորհրդարանական ճգնաժամի նախադրյալներ

Բրիտանիայի 19-րդ դարի նշանակալի քաղաքական դեմքերից մեկը՝ վարչապետ Բենջամին Դիզրաելին, տվել է կուսակցության յուրահատուկ մի սահմանում․ «Կուսակցությունը կազմակերպված հանրային կարծիք է»։

Խորհրդարանը համարվում է ներկայացուցչական մարմին, այսինքն` կուսակցությունների միջոցով խորհրդարանում ներկայացվում են հանրության տարբեր շերտերի ու շահային խմբերի տեսակետները, այսինքն՝ կուսակցությունները հանդիսանում են իշխանության և հասարակության միջև կոմունիկացիայի խողովակներ։

Երբ մարդիկ որոշում են քաղաքականությամբ զբաղվել և դրա համար կուսակցություն են ստեղծում, ապա պետք է հենվեն հասարակության որոշակի շերտի վրա, որն ունի կազմակերպված կարծիք ու գիտակցված շահեր։ Կա նաև մեկ այլ մոտեցում, որը չի հակասում նախկին ասվածին․ կուսակցությունը ձևավորում և զարգացնում է հանրային կարծիքը, դրան տալիս է գաղափարախոսական տեսք, ձևակերպում է որևէ հանրային շերտի շահերը ու առաջարկում է նրանց շահերն ու պատկերացումները ներկայացնել խորհրդարանում։ Դա է քաղաքական գործունեության իմաստն ու նպատակը։

Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական շրջանում, որից հետո քաղաքական կյանքը սառչում էր մինչ հաջորդ ընտրությունները: Այսինքն, քաղաքական գործունեությունն ու կուսակցությունները չէին հենվում հանրային կարծիքի վրա, այլ զբաղված էին հանրությանը մոլորեցնելու գործով՝ դրանով գործող իշխանությանը մատուցելով ծառայություն՝ համապատասխան պարգևատրում ստանալու ակնկալիքով։ Իշխանությունն ու հասարակությունը կուսակցությունների միջոցով չէին հատվում, այլ յուրաքանչյուրն ապրում էր իր կյանքով փոխադարձ անվստահության պայմաններում։ Այդ ժամանակ ամեն ինչ հասկանալի էր՝ երկրում կար պետական նոմենկլատուրայի և խոշոր բիզնեսի դաշինք, որը ներկայացնում էր իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, իսկ մյուս կուսակցությունները փորձում էին օգտագործել հանրության մեջ առկա տարերային դժգոհությունները, որը կարելի է ներկայացնել կարճ ձևով՝ «իշխանափոխության պահանջ»։ Ընդդիմադիրները, շահարկելով այդ պահանջը, խորհրդարանում տեղ զբաղեցնելուց հետո համագործակցում էին ՀՀԿ-ի հետ։ Սա Հայաստանի քաղաքական կյանքի պարզունակ, բայց բովանդակային ներկայացումն էր։

Հանրային երազանքի՝ «իշխանափոխության պահանջի» իրականություն դառնալուց հետո հանրությունը և քաղաքական դաշտը հայտնվեցին ինտելեկտուալ կոմայի մեջ. իսկ ո՞րն է հաջորդ քայլը։

ԱԺ վերջին ընտրություններից հետո չկա այնպիսի զգացողություն, որ ԱԺ ընտրություններին մարդիկ վերաբերվեն որպես մի համաժողովրդական ակտի, որը կկանխորոշի ապագա 5 տարիների քաղաքական դրվածքը: Ընտրություններն ունեին ինչ-որ արհեստական բնույթ՝ հիմնված հեղափոխություն-հակահեղափոխություն կեղծ թեզի վրա, որտեղ «հեղափոխության» գաղափարն այդպես էլ չբացահայտվեց. ի՞նչն է հեղափոխվել։

Այդ արհեստականության զգացողությունը, կարծես թե, հենց նրանով է պայմանավորված, որ կուսակցությունները չեն ներկայացնում հանրության մեջ գոյություն ունեցող «կազմակերպված կարծիքները», իսկ եթե անկեղծ լինենք, նման «կարծիքներ» չկան էլ։

«Ի՞նչ անել» էքզիստենցիալ հարցադրման տարբեր պատասխանների վրա պետք է կառուցվեր քաղաքական դաշտը։ Այդ հարցադրման պատասխանների վրա հիմնված` տարբեր օրակարգեր ներկայացնող քաղաքական կազմակերպությունները պետք է խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար միմյանց հետ մրցակցեին։

Վերադառնանք Լորդ Դիզրաելի ձևակերպմանը․ ի՞նչ գաղափարներ են այսօր շրջանառվում հանրային դիսկուրսում։ Դրանք են՝ Ամուլսարի խնդիր, Արցախի խնդիր, տնտեսական խնդիրներ, Ստամբուլյան կոնվենցիա, «թալանածը հետ բերելու» խնդիր։ «Արևմտամետ-ռուսամետ», «սերնդափոխություն», «լեգիտիմ, ոչ լեգիտիմ» գաղափարները կարծես թե շրջանառությունից արդեն դուրս են եկել։

Իշխող և ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունները կարծես թե շրջանառության մեջ գտնվող հարցերում հստակ դիրքորոշում չեն կարողանում ձևավորել. այս առումով խոսել կուսակցությունների և ԱԺ խմբակցությունների մասին՝ որպես «կազմակերպված հանրային կարծիք» նեկայացնող ուժերի, կարծես թե վաղաժամ է։ Իսկ այս պարագայում առաջանում է հարց՝ իսկ հանրության ո՞ր շերտերի շահերն է ներկայացնում գործող ԱԺ–ն։ Եթե այս հարցը պատասխան չունի, ապա արդյոք կարելի՞ է խոսել գործող ԱԺ-ի լեգիտիմության մասին։ Օրինականության հարցը չի վիճարկվում։ Լեգիտիմությունն, ի տարբերություն լեգալության՝ օրինականության, չափվում է տվյալ պահին հանրային աջակցության աստիճանով, ինչն օրինականության հետ կապ չունի։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը