Քաղաքական

29.08.2019 20:40


Բանակցային գործընթացը տարվա ընթացքում եղել է բավական դինամիկ. ԱԳ նախարար

Բանակցային գործընթացը տարվա ընթացքում եղել է բավական դինամիկ. ԱԳ նախարար

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այս տարվա ընթացքում եղել է բավական դինամիկ, և սա արտահայտում է այն մտադրությունը, որ հայկական կողմը միշտ շատ պարզ արտահայտել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ադրբեջանի արտգործնախարարությունն է արձագանքել հայատյաց քաղաքականության մասին Ձեր վերջին գնահատականներին՝ կարծիք հայտնելով, թե Հայաստանը հակամարտության շուրջ իրավիճակ է սրում»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ ԱԳ նախարարն ասել է.

«Մենք կարծես թե բավական հետևողական ենք մեր դիրքորոշումներում. մենք խոսել ենք կարգավիճակի մասին: Նկատեցի որոշ մեկնաբանություններ, որ մենք առավել բացել ենք այդ շրջանակները: Կարծես թե մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու սրա մասին: Բացել ենք, ավելի լայն ենք խոսել, ընդարձակ ենք խոսել, բայց միշտ նույն բանի մասին ենք խոսել. մեզ համար բանակցային գործընթացը շարունակական է, մենք ունենք մեր մոտեցումները, մեր դիրքորոշումները, մենք խոսել ենք մոտեցումների, դիրքորոշումների համադրության, հանձնառությունների հավասարարժեքության անհրաժեշտության մասին, մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում կարգավիճակ, ինչ է նշանակում անվտանգություն, ինչ է նշանակում «խաղաղությանը այլընտրանք չկա», ինչ է նշանակում «բարենպաստ միջավայր», ինչ է նշանակում «Արցախի մասնակցություն»: Այս ամենի մասին խոսել ենք: Կարող եմ նորից անդրադառնալ իմ ելույթին, վարչապետի ելույթին: Վարչապետը դրա մասին խոսել է Ստեփանակերտում առաջարկած կոնսենսուսների շարքում. «Կոնսենսուս համար 6»-ում ինքն անդրադարձել է շատ հստակ: Այդ առումով մենք չափազանց հետևողական ենք:

Այդ բոլոր մեկնաբանություններն առավել անընդունելի են, երբ որ անցնում են քաղաքավարության չափերը, բայց, համենայն դեպս, մենք հետևողական ենք, և մենք շատ հանգիստ աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»:

«Դուք կարծում եք, որ վերջին մեկնաբանությունները սրման վերաբերյալ անցե՞լ են քաղաքակրթության չափը»,- լրագրողի ճշտող հարցին Մնացականյանը պատասխանել է. «Դուք ո՞րն եք ասում, Ստեփանակերտից հետո՞: Ինձ համար անընդունելի են», իսկ լրագրողի ճշտումից հետո, որ խոսքն ԱԳ նախարարի վերջին ելույթից հետո հնչած մեկնաբանության մասին է՝ ավելացրել. «Ես չեմ էլ ուզում առանձնապես մեծ նշանակություն տալ, որովհետև դա նշանակում է մտնել մի դաշտ, որն ինձ համար հետաքրքիր չէ»:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է այժմ բանակցային գործընթացը, Մնացականյանը նշել է.

«Բանակցային գործընթացը, իմ գնահատմամբ, այս տարվա ընթացքում եղել է բավական դինամիկ, և սա արտահայտում է այն մտադրությունը, որը մենք միշտ շատ պարզ արտահայտել ենք»:

«Այս պահին սառնություն չե՞ք տեսնում»,-լրագրողի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԳ նախարարն ասել է.

«Մենք մտադրություն չունենք: Մենք անցյալ տարվա մայիսից սկսած որևէ ընդմիջում չենք վերցրել, որևէ խնդիր չենք ունեցել, անմիջապես ներգրավվել ենք: Եվ այդ առումով մենք ծրագրում ենք մոտակա ժամանակներս, որը նորից պետք է հայցեմ Ձեր ներողամտությունը, պետք է արտահայտենք միաժամանակ, համաձայնեցված կարգով»:

ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ երկրի ղեկավարների մակարֆակով հանդիպում այս պահին չի ասի, որ ծրագրվում է։ «Մենք շարունակում ենք աշխատել, այժմ մեր նպատակը այդ երկխոսությունն արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակելն է»,- եզրափակել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը