Կարծիք

29.08.2019 15:15


Ո՛չ խելք ունեն, ո՛չ մեղք

Ո՛չ խելք ունեն, ո՛չ մեղք

«Նոր Հայաստանի» վիրտուալ թագավորությունում քաոս է եւ իրարանցում. շունը տիրոջը չի ճանաչում, հենասյուները ճռռում են, պատերը ճաքեր են տալիս, ոտքերի տակ հողը այրվում է, «արքան» թագավորական կայֆերի մեջ է։

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ բորբոքվող հրդեհը մի կերպ մարեցին`հետաձգեցին հաջորդ տարվան, Ամուլսարի շահագործման հետ կապված որոշում չեն կարողանում կայացնել, առջեւում հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլն է, Արցախի հարցում` «կատարյալ» անորոշություն, Փաշինյանի «տանձին» չի. նա իր համար բացահայտում է աշխարհը...

Տիկնոջ, կրտսեր դստեր, թիկնապահների հետ «ճանաչողական այց» է կատարում Երեւանի փոքր կենտրոն, «տեղում» լուծում Կարապի լճի կղզու «ապաշրջափակման» հարցը, ժողովրդից հանիրավի «օտարված» այդ գողտրիկ անկյունը վերադարձնում օրինական տիրոջը, հիշում ջահելությունը, ափսոսում, որ «ընդդիմադիր» ժամանակ` գիտակցական ողջ կյանքում, չի վայելել այստեղ գտնվելու բերկրանքը (կարո՞ղ էիք պատկերացնել երեւանյան կամ, այսպես ասենք, Երեւանում ապրող որեւէ ընտանիք, որտեղ երեխաներին ոչ մի անգամ Կարապի լիճ չեն տարել)։

Այդ ամենը, բնականաբար, տեսաձայնագրվում եւ հեռարձակվում է հերթական «լայվի»`ՖԲ ուղիղ եթերում, վարչապետական զույգի ցաքուցրիվ, տեղ-տեղ` հակասական, կցկտուր մեկնաբանություններով, քնարական զեղումներով, ինքնագովազդով եւ մայրաքաղաքի սրճարաններից մեկում նախատեսված երաժշտական «դարակազմիկ» մի միջոցառման գովազդով համեմված։ Ու ներկայացվում որպես Հայաստանի երկկողմանի շրջափակումը վերացնելուն հավասար մի բան, իրեղեն ապացույց, որ երկրում ամեն ինչ կարգին է, հորիզոններնանամպ են, կյանքը`ուրախ ու զվարթ։

Մնում է հետեւել տեր եւ տիկին Փաշինյանների կոչին՝ սիրել, կարոտել, գուրգուրել եւ ըմբոշխնել Երեւանի յուրաքանչյուր սանտիմետրը, ինչպես իրենք են սիրում, կարոտում, մտովի գուրգուրում, հազարից մեկ` ըմբոշխնում, քիթը հանելով կաբինետի, կառավարական դաչայի անձուկ տարածքից կամ ավտոմեքենայի պատուհանից։
Չգիտես էլ` ինչ ասել... սրանք իրոք անմեղսունա՞կ են, թե ընդամենը ձեւացնում են։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը