Կարծիք

29.08.2019 20:04


Քաղաքականության մեջ հենց այնպես չեն հաջողում

Քաղաքականության մեջ հենց այնպես չեն հաջողում

Քաղաքականության մեջ, կլինի կազմակերպություն, թե անհատ, հաջողում է նա, ով կարողանում է 3 գործոններ արդյունավետ համադրել միմյանց՝
1. հանգամանորեն մշակված պլանը,
2. անշտապ համառությունը,
3. ռացիոնալությունը։

Չունենալով հանգամանորեն մշակված գործողությունների պլան (մարտավարական վերակերպումների մի քանի տարբերակներով)՝ հաճախ քաղաքականության մեջ փորձում են խնդիրներ լուծել հանկարծակի «պոռթկումներով», չպատճառաբանված հայտարարություններով ու գործողություններով, դեմագոգությամբ: Սա տեղի է ունենում մեր աչքի առաջ, երբ գիտենք, օրինակ, 2050թ. ինչ ենք «ունենալու», բայց չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ վաղը չէ մյուս օրը:

Հանգամանորեն մշակված գործողությունների պլանը պահանջում է համառություն, որը պետք է լինի հաշվարկված, այլապես մեծանում է վտանգը, որ այն կվերածվի անհավասարակշիռ և արկածախնդիր վարքագծի:
Համառությունը պետք է լինի անշտապ և հիմնավոր:
Վերջին 15 ամիսների ընթացքում ամենուր ականատես ենք լինում վարչապետի վարքագծում դրսևորվող շտապողական, անհավասարակշիռ և արկածախնդիր համառության: Այն դրսևորվում է հայտարարությունների հակասականության, ոչ կոռեկտ արտահայտությունների (վնգստացող դատավորներ), ասֆալտներին փռելու և բալանդա վերցնելու կոչերի տեսքով:
Հաճախ քաղաքականության մեջ փորձ է արվում խնդիրները լուծել անսանձ ուժի կիրառմամբ (կլինի վերևից՝ վարչական ճնշում, թե ներքևից՝ ժողովրդական զանգվածի ճնշում) ու, որպես կանոն, երկարաժամկետ առումով բախվում է ձախողման:

Չունենալով հանգամանորեն մշակված գործողությունների պլան, չունենալով դրա իրագործման համար անհրաժեշտ անշտապ համառություն՝ հաճախ անհնար է դառնում պարզապես զանազանել ցանկալին հնարավորից: Ռոմանտիզմն արթնացնում է կրքեր և ցանկություն, բայց, միևնույնն է, իրերի իրական վիճակը գնահատել հնարավոր է բացառապես ռացիոնալ պատկերացումների դաշտոմ: Այստեղից է, որ «հեղափոխական» հարթակից զանգվածին փոխանցված ռոմանտիկ իղձերը բախվելով իրականությանը՝ աստիճանաբար կորցնում են իրատեսականությունը, իրագործվելու հավանականությունը:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը