Կարծիք

29.08.2019 13:50


Ռ. Քոչարյանին հասցեագրվող մեղադրանքի իրավական սնանկությունը: Հիշեցումներ, հարցադրումներ, հետևություններ

Ռ. Քոչարյանին հասցեագրվող մեղադրանքի իրավական սնանկությունը: Հիշեցումներ, հարցադրումներ, հետևություններ

Օգոստոսի 29-ին Սահմանադրական Դատարանը երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գործով պետք է կայացներ նիստ, որը ՍԴ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն հետաձգվել է՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից: ՍԴ նիստում կայացված որոշումը կարող է դառնալ վերջին 13 ամիսների ընթացքում այս գործով կայացված կարևորագույն որոշումը: Հետևաբար, որպեսզի «Մարտի 1»-ի գործին վերաբերող պատկերացումը լինի ամբողջական, կա անհրաժեշտություն՝ մեկ անգամ ևս բովանդակային դիտարկման ենթարկելու այն:

1. Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը` սահմանադրական կարգի տապալում, զուրկ է իրավագիտական որոշակիությունից: Հանրային դիսկուրսը՝ «եթե սահմանադրական կարգն իսկապես տապալվել է, ապա ե՞րբ է վերականգնվել» հարցադրման շրջանակներում, այսօր էլ շարունակում է ակտուալ մնալ՝ դրանից ածանցվող մի շարք այլ հարցերով: Օրինակ՝ սահմանադրական կարգի տապալման ժամանակահատվածում տեղի ունեցած գործընթացները օրինաչափ են ու իրավաչա՞փ են, թե՞ ոչ:

2. Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը որևէ առնչություն չունի «Մարտի 1»-ի 10 զոհերի սպանության հանցակազմի հետ: Եթե ավելի պարզ ասենք, երկրորդ նախագահը չի մեղադրվում 10 զոհերի սպանության համար (հետևաբար, դատավարությունը որևէ առնչություն չունի սպանությունների հանգամանքները պարզաբանելու հետ), այլ մեղադրվում է, ինչպես արդեն նշեցինք, որոշակիությունից զուրկ արարքի համար, որին նախընտրել են տալ սահմանադրական կարգի տապալում անունը:

3. Ինչո՞ւ է Քոչարյանին առաջադրված մեղադրանքից առանձնացված 10 զոհերի սպանության հանցակազմը: Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Վստա՞հ չեն զոհերի սպանության հանգամանքների հարցում, թե՞ կարող է հանկարծ պարզվի, որ եթե չլինեին նախագահի և պաշտպանության նախարարի կողմից ձեռնարկված արտակարգ միջոցառումները, ողբերգության շրջանակը կարող էր և ավելի մեծ լինել:

2012թ մայիսի 15-ին «Մարտի 1»-ի գործով առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի շահերի ներկայացուցիչը գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մերժվել: Եվրոպական դատարանը ոչ միայն չհիմնավորված էր համարել Քոչարյանին հասցեագրված մեղադրանքը (Լ.Տ-Պետրոսյանի ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակում), այլև հաստատել էր, որ նախագահի բոլոր գործողությունները, տրված հանձնարարականները համապատասխանել են 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ վերջինիս հատկացված լիազորություններին: Քննելով նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը՝ անգամ այստեղ ՄԻԵԴ-ը չի արձանագրել, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող որոշումները հակասել են Մարդու իրավունքների կոնվենցիայի սկզբունքներին և նորմերին:

4. Եթե ողբերգությունը արդյունք է հակադիր առնվազն քաղաքական 2 բևեռների բախման, որի արդյունքում եղան զոհեր ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմից, ինչո՞ւ է պատասխանատվության սլաքն ուղղված կողմերից մեկի վրա: Կամ, եթե անգամ համոզված լինենք, որ ի սկզբանե կողմերից և ոչ մեկը ողբերգական ելքով ավարտը որպես միջոց չէր դիտարկում, այնուհանդերձ, չենք կարող շրջանցել այն հարցը, թե զարգացումների նման տրամաբանությունն ո՞ւմ համար էր առավել շահավետ` նախագահի՞, ում պաշտոնավարմանը մնացել էր 1 ամիս ժամանակ, թե՞ հակադիր բևեռի թեկնածուի, ով բարձր քաղաքականության մեջ մնալու վերջին հնարավորություններն էր որոնում: Ժամանակը հետագայում վերահաստատեց Տեր-Պետրոսյանի քաղաքական գահավիժման անխուսափելիությունը: 2012թ. խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժերի դաշինքը ստացավ 7.5%, իսկ հաջորդ` 2017թ. ընտրություններում՝ 1.65%:

5. Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը դատապարտող հոդված (300.1) 2008թ. ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել, եղել է այլ բովանդակության 300 հոդվածը, որը վերաբերում է իշխանությունը յուրացնելուն: Եվ քանի որ 2008թ.-ին` պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, Սահմանադրությամբ սահմանված կարգով դադարել են նախագահ Քոչարյանի լիազորությունները, հետևաբար կարո՞ղ էր յուրացման մասին ընդհանրապես խոսք գնալ: Հիշեցում`արարքը համարվում է քրեորեն պատժելի, եթե կատարման պահին Քրեական օրենսգրքում առկա է արաքը դատապարտող համապատասխան դրույթ, կամ հետագայում ընդունված հոդվածը նախորդ դրույթի համեմատ՝ պատասխանատվությունը վատթարացնող չէ:

6. Ռ. Քոչարյանին մեղսագրված 300.1 հոդվածը ընդունվել է ոչ միայն դեպքից մեկ տարի անց` 2009թ. մարտին, այլև նախորդ դրույթի համեմատ պատասխանատվությունը խստացնող է: Ի դեպ, 2008թ. 300 հոդվածի շրջանակներում հարուցված «7-ի գործ»-ով մեղադրյալների (Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան ) դեպքի կապակցությամբ 2009 թ. դատախազական խումբը որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ` հիմք ընդունելով հենց այն հանգամանքը, որ 300.1 հոդվածը համեմատած 2008 թ. նորմի հետ՝ վատթարացնող է։

7. Մի՞թե իրավաչափ է, երբ դեռ մեկ տարի առաջ ամենաբարձր քաղաքական հայտարարության տեսքով հնչեցվում է, թե մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է այն դեպքում, երբ ընթանում է քննություն, երբ կողմերից մեկի նկատմամբ ընդամենն առաջադրված է մեղադրանք, որը դատական կարգով դեռևս պետք է հիմնավորվի: Հարց է առաջանում՝ 10 զոհերի սպանության հանգամանքն առնչություն ունի՞ «ըստ էության ողջ ծավալով բացահայտված» գործի հետ, եթե այո, ապա ովքե՞ր են կատարողները, եթե ոչ, այդ դեպքում ի՞նչն է բացահայտված:

8. Վերջապես, եթե գործընթացը ծավալվում է արդարադատության համակարգի շրջանակներում, արդյոք պե՞տք է լինի այլ պահանջ, քան արդարության հաստատման ձգտումն է: Եվ արդյոք «հեռախոսային արդարադատության» հայտնի դրվագները, «անցանկալի» որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ տարաբնույթ ճնշումներն ու հետապնդումները, վեթթինգով ու անցումային արդարադատության մեխանիզմներով անուղղակի սպառնալը, «առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու» հորդորները, ՍԴ դատավորներին արված ապօրինի «առաջարկությունները», «ինքնահռչակման» երևույթները և այլն, իրենց մեջ արտացոլո՞ւմ են արդարության հաստատման ձգտումներ:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը