Լրահոս

22.04.2010 12:42


Հայ-թուրքական գործընթացը տապալվե՞ց

Հայ-թուրքական գործընթացը տապալվե՞ց

ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների' ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը' ընդգծելով դրա բացառիկ կարևորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում:

Հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը:

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես' վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից: Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, և որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի' դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը' մինչև թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը