Քաղաքական

28.08.2019 17:01


«Թատերականացված ձերբակալությունները այլևս ոչ ոքի հետաքրքիր չեն». Արամ Հարությունյան

«Թատերականացված ձերբակալությունները այլևս ոչ ոքի հետաքրքիր չեն». Արամ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանի վերջին փամփուշտը կլինի մահափորձի բեմադրումը, թատերականացված ձերբակալություններն այլևս ոչ ոքի հետաքրքիր չեն: Հասարակությունը տեսարաններ և հաց է սիրում, և քանի որ հացի հարցը Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծել, փորձում է տեսարաններ ապահովել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Արամ Հարությունյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը «Նիկոլ Փաշինյան քաղաքական շոումենի» վերջին փամփուշտներից մեկի օգտագործման տրամաբանության շրջանակում է՝ հատկապես Ամուլսարի հարցից շեղելու նպատակով, բայց հասարակության համար թատերականացված ձերբակալություններն այլևս հետաքրքիր չեն։

«Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռևս հեղափոխության սկզբից էլ խոսակցություններ կային: Հասկանալի է, որ այն ժամանակ համաձայնություններ են ձեռք բերել իշխանությունը, իսկ համաձայնություններն էլ հենց այնպես չեն կայանում:

Համոզված եմ, որ կրկին համաձայնության կգան, որովհետև Նիկոլ Փաշինյանի մոտ շատ լավ է ստացվում նախկին իշխանությունների ժամանակ հարստացած մարդկանց հետ լեզու գտնելու գործընթացը: Ըստ օդում կախված լուրերի՝ ում ինքը և ԱԱԾ-ն հանգիստ են թողել, ուրեմն գործարք է տեղի ունեցել, բյուջե վերադարձ է արվել, բայց ասում են՝ մուծվել են նաև սև դրամարկղ»,-մանրամասնեց նա:

Արամ Հարությունյանն ասաց, որ երկրի ղեկավարի միակ ֆունկցիան չպետք է լինի զբաղվել նախկին իշխանությունների ժամանակ ենթադրաբար հանցագործություն կատարած մարդկանց պատժելու գործընթացով, այլ պետք է զբաղվի երկրի զարգացմամբ, ինչը չի ստացվում, չկա տեսլական:

«Իշխանության են եկել հիմնականում դրսի ուժերի աջակցությամբ, Նիկոլ Փաշինյանի սեփական դեմք չունի Լևոն Տեր-Պետրոսյանի և Սորոսի պրոֆիլներն են: Հասարակությունը տեսարաններ և հաց է սիրում, և քանի որ հացի հարցը չեն կարողանում լուծել, փորձում են տեսարաններ ապահովել, բայց այլևս հետաքրքիր չէ, այդ լիմիտն էլ է սպառվում, եթե Գագիկ Խաչատրյանին անցած տարի ձերբակալեին, հնչեղ կլիներ: Նիկոլ Փաշինյանը տրամաբանության հետ կապված խնդիր ունի․ լրագրող և խմբագիր եղած ժամանակ սենսացիաների վրա է շեշտ դրել, հետո գնացել է գործարքի, նորից է գրել, ծեծ կերել, նորից է գրել: Հիմա ծեծ ուտելու հարցը փակված է, արդեն պաշտպանված է պետության կողմից: Հիմա հին մասնագիտությամբ է զբաղված»,-նկատեց նա:

Արամ Հարությունյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին փամփուշտը կլինի մահափորձի բեմադրությունը, բայց պետք է այդ հարցում զգույշ լինի, շատերին չի համոզի:

Այս խորագրի վերջին նյութերը