Քաղաքական

27.08.2019 21:12


«Կարծում եմ՝ արդեն միացել է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը». Շահնազարյան

«Կարծում եմ՝ արդեն միացել է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը». Շահնազարյան

Ամուլսարի հանքավայրի շահագործել-չշահագործելու հարցում ներքին տարակարծություններն այս փուլում չեն բերի իշխանության տապալման: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: Բայց դրա հետ մեկտեղ՝ վարչապետ Փաշինյանը կանգնել է մի շարք խնդիրների առաջ:

Դավիթ Շահնազարյանն ընդգծում է, որ Հայաստանում իշխանությունը հիմա մեկ անձ է`ի դեմս վարչապետ Փաշինյանի: Եվ ահա, այդ իշխանությունը, ինչպես կարծում է մեր զրուցակիցը, լրջագույն հանցագործություն է կատարում պետության դեմ՝ չկարողանալով որոշում ընդունել Ամուլսարի հարցում:

«Տևական ժամանակ, հիմա արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ամուլսարը փակված է, չի գործում, իսկ իշխանությունը անընդհատ փորձում է, ինչպես մյուս բոլոր հարցերում, խուսափել պատասխանատվությունից և լուծում չտալ: Անկեղծ ասեմ` ինձ համար ակնհայտ էր, որ կառավարությունը կամ Փաշինյանը որոշելու է բացել Ամուլսարը»,-ասում է Շահնազարյանը ու հավելում, որ իր այդ ամբոխահաճությունը, պոպուլիզմը, որն իր քաղաքական գործունեության հիմքն է, ուղղորդող բաղադրիչը, հանգեցրեց այս վիճակին:

Հիշեցնելով անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոստումները՝ փակել Ամուլսարը, զրոյացնել վարորդների տուգանքները և այլն, Շահնազարյանը նկատում է, որ հիմա Փաշինյանը կանգնել է մի խնդրի առաջ, որ նույնիսկ այն շերտերը, որոնք իրեն պաշտպանել էին Ամուլսարի հարցով ընդվզեցին:

«Սա, այսպես կոչված, հեղափոխության ներքին խնդիրն է: Ինչպես ուզում են, այնպես էլ թող լուծեն: Ակնհայտ է, որ Ամուլսարը բացվելու է»,-ասում է Շահնազարյանը:

Նրա կարծիքով` Ամուլսարի հարցը այլ կազմակերպություններ օգտագործելու են Փաշինյանի վրա ճնշում գործադրելու և որոշակի դիվիդենտներ ստանալու համար, հասկանալի է` ըստ իրենց շահերի:

Ժողովուրդը, ինչպես նկատում է Շահնազարյանը, վաղուց է սկսել էյֆորիայից դուրս գալ. «Իսկ նման հարվածներ դեռ շատ է տանելու իշխանությունը, որովհետև Փաշինյանը դեռևս մնացել է 2018 թ.-ի ապրիլի 22-ի վիճակում: Բայց ինքը շատ լավ հասկանում է նաև, որ այն սատարումը, որն ուներ լայն զանգվածների կողմից, հիմա չկա»,–կարծում է Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ հասարակությունն իսկապես սկսել է արթնանալ, և դա ամենամեծ վտանգն է Փաշինյանի իշխանության համար. «Ես կարծում եմ, որ արդեն միացվում է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը: Արդեն այն միացվել է»:

Ազգային անվտանգության պատասխանատու պետական կառույցը ժամանակին ղեկավարած գործիչը անհանգստանալու հիմնավոր պատճառներ է տեսնում մեկ այլ առումով ևս, որ Փաշինյանի կառավարությունը, ընտրությունները դիտարկելու պատրվակով, օտարերկրյա գրանտային սնուցմամբ սորոսական կազմակերպություններ է մտցնում Արցախ, ըստ որում, դրա համար նրանց հատկացնելով հարկատուների միջոցները: Խոսքը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» և հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպություններին կառավարության պահուստային ֆոնդից 33,6 մլն դրամ հատկացնելու մասին է:

Դավիթ Շահնազարյանը նաև նկատում է, որ, օրինակ, նույն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը, որ հակակոռուպցիոն նպատակադրումներ է հետապնդում, այս ընթացքում ոչինչ չի ասել Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:
«Դա այն դեպքում, երբ նախորդ բոլոր կոռուպցիոն մեխանիզմները պահպանվել և զարգացվել են, բացի դրանից, առնվազն 3 նոր կոռուպցիոն մեխանիզմ է ստեղծել Փաշինյանը»,-նշում է զրուցակիցը` որպես նոր կոռուպցիոն մեխանիզմ հիշատակելով վարչապետի տիկնոջ նախաձեռնած հիմնադրամները, որոնք համարում է փակ և անթափանց կառույցներ:

Ասել կուզի, որ գործ ունենք այսպես կոչված «նոմենկլատուրային քաղհասարակության» երևույթի հետ: Մյուս կողմից, Դավիթ Շահնազարյանը ուշադրություն է հրավիրում «Բաց հասարակության հիմնադրամներ» կամ Սորոսի հիմնադրամների հայաստանյան կառույցի ղեկավարի արած հայտարարությանը, որ իրենք ակտիվորեն աջակցել և օժանդակել են տեղի ունեցած իշխանափոխությանը:

«Սա ուղղակիորեն դրսի միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին»,–ասում է քաղաքական գործիչը: Նա կարծում է, որ սրան պետք է շատ խիստ գնահատական տալ, ընդհուպ՝ արգելել կազմակերպության գործունեությունը Հայաստանում, հաշվի առնելով, թե ինչ ուղղություն են տանում այդ կազմակերպությունները։

Այս խորագրի վերջին նյութերը