Մեկնաբանություն

27.08.2019 17:30


Ինչո՞ւ հիշեցին Գագիկ Խաչատրյանին

Ինչո՞ւ հիշեցին Գագիկ Խաչատրյանին

Եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ոմանք հավատում էին, որ նա հավատարիմ է մնալու իր խոստումներին, այն է՝ քաղաքական վենդետտաներ չի իրականացնելու, դատարանների աշխատանքներին չի միջամտելու, անշահախնդիր ու քաղաքական ենթատեքստից դուրս հակակոռուպցիոն պայքար է տանելու, ապա հիմա միայն ավարտված պողոսներն են այդ ամենին հավատում ու պաշտպանում նրա քայլերը:

Ողջամիտ ու չպողոսացված զանգվածի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը կոպտորեն միջամտում է դատական որոշումների կայացմանը (Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հայտնի հեռախոսազրույցներն ասվածի վառ ապացույցն են), քաղաքական հետապնդումներ է իրականացնում՝ անձնական վրեժխնդրությունից ու բարդույթներից ելնելով, հակակոռուպցիոն պայքար է մղում կասկածելի մեթոդներով ու կասկածելի նպատակներով:

Նիկոլի համար քաղաքական հնչեղություն ունեցող քրեական գործերը ծառայում են երեք հիմնական նպատակի՝

1. սեփական վարկանիշի գահավիժումը դանդաղեցնելուն,

2. շանտաժի միջոցով փող հավաքելուն, ընդ որում՝ ոչ թափանցիկ տարբերակով,

3. հանրային դժգոհությունների գոլորշին բաց թողնելուն:

Ամուլսարի հետ կապված՝ Փաշինյանը դժվար դրության մեջ է հայտնվել: Եթե թույլ տա հանքի շահագործումը, ապա խնդիրներ կունենա: Եթե թույլ չտա «Լիդիանին» աշխատել, ապա կրկին խնդիրներ կունենա:

Առաջին անգամ պողոսները սկսել են հավատալ այլ դեմագոգների ու հայհոյել Նիկոլին: Դա է պատճառը, որ «ժողովրդի» վարչապետը չի կարողանում որոշում կայացնել:

Նրան հիմա մեկ այլ աղմուկ է հարկավոր Ամուլսարի աղմուկը խլացնելու համար: Եվ ահա, այդ աղմուկն ապահովելու համար ԱԱԾ-ին կրկին ներգրավում են քաղաքական գործընթացներ:

Բանն այն է, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի դեմ են գործողություններ իրականացվում: Խուզարկվում է նրան պատկանող սեփականությունը, ու չի բացառվում, որ նրան ձերբակալելու որոշում կայացվի:

Պարզից էլ պարզ է, որ հենց այսօր այսպիսի գործ պետք էր Նիկոլին զուտ քարոզչական ու քաղաքական նպատակներով: Նիկոլին հնչեղություն է պետք և թամաշա: Իսկ թե կողքից էլ ինչքան փող կկպնի, արդեն այլ հարց է: Դա հետագայում կիմացվի՝ Փաշինյանի դեմ հարուցվելիք կոռուպցիոն գործի շրջանակներում:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Եթե հիշում եք, նախորդ տարի Փաշինյանը մեծ պաթոսով հայտարարեց, որ իրենք բացահայտել են «դարի կաշառքի» գործը և մեղադրանք են ներկայացնելու բարձրաստիճան պաշտոնյայի՝ նկատի ունենալով նախկին նախարար և պատգամավոր Արամ Հարությունյանին:

Հետո ենիչերի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեծ աղմուկով մտավ ԱԺ, որպեսզի Արամ Հարությունյանին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Դա այն ժամանակ էր, երբ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության փուլն էր, ու Նիկոլին «Պայքարում ենք կոռուպցիայի դեմ» շոու էր պետք:

Բոլորն էլ գիտեին, որ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտ ձայները չեն հավաքվելու (այդ նիստին անգամ նիկոլական պատգամավորները չէին եկել), բայց Նիկոլին աղմուկն էր պետք, որպեսզի դրանով կերակրի պողոսներին ու տոկոս «խփի»:

Ունեցանք նոր ԱԺ, իսկ Հարությունյանը հիմա երկրից դուրս է, ու աղմուկը «դարի կաշառքի» մասին մարել է: Երկու վարկած կա, թե ինչու է մարել՝

1. իրականում ոչ մի «դարի կաշառք» էլ չկար, պարզապես Նիկոլն ուզում էր շոու անել,

2. Հարությունյանից փող են վերցրել, գործը փակել ու գործարքի արդյունքում նրան թույլ տվել հեռանալ Հայաստանից:

Թե որ վարկածն է ճիշտ, կրկին կիմացվի «հերձումից» հետո՝ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվելիք քրեական գործի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը