Կարծիք

27.08.2019 08:51


Վերջին երեսուն տարվա կտրվածքով Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել արտաքին միջամտությունների համար

Վերջին երեսուն տարվա կտրվածքով Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել արտաքին միջամտությունների համար

Ժամանակակից քաղաքական տեսություններում կարևոր տեղ է զբաղեցնում «agenda-setting» (օրակարգի ձևավորման) տեսությունը։ Ամերիկացի հետազոտող Բերնարդ Կոհենը այսպես է ձևակերպում այդ տեսության իմաստը․ «Մամուլին քիչ է հաջողվում մարդկանց թելադրել, թե ինչպես մտածեն, սակայն, մեծ հաջողությամբ, կարողանում է նրանց փոխանցել, թե ինչի մասին մտածեն»։ Հաճախ տեղեկատվության տրամադրման իմաստը ոչ թե մարդկանց իրազեկելն է, այլ ճիշտ հակառակը՝ շեղելը բուն խնդիրներից։ Տեղեկատվության հսկա «ալիքները» ապակողմնորոշում են մարդկանց, նրանց զրկում էական խնդիրների վրա կենտրոնանալուց, ինչպես նաև ներքաշում անիմաստ քննարկումների մեջ։

Դրա վառ օրինակներից է Տավուշում ՊՆ-ի հայտարարությունը դիրքերի առաջխաղացման մասին, կառավարությունում չծխողների, զինվորականների աշխատավարձերի բարձրացման համար նախատեսվող գումարի չափի մասին խոսակցությունները (ինչը կարևոր պետական գաղտնիք է), որոնց նպատակն ակնհայտ կերպով հանրության ուշադրությունն Ամուլսարի խնդրից շեղելն էր։

Տեղեկատվությունը դառնում է հանրային կարծիքը և ուշադրությունը մանիպուլացնելու գործիք։

Այս առումով կարևոր է դառնում, թե ով է տեղեկատվություն «սարքում», այսինքն՝ ով է newsmaker-ը։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղեկատվություն «սարքում է» Նիկոլ Փաշինյանը, ինչով էլ պայմանավորված է հաճախակի եթերում, մամուլում, սոցցանցերում նրա անբնական ակտիվությունը, երբ հասկանալի չէ, թե արդյոք նրան ժամանակ մնո՞ւմ է պետական կարևոր խնդիրների քննարկման համար։

Քաղաքականության մեջ կարևոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թե ինչի մասին նրանք մտածեն», այսինքն՝ թելադրել օրակարգ։ Իսկ ո՞վ է Հայաստանում կարողանում «հանրային», այսինքն՝ ի՛ր օրակարգը թելադրել։

Agenda-setting

«Օրակարգի ձևավորման» տեսության իմաստն այն է, որ նորությունը, այդ թվում նաև՝ քաղաքական, ոչ միայն իրականության արտացոլումն է, այլև սոցիալական նշանակություն ունեցող խմբագրված «իրականությունը»։ Իրականությունը խմբագրվում է, այսպես կոչված, gatekeeper-ի (պահապանների) կողմից, որոնք ԶԼՄ-ի տերերն են և նրանց խմբագիրները, այսինքն՝ մարդիկ, որոնք մշակում ու խմբագրում են նորություններն ու սպառողներին ներկայացնում վերջնական արտադրանքը իրենց խնդիրները լուծելու համար։

Ըստ այդ տեսության՝ ԶԼՄ-ն ոչ թե իրականությունն է արտացոլում, այլ ֆիլտրում ու ձևավորում է իրեն հարմար «իրականությունը»՝ ըստ ունեցած պահանջմունքների։ Այս կամ այն խնդրի հանդեպ հանրային ուշադրության սևեռումը ստիպում է հանրությանը դրանք դիտարկել որպես ամենաարդիականն ու կարևորը։ Կարևոր է նաև այս կամ այն խնդիրը հանրության ուշադրության տեսադաշտում պահելու ժամանակի տևողությունը։

Այն քաղաքական գործիչները, որոնք կարողանում են դառնալ newsmaker (բառացիորեն՝ նորություններ սարքող), նրանք էլ դառնում են քաղաքական կյանքի առանցքը: Նորություններ որոնող ԶԼՄ-ն որպեսզի կարողանա պահպանել իր լսարանը, երբեմն, իր կամքից անկախ, սկսում է ենթարկվել նման քաղաքական գործիչների օրակարգին, և հաճախ երկրորդական է դառնում այն հարցը, թե ինչպիսի իմիջ ունի այդ քաղաքական գործիչը՝ դրակա՞ն, թե՞ բացասական։

Հայաստանի քաղաքական օրակարգը

Հանրային կարծիքի մանիպուլյացիան, լինելով իշխանություն գրավելու և պահելու համար կարևոր գործիք, չի կարող միակ գործիքը հանդիսանալ։ Գալիս է պահը, երբ պետք է լինում արդեն կոնկրետ արդյունքներ ցույց տալ։

Քաղաքական օրակարգի ձևավորման գործում կարևոր է համարվում քաղաքական գործիչների կողմից ռազմավարական նշանակության օրակարգի ձևավորումը։

Մինչհեղափոխական Հայաստանում հիմնական newsmaker-ից էր Նիկոլ Փաշինյանը։ Դրանք հանրության տրամադրություններն արտահայտող ելույթներ էին, որոնց իշխանական նախկին էլիտան պատասխանել չէր կարողանում։ Ապրիլյան իրադարձությունների ժամանակ Փաշինյանն իրադարձությունների կենտրոնում էր. նա ոչ միայն նորությունների գլխավոր հերոսն էր, այլ նաև իրադարձությունների կազմակերպիչը։ Նա օրակարգ էր թելադրում, որին անգամ իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլն էր ստիպված արձագանքել, այլապես վերջնականապես կկորցներ լսարանը։

Այսօր իրավիճակն այլ է։ Պետական գործիչն ընդդիմադիր գործչից տարբերվում է նրանով, որ newsmaker-ից պետք է վերածվի statemaker-ի, այսինքն՝ պետություն կերտողի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկա իրավիճակը։ Փաշինյանը դեռևս չի կարողանում «ընդդիմադիր» դիրքից անցում կատարել դեպի «իշխանական» դիրք և պետության զարգացման հայեցակարգ ձևավորել։

Գործող կառավարության մյուս թույլ կողմը քաղաքական օրակարգ ձևավորող և դրանք հանրությանը ներկայացնող հրապարակային թիմի բացակայությունն է։

Իշխանություն նվաճելու ձևավորված թիմը չի կարող վերածվել պետություն կերտող թիմի՝ առանց խորքային պատկերացումների և որոշ դեպքերում հանրային կարծիքի դեմ գնալու կամքի։

Վերջին երեսուն տարիների կտրվածքով Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել արտաքին միջամտություններից։ Դա պայմանավորված է հանրային կարծիքի մասնատվածությամբ, ինչը պարարտ հող է արտաքին գաղափարական տարանջատող միջամտությունների համար։ Փաստորեն, հանրությունը մնացել է առանց միավորող առանցքային գաղափարների։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը