Քաղաքական

12.02.2011 15:10


Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին»

Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին»

ԲՀԿ համագումարի մեկնարիկին  սկզբում բոլորը՝ այդ թվում Սերժ Սարգսյանը ուշադրությամբ դիտել են ԲՀԿ-ի անցած ճանապարհը լուսաբանող մոտ 20 րոպեանոց տեսանյութը։ Այնուհետև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե կոալիցիան ցույց է տվել իր արդյունավետությունը։

-Իհարկե, համատեղ աշխատանքի ընթացքում եղան դեպքեր, երբ մեր կոալիցիոն գործընկերների հետ ունեցանք առանձին հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, սակայն այդ ամենը բնական է և տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում։ ԲՀԿ-ն այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին ու ոգուն։ Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր միասնական ծրագիրը, որն ուղղված է մեր հանրապետության զարգացմանը և պետականության կայացմանն ու հզորացմանը,-ելույթում ասել է ԲՀԿ նախագահը։

Նշելով, որ առջևում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են, Գագիկ Ծառուկյանն ավելացրել է, թե մեր երկրում վերջին տարիներին ընտրությունները և նախընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները շատ ցավոտ են ընկալվում։

-Քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժացումը երբեմն անցնում են թույլատրելիի սահմանները։ ԲՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին։ Ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությանը, քաղաքական ուժերը պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոններին համաձայն,-նշել է Գ. Ծառուկյանը։

Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը քաղաքական բավարար կամք ունի առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար։

-ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարի և ազատ մրցակցության, -հավելել է ԲՀԿ առաջնորդը։

Նրա ելույթից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Գալուստ Սահակյանը և մնացած հյուրերը սրահից դուրս են եկել։ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Գագիկ  Ծառուկյանը հետ է գալու։

Հիշեցնենք, որ երեկ իշխանական շրջանակներից խոսվում էր այն մասին, որ պետք է կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվի ու ԲՀԿ–ն պետք է հայտարարի, որ 2013–ին սատարելու է Սերժ Սարգսյանին, բայց ինչպես երևում է ԲՀԿ–ն չի ընդունել այդ խաղի կանոնը և համագումարում չի հայտարարել Ս. Սարգսյանին սատարելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը