Մեկնաբանություն

26.08.2019 11:00


Հայի հետին խելքով

Հայի հետին խելքով

Իշխանական պատգամավորները, գոնե նրանք, ովքեր բավականաչափ ինքնուրույն են շեֆի ամեն ասածն ու արածն անխտիր հալած յուղի տեղ չընդունելու համար, ունեն կամ կարծում են, թե ունեն սեփական տեսակետ այս կամ այն հարցի վերաբերյալ եւ իրավունք` բարձրաձայնելու այդ տեսակետը, անգամ եթե այն հակասում է շեֆի կարծիքին, երկիմաստ վիճակում են հայտնվել։

Այդպիսիք քիչ են, բայց որպես դասակարգ՝ դեռ չեն վերացել, եւ դրանցից մեկը, անկասկած, նախահեղափոխական «դժնդակ» տարիներին տնտեսական վերլուծաբան, այսօր` ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն է, ով, ի դժբախտություն (կամ ի բարեբախտություն) իրեն, համարձակվեց ասել իր կարծիքը Ամուլսարի թնջուկի վերաբերյալ, ու ոտով-գլխով կրակն ընկավ։

Մեր նախկին գործընկերը լիովին իրավացի էր` ասելով, որ Ամուլսարի շահագործման (վերաբացման) թնջուկը հանրաքվեով լուծվող հարց չէ. պրոֆեսիոնալիզմ, գիտելիքներ, իրազեկվածություն, ի վերջո, լայնախոհություն պահանջող այդ խնդրի լուծումը «անգրագետ Պողոսի եւ իր բազմամարդ ընտանիքի», ասել է թե` լյումպենի վտիտ ուսերին բարդելը, մեղմ ասած, սխալ է. վարչապետը հենց նրա համար է, որ ստանձնի պատասխանատվություն (որից մինչեւ հիմա մշտապես հաջողությամբ խուսափել է) եւ կայացնի երկրի համար կարեւոր որոշումներ, այդ թվում` նաեւ ոչ ամբոխահաճո որոշումներ։

Ասաց ու անմիջապես հայտնվեց երկկողմանի հրաձգության տակ` ե՛ւ յուրայինների, ե՛ւ ընդդիմադիրների քննադատության թիրախում, որովհետեւ անկեղծ չէր. անկեղծ լինելու դեպքում իրերն իրենց անուններով կկոչեր (վստահ եմ`որպես լրագրող, այդպես էլ կաներ) եւ հստակ կարձանագրեր` վարչապետն է սարքել այս անվերծանելի «շիլան», ինքն էլ պիտի գլուխ հանի դրանից. չէր խորամանկի, ձեռքի հետ էլ`չէր քծնի «քաղաքական թիմի ղեկավարին», թե`ավելի կոմպետենտ, ավելի տեղեկացված, պետության «հավասարակշռված շահն» ավելի լավ իմացող ուրիշ մեկին, ինչպես Փաշինյանը, ողջ աշխարհը ասեղով ման գաս՝ չես գտնի։

Տեղեկացվածը` գուցե տեղեկացված է, բայց կոմպետե՞նտ... Կոմպետենտ լիներ եւ ամբոխավար չլիներ, թույլ չէր տա` առանց իրավական որեւէ լուրջ հիմնավորման ձեռնարկությունն ամբողջ մի տարի պարապուրդի մատնվեր (միայն չասեք`ինքը դրա հետ կապ չունի, «ժողովուրդն» էր այդպես ուզում), եւ 400 հազար դոլար անիմաստ տեղը վատնելուց, ֆինանսական պատժամիջոցների սպառնալիքի տակ հայտնվելուց հետո միայն խոսեր «պետության հավասարակշռված շահի» մասին, այն էլ կիսաձայն`նահանջի տեղ թողնելով։

Կոմպետենտ լիներ «գործընթացներին» կմիջամտեր այնտեղ, որտեղ պետք է, ոչ թե այնտեղ, որտեղ իր միջամտության կարիքը ոչ միայն չի զգացվում, այլեւ հակացուցված է`հակասում է Սահմանադրությունը, ինչպես նույն Ռոբերտ Քոչարյանի վրա կարված գործին, դատարանների «ներքին գործերին» ցուցաբերած բացահայտ անօրինական միջամտության դեպքում։

Թունյանը եւ Ամուլսարի հարցով մտահոգ իմքայլական մյուս պատգամավորները աչքը չէին թարթում, երբ ԱԺ խոսնակի մակարդակով ասվում էր`Քոչարյանին փակելը «հասարակական պահանջ է». ժողովուրդը քնում, արթնանում, այդ մասին է երազում։ Մեկը չեղավ` ասեր. մի՛ խոսեք ժողովրդի անունից` ոչ մեկը չի չափել այդ «հասարակական պահանջը», համ էլ «անգրագետ Պողոսի եւ իր ընտանիքի» պահանջով անձին, առավել եւս` 10 տարի երկիրը ղեկավարած, Լեւոնի կազմալուծած տնտեսությունը փոսից հանած նախագահին ազատությունից զրկելը, այն էլ՝ սնամեջ, ենթադրյալ «հանցագործության» պահին գոյություն չունեցող շինծու մեղադրանքով, արդարադատություն չէ. պարզ հաշվեհարդար է` Լինչի դատաստան։

Հիմա է, որ առյուծ են կտրել, որոշել են «բնավորություն ցույց տալ»` ասել այն, ինչ մտածում են, ու հայտնվել են երկու քարի արանքում. ոչ այն է` հրապարակավ հակադրվեն Նիկոլին, ոչ այն է`ջայլամի պես գլուխը մտցնեն ավազի մեջ ու ձեւացնեն, թե ոչինչ չեն լսում, ոչինչ չեն տեսնում, ոչ այն է` «ադաբրյամս» անեն։

Բոլորը` բոլոր իմքայլական պատգամավորները (միակ երջանիկ բացառությունը թերեւս Սասուն Միքայելյանն է), Նիկոլի հետ, Նիկոլով, Նիկոլի շնորհիվ են հայտնվել խորհրդարանում. թե՛ նրանք, ովքեր համամասնական ցուցակով են անցել խորհրդարան, թե՛ նրանք, ովքեր տեղերից են «ընտրվել»`ընտրատարածքներում 20-30 հազարական ձայն են հավաքել, բայց ոչ թե իրենց «գեղեցիկ աչքերի» համար, այլ` որովհետեւ Նիկոլի «կամանդից» էին, ու «բարոյական իրավունք» չունեն «քցել» նրան, ում միջոցով «մարդամեջ» են դուրս եկել։

Եթե Թունյանն ու իր նմանները ժամանակին «չէ» ասեին Նիկոլի գըմփ-գըմփ-հու ընտրություններին, ո՛չ իրենք այսօր կհայտնվեին անհարմար վիճակում, ո՛չ ֆեյք ընտրությունները բոյկոտած եւ Նիկոլին մերժած մեծամասնությունը` «Պողոսի եւ ընտանիքի» կողմից բոլորիս պարտադրված «սյուռեալիստական» իրականության մեջ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը