Կարծիք

24.08.2019 11:55


Հարևան Պողոսներին արհամարհե՛ք մտքի մեջ, այլ ոչ բարձրաձայն

Հարևան Պողոսներին արհամարհե՛ք մտքի մեջ, այլ ոչ բարձրաձայն

Սովորաբար, ժամանակակից աշխարհում դե յուրե ավտորիտար ռեժիմներ շատ քիչ են մնացել. երկրների մեծ մասը լիբերալ սահմանադրություններ են ընդունել ու ժողովրդավարական կառավարման համակարգեր են որդեգրել: Բայց դա միայն դե յուրե, իսկ դե ֆակտո, այդ երկրների գերակշիռ մեծամասնությունը ինչպես եղել, այնպես էլ մնացել է ավտորիտար, որտեղ չեն գործում լիբերալիզմի հիմք հանդիսացող մարդկանց իրավահավասարության ու նրանց սեփականության և բիզնեսների անձեռնմխելիության սկզբունքները, ինչպես նաև չեն գործում ժողովրդավարական կառավարման համակարգերը: Սակայն, այնուամենայնիվ, այդ երկրները ժողովրդավարության իմիտացիա են անում. սա է ժամանակակից քաղաքական մշակույթը՝ եթե ոչ գլոբալ մասշտաբով, ապա գոնե զարգացող ու հետամնաց երկրների պարագայում:
Բայց մեր հեղափոխական թրաշամանուկները այստեղ էլ փայլեցին իրենց ոչ ստանդարտ պահվածքով. հարևան Պողոսի պատմությունը լրացուցիչ անգամ ապացուցեց, որ մեր թավիշները լրջագույն հետքայլ են կատարել ժողովրդավարությունը Հայաստանում սաղմնավորելու գոնե շատ թե քիչ իրականացվող գործընթացից, ու սկսել են բացեիբաց ավտորիտար ռեժիմներին բնորոշ լպիրշ հայտարարություններ անել: Սա ցույց է տալիս, որ իրենք արդեն այնքան են վստահ իրենց ուժերի վրա, որ նույնիսկ ժողովրդավարության իմիտացիաներ անելու հավես չունեն:
Բայց քաղաքականության մեջ չափից դուրս ինքնավստահությունը սիրում է չար կատակներ խաղալ. շատ ավելի կազմակերպված ու գաղափարապես կայացած ավտորիտար ռեժիմներ են եղել, որ կարծես թե ոչինչ չէր կարողանա խարխլել նրանց ամրությունը, բայց արի ու տես, որ հաշված ամիսների ընթացքում այնպես են գահավիժել, որ նույնիսկ չեն հասցրել զարմանալ:
Հետևաբար, թավիշներին խորհուրդ կտամ, այնուամենայնիվ, հարևան Պողոսներին արհամարհել միայն մտքի մեջ, այլ ոչ արձրաձայն:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը