Մեկնաբանություն

23.08.2019 12:24


Ի պաշտպանություն Բաբկեն Թունյանի

Ի պաշտպանություն Բաբկեն Թունյանի

«Իմ քայլը» խմբակցությունում կռիվ է ընկել: Ակտիվացել են ինչպես ներդրվածները և «բնապահպանիստները», այնպես էլ կոնյունկտուրշիկներն ու «ազնիվ քյարփինջները»: Հնչում են նաև հատուկենտ ողջամիտ տեսակետներ: Պատճառը կամ առիթը Ամուլսարի հանքն է:

Անդրադառնալով թեմային՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը ուշագրավ միտք է ձևակերպել:

«Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»,- գրել է Թունյանն իր ֆեյսբուքյան էջում՝ փորձելով հիմնավորել, որ հանրաքվեն այս հարցում այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանզի մասնագիտական հարցում անգրագետ «Պողոսը» չի կարող կոմպետենտ որոշում կայացնել:

Նկատենք, որ Բ. Թունյանը հեղափոխական հայտարարություն է արել հետհեղափոխական Հայաստանում: Դա հակաամբոխավարական հայտարարություն էր:

Թունյանը, կամա թե ակամա, «փչացրել» է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարման ձևը: «Փչացրել» է երկու «հոդվածով»:

Բանն այն է, որ

1. Փաշինյանն ինքն է հայտարարել, որ մեր երկրում որոշում պետք է կայացնի անգրագետ, բայց հպարտ Պողոսն իր անգրագետ բազմամարդ ընտանիքով,

2. Փաշինյանն ինքը պետության կառավարման հարցում անգրագետ «Պողոս» է և իրավունք չունի անվտանգության, տնտեսության զարգացման ու նմանատիպ այլ հարցերում որոշումներ կայացնել:

Թե ինչու է այսքան անկեղծացել Թունյանը, դժվար է ասել, բայց նրա վրա պետք չէ հարձակվել: Մարդը ճիշտ բան է ասել: Ասել է, որ Նիկոլի նմանները իրավունք չունեն մեծ դեր խաղալ պետական կառավարման հարցերում, քան այն մարդիկ, ովքեր կոմպետենտ են:

Հիմա այդ պատգամավորի վրա հարձակվում եք, որ ի՞նչ անեք: Թիրախը «Պողոսը» պետք է լինի, որն անցել է իշխանության գլուխ, կոմպետենտ չէ և ունի բազմանդամ մեծ ընտանիք, որի ներկայացուցիչները տեսակետներ են հայտնում աշխարհաքաղաքական, ներքաղաքական, մշակութային, կրթական ու սոցիալական հարցերի վերաբերյալ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը