Մեկնաբանություն

21.08.2019 21:29


«Ջերմուկի» էֆեկտը. հիմարացման տեխնոլոգիա

«Ջերմուկի» էֆեկտը. հիմարացման տեխնոլոգիա

Մեր ժողովուրդը կամ դրա մի հատվածը ուշագրավ հատկություն ունի:

Ոմաք «շուստրի» են հոսանքի հաշվիչը հետ տալու կամ ջրի հաշվիչը կանգնեցնելու գործում: Դա անում են, որպեսզի քիչ վճարեն կամ ընդհանրապես չվճարեն:

Ոմանք «շուստրի» են նաև մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրենց տունը 2 քառակուսի մետր «առաջ» տալու և շենքի ամբողջ ճարտարապետական տեսքն աղավաղելու գործում:

Այս «շուստրիությանը» զուգահեռ՝ մեր ժողովրդի այդ հատվածը շատ հեշտ հարիֆանում է, երբ ստիպված է պետական կամ քաղաքական հարցերում որոշում կայացնել:

Արդյունքն այն է լինում, որ ժողովրդի այդ հատվածը դառնում է «շուստրի»-հարիֆ, ինչի հետևանքով տուժում է ամբողջ ժողովուրդը:

Մերոնց շատ հեշտ է մանիպուլյացիայի ենթարկելը: Բերենք կոնկրետ օրինակներ:

Կյանքը ցույց է տվել, որ ոմանց վրա մոգական ազդեցություն է թողնում «ջերմուկ» բառը:

Երբ 1988-ի շարժումը հանգեցրեց անկախության, սկզբնական շրջանում շատերին թվում էր, թե միայն «Ջերմուկով» կարելի է լավ ապրել (նկատի ունեին «Ջերմուկ» հանքային ջուրը, որը աշխարհին վաճառելով ենթադրում էին, որ ոտքը ոտքին գցած լավ էին ապրելու, և չէին պատկերացնում, որ անկախությունը պատասխանատվություն և քրտնաջան աշխատանք է ենթադրում տնտեսության բոլոր ոլորտներում):

«Ջերմուկ» հանքային ջրի վաճառքով լավ ապրելու առասպելը փլուզվեց շատ արագ, երբ մարդիկ գործնականում տեսան, որ աշխարհում տեղ գրավելու համար հանքային ջուրը, մեղմ ասած, բավարար չէ:

«Ջերմուկի» ջրերը վաճառելով լավ ապրեցին, բայց՝ սահմանափակ թվով մարդիկ:

Հիմա էլ նույն մարդկանց համոզում են, որ Ջերմուկով վատ են ապրելու (նկատի ունեն Ջերմուկին կից Ամուլսարի հանքի շահագործման դեպքում նկարագրվող ապոկալիպտիկ բնապահպանական երևույթները):

Թե երբ կփլուզվի Ջերմուկին կից ոսկու հանքի միֆը, դժվար է ասել, բայց մեկ բան հիմա կարելի է հաստատ պնդել: «Ջերմուկի հանքով մեր վերջը կգա» կոդի տարածմամբ զբաղվող մի քանի քարոզիչներն այսօր արդեն այդ քարոզի միջոցով շատ լավ են ապրում և թքած ունեն Հայաստանի տնտեսության ու բանակի վրա: Պատվիրատուն կոպեկներ է վճարում Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասի համար, բայց դա պատվիրատուի համար է կոպեկներ, իսկ պատվեր կատարողների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար ահագին մեծ գումար է: Դա հետո է իմացվելու, բայց արդեն ուշ է լինելու: Հետագայում կարող է այնպես ստացվել, որ ազգովի փնտրենք ներդրող, որ գա հանքը շահագործի, բայց չենք գտնելու, ինչպես որ «Նաիրտի» կամ Վանաձորի «Քիմպրոմի» դեպքում չենք գտնում:

Հիշեցնեմ, որ ատոմակայանը փակելու հիմնավորումն էլ այն էր, որ բնապահպանական առումով վնասակար է: Ատոմակայանը փակվեց, հայտնվեցինք էներգետիկ ճգնաժամի մեջ ու տեղի ունեցավ ... բնապահպանական աղետ, քանզի տասնամյակներով աճեցված ծառերը կտրվեցին ու հայտնվեցին վառարանների մեջ, իսկ հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին էներգետիկ ճգնաժամի պատճառով: Դրանից հետո նոր խելքի եկանք ու ամբողջ ազգով մտածում էինք, թե ինչպես վերաբացենք ատոմակայանը: Հսկայական ռեսուրսներ ծախսելով՝ ատոմակայանը վերաբացվեց, բայց մարդկային ու բնապահպանական կորուստներն անդառնալի էին: Ո՞վ պատասխան տվեց այս ամենի համար: Ոչ ոք։

Ահա թե ինչպիսի ազդեցություն է թողնում հիմարացման տեխնոլոգիան:

«Շուստրի»-հարիֆ լինելու հետևանքները միշտ էլ ծանր են լինում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը