Մեկնաբանություն

21.08.2019 14:05


Մտածի՛ր, հետո խոսիր, էլի՛...

Մտածի՛ր, հետո խոսիր, էլի՛...

Ժամանակին Նիկոլ Ամենակարողը տեղի-անտեղի, ամբախ-զամբախ դուրս տվող իր «պոլիփեդերին» բարեկամաբար խորհուրդ էր տալիս` մտածե՛ք, հետո խոսեք...

Բայց, արի ու տես, որ ինքը չի հետեւում իր խորհրդին. երեւի կարծում է, թե դա իրեն չի վերաբերում ճիշտ այնպես, ինչպես կարծում է, թե Սահմանադրությունն ու օրենքներն իր վրա չեն տարածվում. ինչ ուզի՝ կանի։

Այլապես կմտածեր մի բան ասելուց եւ հատկապես գրելուց առաջ. «Ֆեյսբուքով» մեկ ի ցույց չէր դնի իր «տիտանական մտքի» ողջ պերճանքն ու թշվառությունը`իր պատին հետեւյալ «հանճարեղ» գրառումն անելով. «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին` ի հեճուկս աղիողորմ խնդրանքների` աշխատանքի չեմ ընդունել»։

Հարցնող լինի` «խայտառակ ոչ կոմպետենտ» մեկին ինչի՞ էիր տարել կառավարություն, եւ ինչո՞ւ շատ արագ գործից չէիր ազատում. պահում էիր, որ ի՞նչ անեիր։

Գիտեիր, որ ոչ կոմպետենտ է, ու պահո՞ւմ էիր, թե՞ ուշ իմացար այդ մասին։ Եթե վերջինը, ապա կարո՞ղ ենք արձանագրել, որ դու էլ էնպես կոմպետենտությամբ չես փայլում` վարչապետի պատասխանատու պաշտոնն զբաղեցնելով, թացը չորից, մասնագետի լավը վատից, կոմպետենտին ոչ կոմպետենտից չես տարբերում։ Պաշտոններ բաժանելիս էլ առաջնորդվում ես ոչ թե պրոֆեսիոնալիզմի չափանիշով, այլ «աղիողորմ խնդրելու», քծնելու, ինչո՞ւ չէ` սակարկելու հմտությունները հաշվի առնելով։ Քեզ հետ «քայլած ունենալու», ընկերական եւ խծբ-ական կապերի մեջ լինելու մասին արդեն չենք խոսում։

Երկրորդ` էդ կարգի «խայտառակ ոչ կոմպետենտ» էլի՞ քանի կադր (կառավարության անդամ, տեղակալ, խորհրդական, օգնական) ունես, որոնց մեր` հարկատուներիս հաշվին ամեն ամիս բյուջեից կլորիկ աշխատավարձ ես տալիս խայտառակ ոչ կոմպետենտ որոշումներ ընդունելու եւ խորհուրդներ տալու համար եւ դեռ ինչքա՞ն ես հանդուրժելու նրանց ներկայությունը իշխանական օթյակներում։ Մինչեւ հերթական կամ արտահերթ «սուր արտահայտությունը» բլթացնե՞լը։

Երբ ասում ես` «մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես միայն մի պատճառով՝ որ իշխանությունը մի բան տա, բերանդ փակի», սեփական փորձից ելնելո՞վ ես ասում։

Երբ նախկինում հաճախորդ էիր աշխատում` սկզբում որպես «սուտ ընդդիմադիր» խմբագիր, ապա`թունդ ընդդիմադիր պատգամավոր, եւ պարբերաբար «բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում» էիր երկրիս թիվ 1 քաղաքական ամբիոնից, նպատակդ ի՞նչ էր. որ մի բան տային, բերանդ փակեի՞ն, անցներ գնա՞ր։

Չի՞ լինի` մտածես, հետո խոսես կամ գրես։ Կամ ընդհանրապես չխոսես ու գրես։ Չգիտե՞ս, որ ինչքան քիչ «բլթացնես», այնքան խելացի կերեւաս։

Հ.Գ.- Ինչ վերաբերում է «հայկական իրականության ողբերգություններին», հայկական իրականության ամենամեծ ողբերգությունը դու ես, որ կաս` երբեմնի ընդդիմադիր լրագրող, որ ինքն իրեն «ժողովրդի վարչապետ» հռչակեց, բայց այդպես էլ չհասկացավ` ինչ ասել է պետություն, պետականություն եւ պետական կառավարում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը