Կարծիք

21.04.2010 11:14


Հրեա գիտնականը խստորեն քննադատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Հրեա գիտնականը խստորեն քննադատում է Իսրայելի կողմից  Հայոց ցեղասպանության ժխտումը

«Հայաստան-Թուրքիա. ինչպես կարգավորել հարաբերությունները» խորագրով միջազգային նշանակալից խորհրդաժողով տեղի ունեցավ ապրիլի 14-ին Փարիզում: Այն կազմակերպել էր Հայ Դատի ֆրանսիական Բյուրոն և Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը:

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին Իսրայելի Բաց համալսարանի պատմության պրոֆեսոր, դոկտ. Յաիր Օրոնը, Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտ. Իսրայել Չարնին, Գերմանիայի «Ցեղասպանության դեմ պայքարի» միության նախագահ, թուրք պատմաբան Ալի Էրթեմը, Բելգիայի «Ինֆո-թուրք» հիմնադրամի նախագահ, թուրք լրագրող Դոգան Օզգուդենը, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դոկտ. Ալֆրեդ Զայասը /Ժնև/, դոկտ. Իվ Թերնոն /տեսահոլովակով, Փարիզ/, Փարիզի Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Ֆրեդերիկ Էնսելը, Հայաստանի ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և Լոս Անջելեսի ,Կալիֆորնիա կուրիերե թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Լսարանը հատուկ ուշադրությամբ էր հետևում պրոֆ. Օրոնի համարձակ և արդարացի մեկնաբանություններին՝ հաշվի առնելով վերջին շրջանում իսրայելցի և թուրք պաշտոնյաների միջև բուռն փոխադարձ քննադատությունները և Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրիլի 28-ին սպասվող քննարկումները: Նա տարիներ շարունակ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման անխոնջ պաշտպան և խստորեն քննադատել է իսրայելյան կառավարության ժխտողական քաղաքականությունը:

Պրոֆ. Օրոնն իր ելույթն սկսեց մեջբերում անելով 1918 թվականին Շմուել Տալկովսկու գրած մի հոդվածից, որը Chaim Weitzmann-ի քարտուղարն էր. հետագայում նա դարձավ Իսրայելի  առաջին նախագահը: Տալկովսկին ցավ է հայտնել հայերի  «նահատակությանե համար և ակնարկել, որ ,ազատ ու երջանիկ Հայաստանը, ազատ ու երջանիկ Արաբիան և ազատ ու երջանիկ հրեական Պաղեստինն այն երեք սյուներն են, որոնց վրա պետք է խարսխվի Մերձավոր Արևելքի ապագա խաղաղությունն ու բարեկեցությունը»: Դոկտ. Օրոնն իր ափսոսանքը հայտնեց, որ Իսրայելի ներկայի քաղաքականությունը շատ հեռու է Տալկովսկու կողմից 1918 թվականին ձևակերպված սկզբունքներից:

Քննադատելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Իսրայելի դիրքորոշումը, պրոֆ. Օրոնը թվարկեց հետևյալ յուրահատուկ հակահայկական գործողությունները. «1978 թվականին արգելվեց Երուսաղեմի Հայկական թաղամասի մասին ֆիլմի ցուցադրումը: 1982 թ. իսրայելյան կառավարությունը միջամտեց Ողջակիզման և ցեղասպանության թեմայով միջազգային համագումարին'ճնշում գործադրելով կազմակերպիչների վրա' Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությունները բացառելու նպատակով: 1989 թ. Իսրայելը մասնակցել է ամերիկյան օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման կանխարգելմանը: Այս կամ այն կերպ Իսրայելը և հրեաները մասնակցել են Միացյալ Նահանգներում 1985, 1987, 1989, 2000, 2007 և 2010 թվականներին տեղի ունեցած քննարկումներին: 1990 թվականին արգելվեց Միացյալ Նահանգներում արտադրված «Հայկական ուղևորություն» հեռուստաֆիլմի ցուցադրումը»:

 Այնուհետև, պրոֆ. Օրոնը տեղեկացրեց, որ երբ Իսրայելի կրթության նախարար Յոսի Սարիդը 2000 թվականի Ապրիլի 24-ին առաջարկել էր Հայոց ցեղասպանությունը մտցնել միջնակարգ դպրոցների ծրագրերում, Իսրայելի կառավարությունը մերժել էր այդ գաղափարը:

Մեկ տարի անց, 2001 թ. ապրիլի 10-ին, այն ժամանակ Իսրայելի արտգործնախարար, այժմ՝ նախագահ Շիմոն Պերեսն ասել է. «Մենք ցավում ենք, որ փորձեր են արվում նույնացնել Հոլոքոստն ու հայկական մեղադրանքները: Ոչինչ տեղի չի ունեցել, որը կարող է համեմատվել Հոլոքոստի հետ: Դա ողբերգություն է և ոչ թե' ցեղասպանություն»: Լսարանին հիշեցնելով, որ 2002 թ. փետրվարին նման ժխտողական կարծիք էր արտահայտել նաև Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը, պրոֆ. Օրոնը այդ  հայտարարությունները գնահատեց որպես «Իսրայելի'պասիվ ժխտողականությունից դեպի ավելի ակտիվին, չափավոր ժխտողականությունից' ավելի կոշտին անցումե: Նա ասաց, որ իր հայ ընկերը մի անգամ «իրավացիորեն» նկատել է. «Ես չգիտեմ մի կրթված քաղաքական գործչի ժողովրդավարական երկրում, որն այնպիսի կարծիք հայտնի, ինչպիսին անում եք դուք՝ հրեաներդ»:

Պրոֆ. Օրոնը խոսեց նաև Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2007, 2008 և 2009 թվականներին տեղի ունեցած քննարկումների մասին: Ամեն անգամ Իսրայելի կառավարությունը դեմ է արտահայտվել այդ հարցին: Նման մի մերժում նա ակնկալում է այս ամսվա վերջին, երբ հարցը կրկին կբարձրացվի Կնեսետում:  

Պրոֆ. Օրոնը հատուկ նշեց Իսրայելի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին. «Իսրայելը, մի կողմից պայքարում է Հոլոքոստի ժխտման դեմ, իսկ մյուս կողմից' մասնակցում մեկ այլ ցեղասպանության ժխտմանը: Ամենայն հավանականությամբ սա հետագայում վնասելու է Հոլոքոստի ժխտման դեմ տարվող պայքարին: Նման մոտեցումը կարող է դիտվել որպես բարոյական անկում: Մենք պարտավոր ենք հիշել, որ բարոյական պահանջները կարող են ազդեցություն ունենալ, միայն եթե դրանք հետևողական են.... Բոլորը կհամաձայնեն, որ Իսրայելն իրավունք չունի վիճարկել Հոլոքոստի հիշատակը: Սակայն նա երբեք, ոչ մի պարագայում, նույնիսկ ավելի քան ցանկացած այլ երկիր իրավունք չունի վիճարկել այլ զոհերի խմբի հիշատակը: Սակայն Հայոց ցեղասպանության հետ Իսրայելը հենց այդպես էլ վարվում է: Իսրայելը աջակցում է Ցեղասպանության ժխտման գործընթացին և դրանով իսկ դավաճանում Հոլոքոստի հիշատակն ու ժառանգությունը»:

 Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի տասնյակ երկրների, միջազգային կազմակերպությունների և ակնառու գիտնականների կողմից: Հայերը կարիք չունեն խնդրել Իսրայելին ճանաչել Ցեղասպանությունը: Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Իսրայելը  բարոյական մեծ վնաս է հասցնում իր իսկ երկրի վստահելիությանը, հեղինակությանն ու վարկին:

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը