Հարցազրույց

20.08.2019 12:58


«Չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր՝ իշխանությունը պահելու հիմնական ռեսուրսը դարձել է ատելության քարոզը նախկինի և նախկինների նկատմամբ»․ Ռուբիկ Հակոբյան

«Չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր՝ իշխանությունը պահելու հիմնական ռեսուրսը դարձել է ատելության քարոզը նախկինի և նախկինների նկատմամբ»․ Ռուբիկ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, ինչը հղի է վտանգներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։

«Օրենսդիր մարմինն իմպոտենտ է քաղաքական ու օրենսդրական գործունեություն ծավալելու առումով: Իսկ գործադիր իշխանությունն այս 30 տարիների ընթացքում երբեք այսքան դիլետանտ ու քաղաքական դիմագիծ չունեցող մարմին չի եղել, որքան հիմա»,-ասաց նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ օրենսդիրն ու գործադիրը գտնվում են Փաշինյանի ազդեցության տակ, վերջինս փորձում է հակասահմանադրական քայլերի գնով նաև դատարանները ենթարկեցնել իրեն:

«Կան դատավորներ, ովքեր ուզում են մասնագիտության պատիվը բարձր պահել, ինչպիսին Ալեքսանդր Ազարյանն է, Դավիթ Գրիգորյանը, բայց տեսնում ենք, թե ինչպես են վարվում նրանց հետ: Հակասահմանադրական կեցվածք կա Սահմանադրական դատարանի նկատմամբ: Օրերս բացահայտ քաղաքական բարտեր առաջարկվեց, որ եթե դուք ենթարկվեք ինձ, ես ձեզ ցմահ ապահովեմ թոշակով: Սա պարզ կոռուպցիոն առաջարկություն է, որը, ինչպես տեսնում ենք, իրավացիորեն մերժվում է ՍԴ անդամների կողմից: Նրանք, ովքեր ծանոթ են Փաշինյանի ձեռագրին, նրա անհավասարակշիռ պահվածքին, կհամաձայնեն, որ լուրջ վտանգներ է սպառնում պետությանը, եթե Փաշինյանը շարունակի իր որդեգրած քաղաքականությունը»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել. համակարգը նույնն է մնացել: Նա ասաց, որ ժողովուրդը իրավացիորեն դժգոհ էր նախկին համակարգից ու իշխանություններից, բայց դրա փոխարեն հիմա որևէ նոր համակարգ չկա, չի էլ առաջարկվել:

«Չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր՝ իշխանությունը պահելու հիմնական ռեսուրսը դարձավ ատելության քարոզը: Ատելության նման քարոզ, անհանդուրժողականություն, ինչպիսին այսօր էր, նախկինում երբևէ չի եղել: Քաղաքական դալտոնիզմը հասարակությանը բաժանեց սևի ու սպիտակի, ինչը կարող է բախումների պատճառ դառնալ: Անհանդուրժողականության նման չափաբաժին երբևէ չի եղել: Իսկ նման ապագան կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,-ասաց նա։

Դիտարկմանը՝այդ դեպքում ինչպե՞ս Փաշինյանը դարձավ վարչապետ, Ռուբիկ Հակոբյանը հարցով պատասխանեց՝ ինչպե՞ս եղավ, որ «բռնապետական համակարգում» հնարավոր եղավ 50 հոգով հարձակվել և գրավել ռադիոտունը, որը պետական պահպանության ռազմավարական նշանակության օբյեկտ է ու մեկուսացնել զինված պահապանին և գրավելով ռադիոտունն ու ջարդելով ստուդիաներից մեկի դուռը պահանջել ուղիղ եթեր:

«Ժամանակը կտա գնահատական, թե ինչպես դա տեղի ունեցավ, ինչպե՞ս Փաշինյանը դարձավ վարչապետ: Տարբերակներից մեկն այն է, որ սցենարը գրված է եղել Հայաստանից դուրս՝ համագործակցելով իշխանության ներսում գոյություն ունեցող դավադիր ուժերի և, կարծում եմ, հասարակական որոշ կազմակերպությունների հետ: Ժամանակն ամեն ինչ կբացահայտի ու իր տեղը կդնի:

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը պարտադրում է, որ բոլոր ընդդիմադիր ուժերն ու քաղաքական գործիչները, միավորեն իրենց ուժերը, ունենան մեկ օրակարգ՝ դիմակայելու Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգին»,-ասաց նա:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ելույթի մասին, որում ասել էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Ռուբիկ Հակոբյանը հայտարարությունը «բացահայտ ամբոխահաճո և սադրիչ» որակեց՝ պնդելով, որ այն հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծի:

«Ուսումնասիրելով ադրբեջանական թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական մամուլը, պարզորոշ երևում է, որ նրանք պատրաստվում են պատերազմի, իսկ առիթը կարող է հանդիսանալ այս դեպքում նաև Փաշինյանի հայտարարությունը»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը, ըստ էության, մեկուսացվել է արտաքին հարթակներից: Եթե տարիներ առաջ Հայաստանը դիտվում էր որպես կառուցողական գործընկեր, այդպիսի կարծիք ուներ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, իշխանափոխությունից հետո ՀՀ-ն դիտարկվում է որպես ապակառուցողական պետություն՝ «իր ապակառուցողական իշխանությամբ»:

«Չեմ ուզում ծավալվել, կասեմ միայն այն, որ նրանք, ովքեր համարժեք գնահատում են իրավիճակը, պետք է համախմբվեն՝ պատրաստ լինելով դիմակայելու բավականին լուրջ մարտահրավերները, որովհետև իշխանությունը ծրագիր չունի, աբխոխահաճությամբ ռեյտինգ ապահոված Փաշինյանը օր օրի կորցնում է իր համակիրներին: Ըստ էության, «Մերժի՛ր Սերժին» կարգախոսին կողմ մարդկանց մի զգալի մաս հիմա հիասթափվել է՝ տեսնելով, որ գործնականում այդ կարգախոսը վերաձևակերպվել է «մերժի՛ր Սերժին՝ հանուն Փաշինյանի»:

Այս խորագրի վերջին նյութերը