Մեկնաբանություն

20.08.2019 11:27


Վարչապետ Փաշինյանը ոչնչացրեց ընդդիմադիր Նիկոլին

Վարչապետ Փաշինյանը ոչնչացրեց ընդդիմադիր Նիկոլին

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով երեկ ասաց այն, ինչ պետք է ասած լիներ 14 ամիս առաջ։ Նա ասաց, որ հանքի շահագործման հետևանքները ջրային ռեսուրսների վրա գրեթե զրոյական են, իսկ մյուս ռիսկերը՝ կառավարելի։

Վարչապետ Փաշինյանն այդպիսով ոչնչացրեց ընդդիմադիր Նիկոլին և ընդհանրապես նիկոլիզմը։

Նիկոլիզմը անպատասխանատու վարքագիծն է, պոպուլիզմը, հակապետական քարոզը, էժանագին «աչոկներ» հավաքելը, դատարկախոսությունը և այլն։

Փաշինյանը երեկ 1 ժամից ավելի ապացուցում էր, որ Նիկոլի նմանները վնասակար են մեր պետության համար, անհիմն քննադատողներ են և ուղղորդվում են ոչ ազնիվ նպատակներով։

Փաշինյանը երեկ ասաց այն, ինչ ողջամիտ մարդիկ ասում էին անցած տարվա ամառվանից։

«Նիկոլը սխալ էր, Փաշինյանը՝ ճիշտ»։ Սա՛ էր Ամուլսարի պահով վարչապետի երեկվա երկարաշունչ ելույթի բուն իմաստը։

Ո՞վ է հատուցելու վնասները

Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո դեռ տաք էր և դեմ չէր, որպեսզի Ամուլսարի հանքի ճանապարհները ապօրինաբար փակվեն։ Նա, թերևս, անկեղծ համոզված էր, որ հանքի շահագործումը կոռուպցիոն գործարքի արդյունքում է եղել, և ուզում էր շոու սարքել դրա բացահայտումից։

Փաշինյանը լավ չէր հասկանում, թե ինչ է նշանակում աշխատանքների 80 տոկոսն ավարտած և միջազգային բորսայում ներկայացված ընկերությանն աշխատել թույլ չտալը։ Նա չէր հասկանում, թե Լիդիանի դեմ արվող քայլերը ինչպիսի հարված են հասցնում Հայաստանին։ Բացի այդ՝ նա հոգեբանորեն չէր կարող դեմ լինել փողոց փակելուն, քանզի այդպես էր եկել իշխանության։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն, ըստ ամենայնի, ամեն օր զգացել ու հասկացել է նիկոլիզմի կործանարար ու հակապետական բնույթը։

Նա մտածում էր, որ հեղափոխությունը բրենդ սարքելով կարելի է փող բերել տնտեսության մեջ և ներդրումային բում ապահովել։ Դա մեծ մոլորություն էր։ Ճիշտ հակառակը՝ հեղափոխականությունը բացասաբար ազդեց տնտեսության վրա. կապիտալը սկսեց փախչել, ներդրումները պակասեցին։ Ամուլսարի պատմությունն էլ Հայաստանը դարձրեց «բանանային» երկիր, որտեղ չի կարելի գումարներ ներդնել։

Փաշինյանը վաղուց էր հասկացել, որ սխալվել է Ամուլսարի հարցում, բայց ժամանակ էր ձգում, որպեսզի կարողանա սեփական սխալն ուղղել։ Երեկ նա ուղղեց սեփական սխալը, բայց հարցեր են առաջանում։ Ո՞վ պետք է հատուցի այդ սխալի համար։ Ո՞վ է վճարելու ոչ կոմպետենտության, պոպուլիզմի և դատարկախոսության դիմաց։

Փորձագիտության համար վճարած 400 հազար դոլարը հաստատել է այն, ինչ «Լիդիան Արմենիան» ասում էր անցած տարվանից։

Պետական բյուջեն միլիոնավոր դոլարներ չի ստացել Լիդիանի վճարելիք հարկերի տեսքով։ Բազմաթիվ մարդիկ աշխատանք են կորցրել, իսկ ոմանք դրանից հետո արտագաղթել են։ Լիդիանի հետ համագործակցող բազմաթիվ կազմակերպություններ նույնպես զրկվել են եկամտի աղբյուրից։

Ո՞վ է վճարելու այս ամենի համար։ Հարցը հռետորական է, քանզի պատասխանը հայտնի է բոլորին՝ վճարելու է ՀՀ քաղաքացին՝ լինի նա հպարտ, թե ոչ այնքան։

Անգրագետ և պոպուլիստ կառավարություն ունենալու համար միշտ էլ շարքային քաղաքացին է վճարում։

Դիվերսիա Հայաստանի դեմ

Իսկ այժմ՝ գլխավորի մասին։

Ամուլսարի պատմության պատճառով Հայաստանը լրջագույն հարված է ստացել բիզնես գրավչության ու ներդրումային ռիսկերի առումով։

Ամուլսարի դեմ պայքարով որոշակի շրջանակներ կոնկրետ դիվերսիա են իրականացրել մեր երկրի անվտանգության դեմ՝ թաքնվելով բնապահպանների, քաղաքացիական ակտիվիստի կամ իրավապաշտպանի դիմակի տակ։

Մեր երկրի ներսում 5–րդ շարասյուն է ձևավորվել, որը տարատեսակ հայրենասիրական լոզունգների, բնության պահպանության քարոզի կամ նմանատիպ այլ կոդերի տակ է գործում, բայց իրականում հսկայական վնաս է տալիս մեզ ու հարվածներ հասցնում մեր երկրին ադրբեջանական դիվերսանտից էլ ավելի մեծ չափով։ Քանզի ադրբեջանական դիվերսանտին ավելի հեշտությամբ կարելի է բացահայտել ու ոչնչացնել, իսկ ահա 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող դիվերսանտը մեր հանրության որոշ շրջանակների համար տեսանելի չէ, գործում է թիկունքից ու նույնիսկ կարող է անտեղյակ մարդկանց համակրանքին և օժանդակությանն արժանանալ։

Այդ ներքին դիվերսանտներն ամեն ինչ անում էին, որպեսզի ՀՀ կառավարությունը սխալ որոշում ընդունի հանքի հարցում, Հայաստանը հայտնվի միջազգային արբիտրաժում և ֆինանսապես լրջորեն թուլանա։ Այդ թուլացումն արդեն իր անդրադարձը կունենար շփման գծի ու Արցախի հարցում։ Պատահական չէր, որ Ջորջ Սորոսը հեղափոխությունից հետո սկսեց խոսել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու մասին։ «Թարգմանաբար» դա նշանակում էր Հայաստանի թուլացում՝ 5–րդ շարասյան միջոցով։

Այդ շարասյունը երեկ պարտություն է կրել, բայց քանի որ նիկոլիզմի միջոցով հասցրել է տարիներ շարունակ ու հատկապես վերջին մեկ տարում ահագին թունավորել հանրային մթնոլորտը, ուստի գործելու պարարտ դաշտ դեռ ունի։ Այդ դաշտի ոչնչացումը պետք է լինի բոլոր հայաստանակենտրոն ուժերի անելիքը։ Փաշինայնն այս գործում անցողիկ ֆիգուր է, թեև այս ընթացքում ինչքան էլ պայքարի 5–րդ շարասյան դեմ, էլի լավ է։

Փաշինյանը կկարողանա՞ ամբողջական գնահատական տալ նիկոլիզմի հակապետական բնույթին, ցույց կտա մոտ ապագան։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի թիմակիցներից հիմա ստանալու է հարվածներ, որոնք տեղավորվում են նիկոլիզմի տրամաբանության մեջ։

Փաշինյանին, օդում կախված լուրերին հղում անելով, սկսելու են մեղադրել, որ նա Ամուլսարի փորձաքննության համար 400 հազար դոլար հատկացնելով լիբանանյան ընկերությանը՝ «ատկատ» է ստացել, որ նա Լիդիանից փայ է ստացել, որպեսզի հանքի շահագործման թույլտվություն տա, որ Աննա Հակոբյանի հիմնադրամներին Լիդիանը հսկայական գումարներ է փոխանցել և այլն, և այլն, և այլն։

Այս բոլոր ստերը տարածվելու են Փաշինյանի դեմ՝ էժանագին ընդդիմադիր Նիկոլի ոճով։ Փաշինյանը հիմա զգալու է Նիկոլի բամբասանքային ելույթների ամբողջ հմայքը սեփական մաշկի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը