Աշխարհ

19.08.2019 20:32


Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններն արձագանքել են քաղաքապետների պաշտոնակնությանը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններն արձագանքել են քաղաքապետների պաշտոնակնությանը

Թուրքիայում ահաբեկչական կառույցի հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետները։ Նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել նույնանուն նահանգների նահանգապետները։

Պաշտոնանկ եղած քաղաքապետները, որոնք ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամներ են, ընդվզել են ներքին գործերի նախարարության որոշման դեմ։ ԺԴԿ-ական Հասան Քափլանը հայտարարել է․ «Պատերազմի թմբուկները զարկում են։ Այս ընթացքում կտեսնենք, թե ով է բարեկամ, ով՝ թշնամի»։

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հետ զրույցում ասել է․ «Մենք կանգնած ենք նոր հեղաշրջման շեմին։ Հեղաշրջումները միայն տանկերով ու թնդանոթներով չեն լինում։ Մենք բոլորս տեսնում ենք, որ հեղաշրջման հարվածը հասցվում է նաև ժողովրդի կամքին, ընտրությունների քվեատուփերին։ Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որը չի տեղավորվում ոչ իրավունքի, ոչ ժողովրդավարության սահմաններում»։

Թանրըքուլուն անդրադարձել է նաև ընդամենը 4․5 ամիս առաջ ընտրված քաղաքապետների՝ պաշտոնից հեռացման հանգամանքին՝ դա որակելով որպես ժողովրդավարության ոտնահարում։ Նա հավելել է, որ այդ քայլով փորձ է արվում զրկել ժողովրդին նույնիսկ արդար քաղաքականության ակնկալիքից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը