Մեկնաբանություն

19.08.2019 12:28


Փաշինյանը մնաց իր «պրիոմի» տակ

Փաշինյանը մնաց իր «պրիոմի» տակ

Երբ հետհեղափոխական էյֆորիայի փուլում փակեցին Ամուլսարի հանքի ճանապարհները, Փաշինյանն առնվազն դեմ չէր։ Նույնիսկ տպավորություն կար, որ նա «տակից» խրախուսում է ճանապարհ փակողներին։

Ճանապարհն ապօրինաբար փակելուն դեմ չլինելու պատճառները մի քանիսն էին՝

1. Փողոց փակելով իշխանության եկած մարդը չէր կարող վարչապետ դառնալու հաջորդ օրն արգելել փողոց փակել։ Ցուցարարները և նրանց հետևում կանգնածները շատ լավ հաշվարկել էին հոգեբանական այդ պահը և անցել գործի։

2. Փաշինյանն անկեղծորեն մտածում էր, որ հանքի հետևում նախկին իշխանությունների կոռուպցիոն գործարք կա, և կարելի է հանքը փակողներին օգտագործելով՝ «բռնոցի–բացահայտոցի» խաղալ, իսկ հետագայում փող պոկել հանքի շահագործման թույլտվություն տալու դիմաց՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ։

3. Փաշինյանը հանքի պահով որոշում չուներ, և իրեն ժամանակ էր պետք ձգել։ Փակված փողոցն այդ ժամանակը նրան տալիս էր։

4. Փաշինյանի հետ հեղափոխություն արած «բնապահպանները», նրա մտերիմ թիմակիցները մշտապես հանդես էին եկել հանքի դեմ, պոպուլիզմով զբաղվել ու «բնապահպանական» թեմաներով գրանտներ մսխել, և շատ դժվար էր իշխանության գալու հաջորդ օրը հայտարարել, որ մինչ այդ ինքն ու իր ընկերները «մուտիտներով» են զբաղվել ու հանրությունից էմոցիա գողանալով՝ «աչոկներ» հավաքել Հայաստանի շահերի հաշվին։

Հիմա, երբ Նիկոլը վարչապետ է, փողի ու ներդրումների դեֆիցիտ է զգում և շատ լավ տեսնում, որ իր տիպի ընդդիմադիրները կործանարար են, չի կարողանում որոշում կայացնել, քանզի մնացել է իր իսկ կիրառած «պրիոմի» տակ։ Նա այնքան ստեր է տարածել ու «նախկինում ընդունած բոլոր որոշումների տակ թալան ու կոռուպցիա կար» բանաձևը քարոզել, որ հիմա իր իսկ բառապաշարով ու մեթոդներով ստիպում են հանքի շահագործման թույլտվություն չտալ։ Պոպուլիստ ու դատարկախոս Փաշինյանը դարձել է պոպուլիզմի ու դատարկախոսության զոհ, բայց չի կարողանում ազատվել անցյալի բեռից։

Ամուլսարի հետ կապված այնպիսի վիճակ է ստեղծվել, որ Փաշինյանին հիմա պոպուլիզմը չի փրկի։ Նա չի կարող հա՛մ հանքի շահագործման դեմ, հա՛մ կողմ հանդես եկող մարդկանց բավարարել։ Իսկ որոշում կայացնելն ու հստակ դիրքորոշում ունենալը հակասում է պոպուլիստի էությանը։

Փաշինյանի համար Ամուլսարը պարտված խաղ է ցանկացած որոշման պարագայում։ Ու քանի որ այդ հարցը ոչ միայն ու ոչ այնքան բնապահպանական է, որքան քաղաքական, ուստի «ժողովրդի» վարչապետի համար քաղաքական պարտությունը երաշխավորված է։ Մնում է, որ նա գոնե այստեղ ռացիոնալ լինի ու պետականամետ որոշում կայացնի, այլ ոչ թե մի ոտքով մնա փողոցում, իսկ մյուսով՝ կաբինետում։ Ճողվածք կստանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը