Մեկնաբանություն

19.08.2019 16:45


Դավիթ Սանասարյանի հոգու ճիչը` ուղղված նախկինների՞ն, թե՞...  ներկաներին

Դավիթ Սանասարյանի հոգու ճիչը` ուղղված  նախկինների՞ն, թե՞...  ներկաներին

Իրոք որ զարմանալի ժամանակներում ենք ապրում։

Ռացիոնալ վարքագծի մասին վաղուց մոռացած, ռացիոնալության բոլոր սահմաններն անցած Փաշինյանը խոսում է «ռացիոնալության պակասից»։

Ճիշտ պահին «Ժառանգությունից» թռած եւ ՔՊ-ական գրված Դավիթ Սանասարյանն էլ, որին իր հարազատ «թավշյահեղափոխական» իրավապահ համակարգը մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահման եւ կաշառակերության մեջ, ընդդիմախոսների գլխին բարոյախրատական քարոզներ է կարդում «մեղքերն ինքնակամ խոստովանելու ու թալանածը վերադարձնելու» թեմայով։

«Գողոնը ձեռքին» բռնված «հեղափոխական» սույն Փանջունին օրերս հառնեց անհայտությունից եւ տատանեց օդը` դիմեց «նախկիններին» ու նախատեց, թե` չոքեչոք մեր հետեւից ման գալու, մեղքերի թողություն աղերսելու փոխարեն համարձակվում եք քայլիշխանության թանին թթո՞ւ ասել. «Ազատ եք, խոսեք՝ ինչից ուզում եք, բայց նախեւառաջ հրապարակային ասեք ներողություն, թալանածը վերադարձրեք, ինքնակամ խոստովանեք ձեր գործած հանցանքները, ու դրանից հետո կարող ենք ձեւավորել ազգային համերաշխություն։ Փոխարենը՝ դուրս եք եկել ռեւանշի. հավանաբար, թույլ ենք գտնվել ձեր նկատմամբ (թույլ չլինեին` հիմա առանց դատ ու դատաստանի լյումպենին ի ցույց` առանց դատ ու դատաստանի բոլորին Հանրապետության հրապարակում կոճի թելով կախած կլինեին.-Լ.Պ.), հակառակ դեպքում մեզ դասեր տալու առիթ չէիք ունենա»։

Մի կողմ թողնենք` որքանո՞վ «ռացիոնալ» է, երբ իրեն առաջադրված մեղադրանքը թողած` ուրիշներին է մեղադրում «թալանելու» եւ բազմաթիվ, բազմատեսակ մահացու այլ մեղքերի մեջ։ Ընդ որում` բացարձակապես թքած ունենալով նույն բազմաչարչար անմեղության կանխավարկածի վրա, «մոռանալով», որ «թալանի» մասին մերկապարանոց խոսակցությունները դեռ պետք է հիմնավորել շատ կոնկրետ իրեղեն ապացույցներով։

Սա այն դեպքերից է, որոնց մասին ասում են` կո՛ւժ, քեզ ասեմ, կուլա՛, դու լսի։ Նախկին գլխավոր վերահսկողի հոգու սրտակեղեք ճիչն իրականում ուղղված է ոչ այնքան «նախկիններին», որքան «ներկաներին». թափանցիկ ակնարկ, որ կարելի է «ինքնակամ խոստովանել մեղքերը», վերադարձնել «գողոնը», եւ «թռնել արդարադատության գնացքից», ինչն էլ մեր հերոսը, դատելով ամենից, Փաշինյանի ու իր գրպանային իրավապահ համակարգի թողտվությամբ պատրաստվում է անել`ասելով. «Սխալն ուղղելու ճամփան միշտ կա, կարեւորը՝ հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ սերն անսպառ է»...

Մարդը հո իզուր չէր օրը մի քանի անգամ տոչորվում «հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ անսպառ սիրով» եւ իր բոլոր ֆեյսբուքյան գրառումները եզրափակում «հպարտ քաղաքացիներին» ուղղված ջերմ սիրո եւ հավատարմության երդումներով՝ «Սիրում եմ բոլորիդ»...

Ուրիշ բան, որ այդ կատեգորիայի մեջ նախկինները չեն մտնում. առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն անցել թավիշների թրի տակով` չեն խոստովանել իրենց կատարած ու չկատարած հանցագործություններն ու «թալանածը» չթալանածի հետ մեկտեղ՝ չեն վերադարձրել (չխորանանք` ում, որտեղ, որ հիմնադրամներին) ու չեն արժանացել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի ներքո կոռուպցիայով զբաղվելու համար իշխանազրկված «թավշյա» չինովնիկի «ներմանը»։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը