Կարծիք

18.08.2019 13:43


Թավշյա խաբեություն

Թավշյա խաբեություն

Կեղտոտ քաղ. տեխնոլոգիաներից է նաև լավ գաղափարների միտումնավոր արժեզրկումն ու արատավորումը: Ինչպե՞ս է դա արվում և ինչո՞ւ: Արվում է առաջին հերթին դրա դեմ պայքարելու համար, և քանի որ ուղիղ գաղափարական պայքարը շատ ավելի դժվար կլինի, ապա ստիպված կիրառում են կեղտոտ քարոզչական տեխնոլոգիաներ: Օրինակ՝ ժողովրդավարությունը լավ բան է. այն, նախ և առաջ, մարդկանց իրավահավասարություն է նշանակում, որը մարդու իրավունքների և ազատությունների ամենահիմնական գրավականն է, բայց եթե, օրինակ, մեր երկրում մարդկանց հարցնես, թե լա՞վ բան է արդյոք ժողովրդավարությունը, ապա նրանց մեծամասնությունը կասի՝ ոչ: Ինչո՞ւ, որովհետև նրանց համոզել են, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրենք ապրում են ժողովրդավարության պայմաններում, իսկ մենք գիտենք, որ ԽՍՀՄ-ի գոնե վերջին 30 տարիների ընթացքում մարդիկ ավելի բարեկեցիկ ու ավելի պաշտպանված կյանքով էին ապրում, քան թե ԽՍՀՄ-ին հաջորդած 30 տարիների ընթացքում, հետևաբար մարդիկ, հիշելով իրենց ոչ ժողովրդավարական խորհրդային անցյալը, համեմատելով ներկայիս «ժողովրդավարական» կարգերի հետ, բնականաբար, սկսում են չընդունել ու չսիրել ժողովրդավարությունը՝ չհասկանալով, որ այս կարգերը իրական ժողովրդավարության հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն:

Այս համտեքստում եմ ուզում քննել ՀՀ ներկայիս վարչապետի վարքը. այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ընդամենը կեղտոտ քաղ. տեխնոլոգիաների շարան է, նա իր պահվածքով ժողովրդավարության գաղափարը արդեն այնքան է այլասերել, որ կարծես թե այլևս էլ տեղ չկա այլասերելու: Նրա շնորհիվ մարդիկ սկսել են ժողովրդավարությունը շփոթել ամբոխավարության հետ: Նրա՝ չափ ու սահման չճանաչող պոպուլիզմը, ամբոխահաճո ելույթները, ավտոբուսներում տուրիստների համար գիդ խաղալը, ամենուրեք սելֆիներ անելու և լայվ մտնելու խելապակասությունները, անհեթեթ փարթիները, նրա թիմակիցների տկարամիտ ու խիստ պրիմիտիվ պոռթկումները (հրապարակի կենտրոնում մամլո ասուլիս կազմակերպելը, Վարդավառին գորգ լվանալու տխմար շոուներ անելը և այլն) ու ընդգծված ապազգային կեցվածքը շատերի մոտ ընկալվում են որպես ժողովրդավարության դրսևորում, և դա շատ վտանգավոր է հենց ժողովրդավարության համար, քանզի մարդիկ դադարում են հասկանալ այդ երևույթի բուն էությունը և սկսում են մտածել, որ ժողովրդավարությունը հենց դա է, որ կա, այսինքն՝ այսօրվա թավիշների կապիկությունները և նրանց ապազգային բարբաջանքներն ու այդ ուղղությամբ տարվող գործունեությունը:

Որպես հետևություն՝ կարող եմ ասել, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության գաղափարը այնքան հարվածի տակ չէր եղել, այնքան չէր ապականվել, որքան այս թավշյա 1,5 տարվա ընթացքում. սրանք բառացիորեն պատերազմ են հայտարարել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առհասարակ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը