Մեկնաբանություն

17.08.2019 13:00


Երկիրը կազմաքանդելու բիզնես-պլանը հո՞ պոզով-պոչով չի լինում

Երկիրը կազմաքանդելու բիզնես-պլանը հո՞ պոզով-պոչով  չի լինում

Մղձավանջային ծանր երազ տեսե՞լ եք. երբ հետդ «չլինելու բաներ են կատարվում», որ երբեք եւ ոչ մի դեպքում չեն կարող լինել` ոչ քո հետ, ո՛չ ուրիշի։

Երբ ուզում ես արթնանալ` չես արթնանում, փորձում ես գոռալ` չես կարողանում, տրորում ես աչքերդ, կսմթում ինքդ քեզ` ապարդյուն. ոչի՛նչ չի օգնում...

Այն, ինչ տեղի է ունենում դատական իշխանության եւ հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ նիկոլապետական «Նոր Հայաստանում», իսկ եւ իսկ` մղձավանջային երազի պես մի բան է։

Մտածում ես` չի՛ կարող պատահել։ Սա չի կարող իրականություն լինել, 21-րդ դարում նման բան հնարավոր չէ` այս ամենը չի կարող երկար շարունակվել. խելացնորության այս փոթորիկն ուր-որ է`կանցնի-կգնա, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց ո՛չ` մղձավանջը շարունակվում է եւ ավելի ու ավելի է ահագնանում։

Տրամաբանության` մարդկային պարզ տրամաբանության, բանականության ճգնաժամը (պետականության մասին արդեն չենք խոսում) «քայլ առ քայլ» լցնում է մեր կյանքի բոլոր ծակուծուկերը, ու թունելի վերջում լույսը չի երեւում։

Իշխանության երես չտեսած, կառավարման տարրական հմտություններից կիլոմետրերով հեռու «գյոռմամիշների» թիմը, որոնց միակ արժանիքը երկրիս թիվ 1 «փաշիստի» հետ քայլելն էր, «ժողովրդի» (հպարտ քաղաքացու) կոշտուկները տրորելով, ոտնահարելով Սահմանադրության բոլոր նորմերը՝ տիրացավ գործադիր իշխանությանը։ Հետո աչքը տնկեց Երեւանի քաղաքապետարանի վրա, փողոցային շանտաժի «ուժով» դա էլ ձեռքը գցեց։

Բայց իշխանության քաղցրությունը ճաշակած բիրդանաղաներին լիակատար երջանկության` երկիրը բուդկի պես սեփականաշնորհելու համար մի հատ էլ Ազգային ժողովում ցանկացած որոշում, ցանկացած օրենք անցկացնելու համար անհրաժեշտ «որակյալ մեծամասնություն» էր պետք։ Եվ ժողովրդի անտարբեր մեծամասնության լուռ համաձայնությամբ օրենսդիր մարմինն էլ ուզուրպացրին։

Հիմա լկտիաբար երկու ոտքը դրել են մի մաշիկի մեջ ու ասում են` էս սարն իմն է, էս ծառն իմն է. ճաքեք էլ, տրաքեք էլ`դատական համակարգն ամբողջությամբ, անհատույց սեփականության կարգով, Սահմանադրական դատարանն էլ` վրադիր, ուզեք-չուզեք, պետք է մատուցեք ապրիլյան «ֆեյք հեղափոխության» զոհասեղանին ու սկուտեղի վրա փոխանցեք մեր սրտի դատավորներին։

Մենք էլ, բան ու գործ թողած` ծանրումեծ քննարկում ենք, վերլուծում, բանավիճում, փաստարկներ, հակափաստարկներ բերում, հիմնավորում, ապացուցում, որ իրավական եւ ժողովրդավարական պետության մեջ, ինչպիսին Հայաստանն է` մինչեւ հիմա ընդունված, լավ թե վատ աշխատած, երկրի շատից-քչից կայուն եւ կանխատեսելի զարգացումն ապահոված բոլոր երեք Սահմանադրություններով, չի կարող լինել այն, ինչ այսօր կատարվում է դատական համակարգի եւ Սահմանադրական դատարանի հետ։

Ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված երկիր «կառուցելու»` պետությունը կազմաքանդելու «բիզնես-պլանը» հո՞ պոզով-պոչով չի լինում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը