Արմեն Գևորգյան. Ինչո՞ւ պետք է մեզ մտահոգի սպառողական վարկավորման աճը
Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում անդրադարձել է սպառողական վարկավորման հետ կապված հարցերին, նշում, թե որքանով է դրանց աճը վտանգավոր Հայաստանի համար։
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Վերջին շրջանում սպառողական վարկավորման հետ կապված հարցը լուրջ մտահոգության առարկա է դարձել։ Ընդ որում՝ այդ հարցը արդիական է ոչ միայն մեր երկրում, այլև ԵԱՏՄ այլ երկրներում։ Իմ այս հոդվածի նպատակը Հայաստանում նույնպես պատկան մարմինների և փորձագիտական շրջանակների ուշադրությունը գրավելն է։ Ցավոք, իշխանական ամենաանարդյունավետ ավանդույթը եղել և մնում է ցանկության բացակայությունը՝ իրենց իսկ կողմից գործնական խնդիրներ բարձրացնելու և այդ թեմայով կոնստրուկտիվ երկխոսություն սկսելու։ Իշխանությունները կամ համառորեն հերքում են առկա խնդիրները կամ նույնքան համառորեն պնդում իրենց իրավացիությունը։
Իրականում պետք էր, որ իշխանությունն ինքը ձևակերպեր խնդիրները, լսեր հանրային և փորձագիտական այլընտրանքային տեսակետները և դրա արդյունքում գնահատեր բոլոր ռիսկերը։ Այս թեմայով նույն Ռուսաստանում լուրջ հանրային բանավեճ է նախաձեռնել էկոնոմիկայի նախարարը, իսկ նրա հիմնական ընդդիմախոսը դարձել է կենտրոնական բանկը։ Նրանց միացել են փորձագիտական շրջանակները և գործարար հանրությունը։ Նման քննարկումային մշակույթից պետությունը միայն շահում է։ Ինչևէ։
Որպես այդպիսին՝ սպառողական վարկավորման աճը տնտեսության տեսանկյունից դրական երևույթ է։ Սակայն դա այդպես է, քանի դեռ դրա չափերն ու աճի հետ կապված ռիսկերը կառավարելի են։ Ինչո՞ւ մեզ պետք է մտահոգի Հայաստանում սպառողական վարկավորման աճը։ Պատասխանը շատ պարզ է. մեզ մոտ առկա հին ռիսկերի կողքին ձևավորվում են նորերը, իսկ դրանց չեզոքացման միջոցները դեռ տեսանելի չեն։
Որտե՞ղ է հիմնական խնդիրը։ Խնդիրը սպառողական վարկերի պորտֆելի և բնակչության իրական եկամուտների աճի էական տարբերության մեջ է։ Այս տարբերությունը կարող է հանգեցնել նրան, որ մի պահ բազմաթիվ պարտապաններ այլևս ի վիճակի չեն լինի մարել բանկերում ունեցած իրենց վարկերը։ Ինչո՞ւ է աճում այս տարբերությունը։ Որովհետև տնտեսության մեջ տեղի չեն ունենում այնպիսի գործընթացներ, որոնք բնակչության մոտ կգեներացնեին նոր եկամուտներ կամ կավելացնեն եղած եկամուտները։
Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը.
1. Իրական նոր արտաքին ներդրումների՝ նոր ծրագրերի ու նոր աշխատատեղերի, նոր ֆինանսական հոսքերի բացակայությունը։ Երկրի ներսում առկա խնդիրները խոշոր ներդրողների հետ. Լիդիան Արմենիա, Սանիտեկ, Սպայկա և այլն։
2. Պետությունն ինքը վերջին 1,5 տարվա ընթացքում կրճատել է ծախսերը տարբեր շարժառիթներով՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարից, մինչև ֆինանսավորման համար արժանի գաղափարների կամ ծրագրերի բացակայությունը, ինչը չի հանգեցնում ֆինանսական հոսքերի աճի։
3. Շինարարություն. աճը այստեղ տեղի է ունենում ոչ թե արտաքին աղբյուրների՝ անշարժ գույքի գնորդների հաշվին, այլ շնորհիվ ներքին աղբյուրների՝ հիփոթեքի: Արտաքին ներդրողները առայժմ երկրի ներքին իրավիճակի հետ կապված սպասողական վիճակում են։
4. Պետական հատվածում չկա պետական ծառայողների եկամուտների մակարդակի էական աճ՝ աշխատավարձեր և այլն։ Սկսել են կրճատվել պարգևավճարներն ու այլ լրացուցիչ վճարներ։
5. Բնակչության մեծ մասի մոտ չի ձևավորվում սպառողական վարկավորման նոր մշակույթ։ Սպառողների երիտասարդ սերունդը դեռ նոր է սկսել ադապտացվել վարկավորման մշակույթին, սեփական եկամուտների ու ծախսերի ռացիոնալացմանը, դրանց երկարաժամկետ պլանավորմանը։ Մինչ այդ մշակույթը կդառնա համընդհանուր, մենք պետք է հնարավորինս օպտիմալ ձևով խուսափենք բանկային ոլորտում խնդիրներից։
6. Պատկերացրեք նաև մի իրավիճակ, երբ մենք կմեծացնենք գույքահարկը և այդ բեռը կընկնի նաև այն համաքաղաքացիների ուսերին, որոնք միաժամանակ ունեն նաև վարկեր։
7. Այս ռիսկերը պետք է մտահոգեն նաև բանկերին, որոք այս փուլում կարող են որոշակի օգուտներ ստանալ՝ սպառողական վարկավորումից ստացվող բարձր եկամուտների հաշվին, սակայն շուտով կարող են հայտվել մի իրավիճակում, երբ կաճեն չմարված վարկերի ծավալներն ու կմեծանան վարկային պարտավորությունները։ Չէ որ բանկերի հիմնական գործառույթը տնտեսության վարկավորումն է նախ և առաջ արդյունաբերության, ծառայությունների, էներգետիկայի և իրական տնտեսության այլ ոլորտներում։ Սակայն բանկերը, հասկանալով, որ իրական հատվածում վարկավորումը խնդրահարույց է, սկսել են մշակել և առաջարկել սպառողական վարկավորման բազմաթիվ նոր պրոդուկտներ, որպեսզի կարողանան ապահովել իրենց աշխատանքի ընթացիկ եկամտաբերությունը։
8.Էական բացասական հետևանք կարող է ունենալ վարկային պարտավորությունների չեղարկման պրակտիկան։ Ինձ հայտնի չէ, թե ինչ սոցիալական կամ տնտեսական արդյունք է ունեցել այդ քայլը 2018թ-ին, սակայն բնակչության մոտ կարող են ձևավորվել ոչ ճիշտ սպասելիքներ, ինչը իր հերթին կարող է բացասաբար ազդել բանկային ոլորտի աշխատանքի վրա։
9. Կառավարության համար մեծ խնդիր կդառնա բնակչության զանգվածային մասնակցությունը էլեկտրոնային մոլախաղերին։ Այս երևույթը դառնում է խաղային բրոքերներից մեծ թվով մարդկանց ֆինանսական կախվածության ևս մեկ ձև։ Սկսում են ակտիվորեն աշխատել պարտքերը տոտալիզատորներին (կոլեկտորական ծառայություններ) վերադարձնելու ստվերային սխեմաներ, շատերի համար այս պարտքերի վերադարձը ավելի առաջնահերթ է դառնում, քան բանկերում ունեցած պարտավորությունների մարումը։
10.Փոխվել է այն իրավիճակը, երբ նախկինում առկա էին եկամուտների էական ստվերային աղբյուրներ. հիմա կամ չկան այդպիսիք, կամ դրանց թիվն իրոք նվազել է։ Նախկինում վարկերը հնարավոր էր փակել աշխատավարձի միջոցով, իսկ ընթացիկ ծախսերը «կողմնակի եկամուտների» հաշվին։ Հիմա հարկավոր է կամ պահպանել բարեկեցության նախկին մակարդակը, կամ կրճատել ծախսերն ու ամբիցիաները։ Հաշվի առնելով հայկական բնավորության առանձնահատկությունները, ավելի շուտ կխրվենք նոր պարտքերի մեջ, քան կսկսենք ապրել նախկինից ավելի վատ։
«Կողմնակի եկամուտների» երևույթի հոգեբանությունը մեր ավագ և միջին սերունդի ներկայացուցիչների համար նոր չէ՝ հիշեք խորհրդային «Երջանկության մեխանիկա» ֆիլմի (1982թ.) դրվագը։ Հետխորհդային փուլում, անկախության տարիներին, կարծում եմ՝ նաև այսօր, Հայաստանի բնակչության որոշ մասը «կողմնակի եկամուտները» ստանում է
· Ստվերային եկամուտների
· Տրանսֆերտների
· «Ծրարով» աշխատավարձերի տեսքով։
Ի՞նչն է մեզ առայժմ օգնում խուսափել լուրջ խնդիրներից։
Մեծ չափի տրանսֆերտերը Ռուսաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորման առանձնահատկությունների հաշվին կանխիկ դրամական հոսքերը Ռուսաստանից՝ Հայաստան։ Գնաճի համեմատաբար ցածր մակարդակը, սպառման սեզոնայնությունը, հատկապես՝ սննդի ոլորտում։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հաճախ է արդարացիորեն խոսում այսպես կոչված տոքսիկ եկամուտների մասին, որոնք կրում են ժամանակավոր բնույթ։ Գոյություն ունեն նաև այլ ժամանակավոր երևույթներ, ինչպես ասենք տուրիստական ոլորտի ակտիվացումը, որը բերում է ծառայությունների ոլորտում լրացուցիչ եկամուտների։ Ջրի, գազի, տրանսպորտի և վառելիքի գների էական աճը առայժմ զսպելու հնարավորությունը։ Բնակչության որոշ հատվածի կողմից ավելի լավ ժամանակների հույսը։
Ի՞նչ կարող է անել կառավարությունը:
· Ուսումնասիրել սպառողական վարկավորման կառուցվածքը, հասկանալ, թե դրանում որքան են կազմում պետական ծառայողների ու հատկապես ուժայինների կողմից վերցված սպառողական վարկերը։ Զինվորականը, կամ ուժային մարմնի ներկայացուցիչը, ում մտքում մշտապես այն հարցն է, թե ինչպես վերադարձնել պարտքերը, մեծ խնդիր է արդյունավետ պետական ծառայության համար։
· Իրականացնել որակյալ վերլուծություն, թե ինչ նպատակներով են օգտագործվել այդ միջոցները՝ դրանք երկրում սպառողական ապրանքների ծավալի վրա համապատասխան էական ազդեցություն ունեցե՞լ են, ստեղծե՞լ են հավելյալ արժեք, թե՞ ուղակի էլեմենտար ձևով «մսխվել» են։
· Ինչպիսի՞ն է սպառողական վարկավորման և բնակչության իրական եկամուտների աճի հարաբերակցությունը։
· Հասկանալ, թե որքանով դրական ազդեցություն կարող է ունենալ եկամտահարկի նոր համակարգը սպառողական վարկավորման վրա և այդ հաշվարկները ներկայացնել հանրությանը։
· Ձեռնարկել ադեկվատ միջոցներ, որոնց կիրառումը թույլ կտա, որպեսզի բնակչության իրական եկամուտները զգալիորեն աճեն, և միջին ընտանիքի ընդհանուր եկամուտը հնարավորություն կտա սպասարկել վերցված վարկերը։
· Սկսել սպառողական վարկավորման նորմատիվների՝ թեկուզ ժամանակավոր փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ քննակումներ՝ խստացնելով վարկերի տրամադրման պայմաններն ու ծավալները։
· Սկսել ուսումնասիրել պետական ծառայողների և տարբեր պաշտոնյաների վարկային պատմությունները, այդ թվում կոռուպցիոն ռիսկերից և երևույթներից խուսափելու՝ պրոֆիլակտիկայի համար. մեծ վարկային պորտֆելն ու դրա մարման օրինական ֆինանսական՝ անհամարժեքորեն փոքր բազան խնդիրների պոտենցյալ աղբյուր է։
· Միջոցներ ձեռնարկել էլեկտրոնային մոլախաղերին բնակչության զանգվածային մասնակցությունը սահմանափակելու ուղղությամբ և ուժեղացնել պայքարը պարտքերի հավաքագրման ստվերային սխեմաների դեմ:
Ընդհանուր առմամբ հարկավոր է շատ զգույշ և ուշադիր մոտենալ Հայաստանի համար տնտեսության երկու առանցքային ոլորտների՝ բանկային հատվածի և էներգետիկ համակարգի կայունության պահպանման և ռազմավարական զարգացման հարցերին։ Այս երկու հատվածներում ցանկացած էական համակարգային ձախողում նշանակում է երկրի մրցունակության և ներդրումային գրավչության կորուստ։ Արդեն իսկ կա երկու նախանշան՝ բանկային գաղտնիքի պահպանման անլիարժեքության դրվագները և հուլիսի 9-ի՝ այսպես կոչված «բլեքաութը»։
Արմեն Գևորգյան. Ինչո՞ւ պետք է մեզ մտահոգի սպառողական վարկավորման աճը
Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում անդրադարձել է սպառողական վարկավորման հետ կապված հարցերին, նշում, թե որքանով է դրանց աճը վտանգավոր Հայաստանի համար։
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Վերջին շրջանում սպառողական վարկավորման հետ կապված հարցը լուրջ մտահոգության առարկա է դարձել։ Ընդ որում՝ այդ հարցը արդիական է ոչ միայն մեր երկրում, այլև ԵԱՏՄ այլ երկրներում։ Իմ այս հոդվածի նպատակը Հայաստանում նույնպես պատկան մարմինների և փորձագիտական շրջանակների ուշադրությունը գրավելն է։ Ցավոք, իշխանական ամենաանարդյունավետ ավանդույթը եղել և մնում է ցանկության բացակայությունը՝ իրենց իսկ կողմից գործնական խնդիրներ բարձրացնելու և այդ թեմայով կոնստրուկտիվ երկխոսություն սկսելու։ Իշխանությունները կամ համառորեն հերքում են առկա խնդիրները կամ նույնքան համառորեն պնդում իրենց իրավացիությունը։
Իրականում պետք էր, որ իշխանությունն ինքը ձևակերպեր խնդիրները, լսեր հանրային և փորձագիտական այլընտրանքային տեսակետները և դրա արդյունքում գնահատեր բոլոր ռիսկերը։ Այս թեմայով նույն Ռուսաստանում լուրջ հանրային բանավեճ է նախաձեռնել էկոնոմիկայի նախարարը, իսկ նրա հիմնական ընդդիմախոսը դարձել է կենտրոնական բանկը։ Նրանց միացել են փորձագիտական շրջանակները և գործարար հանրությունը։ Նման քննարկումային մշակույթից պետությունը միայն շահում է։ Ինչևէ։
Որպես այդպիսին՝ սպառողական վարկավորման աճը տնտեսության տեսանկյունից դրական երևույթ է։ Սակայն դա այդպես է, քանի դեռ դրա չափերն ու աճի հետ կապված ռիսկերը կառավարելի են։ Ինչո՞ւ մեզ պետք է մտահոգի Հայաստանում սպառողական վարկավորման աճը։ Պատասխանը շատ պարզ է. մեզ մոտ առկա հին ռիսկերի կողքին ձևավորվում են նորերը, իսկ դրանց չեզոքացման միջոցները դեռ տեսանելի չեն։
Որտե՞ղ է հիմնական խնդիրը։ Խնդիրը սպառողական վարկերի պորտֆելի և բնակչության իրական եկամուտների աճի էական տարբերության մեջ է։ Այս տարբերությունը կարող է հանգեցնել նրան, որ մի պահ բազմաթիվ պարտապաններ այլևս ի վիճակի չեն լինի մարել բանկերում ունեցած իրենց վարկերը։ Ինչո՞ւ է աճում այս տարբերությունը։ Որովհետև տնտեսության մեջ տեղի չեն ունենում այնպիսի գործընթացներ, որոնք բնակչության մոտ կգեներացնեին նոր եկամուտներ կամ կավելացնեն եղած եկամուտները։
Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը.
1. Իրական նոր արտաքին ներդրումների՝ նոր ծրագրերի ու նոր աշխատատեղերի, նոր ֆինանսական հոսքերի բացակայությունը։ Երկրի ներսում առկա խնդիրները խոշոր ներդրողների հետ. Լիդիան Արմենիա, Սանիտեկ, Սպայկա և այլն։
2. Պետությունն ինքը վերջին 1,5 տարվա ընթացքում կրճատել է ծախսերը տարբեր շարժառիթներով՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարից, մինչև ֆինանսավորման համար արժանի գաղափարների կամ ծրագրերի բացակայությունը, ինչը չի հանգեցնում ֆինանսական հոսքերի աճի։
3. Շինարարություն. աճը այստեղ տեղի է ունենում ոչ թե արտաքին աղբյուրների՝ անշարժ գույքի գնորդների հաշվին, այլ շնորհիվ ներքին աղբյուրների՝ հիփոթեքի: Արտաքին ներդրողները առայժմ երկրի ներքին իրավիճակի հետ կապված սպասողական վիճակում են։
4. Պետական հատվածում չկա պետական ծառայողների եկամուտների մակարդակի էական աճ՝ աշխատավարձեր և այլն։ Սկսել են կրճատվել պարգևավճարներն ու այլ լրացուցիչ վճարներ։
5. Բնակչության մեծ մասի մոտ չի ձևավորվում սպառողական վարկավորման նոր մշակույթ։ Սպառողների երիտասարդ սերունդը դեռ նոր է սկսել ադապտացվել վարկավորման մշակույթին, սեփական եկամուտների ու ծախսերի ռացիոնալացմանը, դրանց երկարաժամկետ պլանավորմանը։ Մինչ այդ մշակույթը կդառնա համընդհանուր, մենք պետք է հնարավորինս օպտիմալ ձևով խուսափենք բանկային ոլորտում խնդիրներից։
6. Պատկերացրեք նաև մի իրավիճակ, երբ մենք կմեծացնենք գույքահարկը և այդ բեռը կընկնի նաև այն համաքաղաքացիների ուսերին, որոնք միաժամանակ ունեն նաև վարկեր։
7. Այս ռիսկերը պետք է մտահոգեն նաև բանկերին, որոք այս փուլում կարող են որոշակի օգուտներ ստանալ՝ սպառողական վարկավորումից ստացվող բարձր եկամուտների հաշվին, սակայն շուտով կարող են հայտվել մի իրավիճակում, երբ կաճեն չմարված վարկերի ծավալներն ու կմեծանան վարկային պարտավորությունները։ Չէ որ բանկերի հիմնական գործառույթը տնտեսության վարկավորումն է նախ և առաջ արդյունաբերության, ծառայությունների, էներգետիկայի և իրական տնտեսության այլ ոլորտներում։ Սակայն բանկերը, հասկանալով, որ իրական հատվածում վարկավորումը խնդրահարույց է, սկսել են մշակել և առաջարկել սպառողական վարկավորման բազմաթիվ նոր պրոդուկտներ, որպեսզի կարողանան ապահովել իրենց աշխատանքի ընթացիկ եկամտաբերությունը։
8.Էական բացասական հետևանք կարող է ունենալ վարկային պարտավորությունների չեղարկման պրակտիկան։ Ինձ հայտնի չէ, թե ինչ սոցիալական կամ տնտեսական արդյունք է ունեցել այդ քայլը 2018թ-ին, սակայն բնակչության մոտ կարող են ձևավորվել ոչ ճիշտ սպասելիքներ, ինչը իր հերթին կարող է բացասաբար ազդել բանկային ոլորտի աշխատանքի վրա։
9. Կառավարության համար մեծ խնդիր կդառնա բնակչության զանգվածային մասնակցությունը էլեկտրոնային մոլախաղերին։ Այս երևույթը դառնում է խաղային բրոքերներից մեծ թվով մարդկանց ֆինանսական կախվածության ևս մեկ ձև։ Սկսում են ակտիվորեն աշխատել պարտքերը տոտալիզատորներին (կոլեկտորական ծառայություններ) վերադարձնելու ստվերային սխեմաներ, շատերի համար այս պարտքերի վերադարձը ավելի առաջնահերթ է դառնում, քան բանկերում ունեցած պարտավորությունների մարումը։
10.Փոխվել է այն իրավիճակը, երբ նախկինում առկա էին եկամուտների էական ստվերային աղբյուրներ. հիմա կամ չկան այդպիսիք, կամ դրանց թիվն իրոք նվազել է։ Նախկինում վարկերը հնարավոր էր փակել աշխատավարձի միջոցով, իսկ ընթացիկ ծախսերը «կողմնակի եկամուտների» հաշվին։ Հիմա հարկավոր է կամ պահպանել բարեկեցության նախկին մակարդակը, կամ կրճատել ծախսերն ու ամբիցիաները։ Հաշվի առնելով հայկական բնավորության առանձնահատկությունները, ավելի շուտ կխրվենք նոր պարտքերի մեջ, քան կսկսենք ապրել նախկինից ավելի վատ։
«Կողմնակի եկամուտների» երևույթի հոգեբանությունը մեր ավագ և միջին սերունդի ներկայացուցիչների համար նոր չէ՝ հիշեք խորհրդային «Երջանկության մեխանիկա» ֆիլմի (1982թ.) դրվագը։ Հետխորհդային փուլում, անկախության տարիներին, կարծում եմ՝ նաև այսօր, Հայաստանի բնակչության որոշ մասը «կողմնակի եկամուտները» ստանում է
· Ստվերային եկամուտների
· Տրանսֆերտների
· «Ծրարով» աշխատավարձերի տեսքով։
Ի՞նչն է մեզ առայժմ օգնում խուսափել լուրջ խնդիրներից։
Մեծ չափի տրանսֆերտերը Ռուսաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորման առանձնահատկությունների հաշվին կանխիկ դրամական հոսքերը Ռուսաստանից՝ Հայաստան։
Գնաճի համեմատաբար ցածր մակարդակը, սպառման սեզոնայնությունը, հատկապես՝ սննդի ոլորտում։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հաճախ է արդարացիորեն խոսում այսպես կոչված տոքսիկ եկամուտների մասին, որոնք կրում են ժամանակավոր բնույթ։ Գոյություն ունեն նաև այլ ժամանակավոր երևույթներ, ինչպես ասենք տուրիստական ոլորտի ակտիվացումը, որը բերում է ծառայությունների ոլորտում լրացուցիչ եկամուտների։
Ջրի, գազի, տրանսպորտի և վառելիքի գների էական աճը առայժմ զսպելու հնարավորությունը։
Բնակչության որոշ հատվածի կողմից ավելի լավ ժամանակների հույսը։