Կարծիք

14.08.2019 16:42


Անցանկալի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Շրջակա միջավայրի նախարարության և նախարարի վրա

Անցանկալի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Շրջակա միջավայրի նախարարության և նախարարի վրա

ՀՀՇ-ական ժամանակների «մեր դեմ խաղ չկա» կարգախոսն առավել քան արդիական է մեր օրերի համար: Կառավարման գրեթե բոլոր օղակներում այն դարձել է գործելաոճ: Բոլոր որոշումները կայացվում են կամ նեղ քաղաքական շրջանակի կամայական շահերի, կամ պաշտոնյաների քմահաճուքների հիման վրա:

Արդեն մի քանի շաբաթ է՝ Հայաստանի որսորդները բողոքում են Շրջակա միջավայրի նախարարության կամայականությունների դեմ՝ կապված առաջիկա որսաշրջանի կազմակերպման հետ: Զուտ տեղեկատվության համար նշեմ, որ խնդիրն այսօր չի ծագել, այն տարիների պատմություն ունի: Որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները տարիներ շարունակ ահազանգում են անվերահսկելի որսագողության, ձկնագողության դեմ, դիմում են նախարարությանն ու տեսչական մարմնին, որպեսզի խիստ վերահսկողություն սահմանվի ջրային տարածքներում և որսահանդակներում, որովհետև աղետալի մասշտաբների հասնող օրիանախախտումները վտանգում են հայրենի կենդանական աշխարհը, օրինավոր որսով զբաղվող հազարավոր քաղաքացիների իրավունքի իրացումը:

Ավաղ, տասնյակ նամակները, համագործակցության կոչերն ու կոնկրետ խախտումների վերաբերյալ հարյուրավոր բողոք-ահազանգերը մնացին անպատասխան, իսկ նախարարությունը կամայականորեն որոշեց որսը թույլատրել բացառապես հանգստյան օրերին: Նախկինում բոլոր պաշտոնյաները հասկանում էին, որ հասարակական կարծիքը թույլ չի տա գնալ կամայականությւնների և բացահայտ անմիտ քայլեր չէին կատարում: Բայց հիմա իրավիճակ է փոխվել՝ իշխանությունները զբաղված են բացառապես սեփական անհիմն ամբիցիաները բավարարելով:

Միայն ենթադրություններ կարելի է կատարել, թե ի՞նչ է կատարվում իրականում, որովհետև նախարարության տարբեր պաշտոնյաների և անձամբ նախարարի հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում այդպես էլ ոչ մի տրամաբանական հիմավորում չբերվեց, թե ինչո՞ւ հենց երկու օր: Իսկ այդ ենթադրությունները, գոնե իմ համար, ով մասնակցել է բոլոր քննարկումներին և հանդիպումներին, որոշակի իրական հիմք ունեն:

Այսպես՝ նախարարության բոլոր առաջարկները և պատճառաբանություններն անհիմն են, որովհետևգալիս և դեմ են առնում մի անխորտակելի պատի՝ վերահսկողությանը: Տարիներ շարունակ նախարարությունը, նախարարներն ու տեսչական մարմինը տրտնջացել են, որ որսագողության դեմ պայքարը ցանկալի արդյունքներ չի տալի: Հաճախ նաև հերքել են դա, մատնացույց անելով օրինախախտումների հայտնաբերման եզակի դեպքերը, բայց միայն այն հանգամանքը, որ բոլոր մակարդակներում բացահայտ խոսում են կենդանական ու ձկնաշխարհի օրեցօր ահագնացող ճգնաժամային վիճակի մասին, վկայում է, որ վերահսկողական աշխատանք գրեթե չի տարվում, կամ որ նույնն է, ոչ մի օգուտ չի տալի: Պատճառը շատ առօրեական է՝ բավարար միջոցներ ու մարդկային ռեսուրսներ չկան, ծառայողները կաշկանդված են ոչ աշխատանքային օրերով ու ժամերով: Ստեղծվել է լավ մշակված և արդյունավետ գործող հանցավոր համակարգ, որտեղ մասնակիցների մի մասը մյուսի անգործությունից ու թողտվությունից խրախուսված զբաղվում է որսագողությամբ: Այս համակարգը տարիների ընթացքում ծնել է մի այլ, ավելի արատավոր իրավիճակ, երբ ի պաշտոնե ապօրինությունների դեմ պայքարողներն ու ոլորտի քաղաքականություն մշակողները ստիպված են ակնհայտորեն թաքցնել իրենց անկարողությունը՝ ժխտելով ապօրինությունների դեմ պայքարի իրենց անգործության հետևանքները: Այսինքն չեն ընդունում որսագողության առկա ծավալները, որովհետև չեն կարողանում պայքարել դրա դեմ, չեն ընդունում որսի և որսորդական տնտեսությունների ժամանակակից մեթոդներով կազմակերպման և վարման եղանակները, որովհետև ի զորու չեն կառավարել համակարգը և շարունակում են մերժել մասնագետների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների առաջարկությունները:

Շուտով որսաշրջանը կմեկնարկի և Շրջակա միջավայրի նախարարության եկօրյա ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կպարտադրվի որսորդներին: Ցանկանում եմ սակայն մի հայտարարություն կատարել.

Շաբաթական երկու օր որսի թույլտվությունը հղի է անվտանգության տեխնիկայի կանոնների ակամա խախտումներով:

Շաբաթական երկու օր որսի թույլտվությամբ խախտվում են մարդկանց ազատություններն ու իրավունքները:

Շաբաթական երկու օր որսի թույլտվության արդյունքում համապատասխան արտոնագիր ունեցող որսորդները որսահանդակներում զանգվածային պրեսինգի պատճառով չեն կարղ ամբողջությամբ իրացնել իրենց կողմից վճարված (պետությունից փաստացի գնած) քանակները:

Որսահանդակներում պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում է՛լ ավելի է մեծանալու որսագողության դեպքերի թիվը, ստեղծվելու են կոնֆլիկտային իրավիճակներ որսորդների, որսագողերի, ֆերմերների և իշխանության ներկայացուցիչների միջև, որոնք հղի են անցանկալի, նույնիսկ ողբերգական հետևանքներով:

Ամենակարևորը՝ այս կամայականության արդյունքում առավելապես տուժելու է առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայրենի բնությունը:

Այս և այլ բացասական հետևանքների մասին գրավոր և բանավոր ձևով բազմիցս զգուշացվել է նախարարությանն ու նախարարին:

Այդքանից հետո այս պայմաններով որսի կազմակերպման անցանկալի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես Շրջակա միջավայրի նախարարության և նախարարի վրա:

Էդուարդ Սարիբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը