Մեկնաբանություն

19.04.2010 18:30


Հայկական եթերի «հմայքը»

Հայկական եթերի «հմայքը»

Ամենամասսայական լրատվամիջոցը համարվող հեռուստատեսությունը Հայաստանի Հանրապետությունում վաղուց որդեգրել է «ազատ, բայց պատասխանատու» լինելու գործելակերպը։ Այդ գործելակերպի էությունը հետևյալն է՝ լրատվական ծրագրերը պետք է ցույց տան, թե որքան լավ է կյանքը մեզ մոտ, և անընդհատ հիշեցնեն, թե ով է այսքան ուրախ կյանքը մեզ  տվել։ Բնականաբար, բազմաչարչար հեռուստադիտողին պետք է օգնել, որ նա գլխի ընկնի, որ իր ուրախ կյանքը կազմակերպվում է երկրի ղեկավարության բարձր հովանու ներքո։

Ասվածից հետևում է, որ վերլուծական հաղորդումներ կամ չպետք է լինեն, կամ այդ տիպի հաղորդումներն անդրադառնան միայն ու միայն միջազգային իրադարձություններին, բայց ոչ երբեք Հայաստանի ներքին կյանքի խնդիրներին։ Քաղաքական հաղորդումների հյուրերը պարտադիր պետք է ճշտվեին «վերևների» հետ։

Արդյունքում մեր «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցներն օպերատիվ կերպով լուսաբանում են Ադրբեջանի ընդդիմության դեմ իրականացվող բռնաճնշումները, վրացական ընդդիմության ցույցերն ու երթերը, Իրանի հետընտրական գործընթացները, Ուգո Չավեսի մարազմատիկ գործողությունները, Զիմբաբվեի ղեկավար Ռոբերտ Մուգամբայի ավտորիտար «կայֆերը», սակայն հենց գործը հասնում է Հայաստանին, մեր TV-ները դառնում են «ուրբաթախոս»։

Միակ բանը, որ հայկական հեռուստաալիքներին թույլատրված էր, եթերը «զվարճալի» ախմախություններով լցնելն ու իրենց պատկերացումների «գյորա» հեռուստասերիալ նկարելն էր։ Գրաքննություն չկար։ Յուրաքանչյուրն իր լավ կամ վատ ճաշակով, դաստիարակության աստիճանով, անլիարժեքության բարդույթներով ու գեղցիության մակարդակով «տելե» էր սարքել, որոնցից շատերից թրիքի հոտ է գալիս. գավառականությունն աչք է զարնում։

Լրատվական ու քաղաքական ծրագրերից դուրս եղած ազատությունը մի շատ հետաքրքիր արդյունքի հանգեցրեց։ Պարզվեց, որ մեր «տելևիզիոնշիկների» մեծ մասը քյարթու և ռաբիս մտածողություն ունի։ Հումորային կոչվող հաղորդումները հիմնականում գռեհկության շրջանակներում էին, իսկ ժամանցայինները՝ անմակարդակության։

Առանձին խոսակցության թեմա են հեռուստասերիալները, որոնք ներխուժեցին բոլորիս տները, և որոնք հիմնականում կրիմինալ ուղղվածություն ունեին։  Մի ահավոր մրցավազք սկսվեց հեռուստաալիքներից ոմանց միջև, թե ով ավելի ժարգոնային ու «կռուտոյ» կրիմինալ կներկայացնի բազմաչարչար հեռուստադիտողին։ Այդ առումով «փայլատակեց» «Շանթ» հեռուստաընկերությունը, որին չէր ուզում զիջել «Արմենիան»։

«Շանթի» «Որոգայթը» նույնիսկ տեղափոխվեց իրական կյանք։ Այդ հեռուստաընկերությունը, իսկ հետագայում նաև մյուս լրատվամիջոցները տեղեկացրին, որ հարձակման է ենթարկվել «Շանթի» լրագրող Նվեր Մնացականյանը։ Դրանից հետո «Որոգայթը» երկու դրսևորում էր ունենում՝ լրատվական ծրագրերում պտտեցվում էր «ռեալիթի շոուն», որի գլխավոր հերոսը լրագրողն էր, իսկ հետո արդեն հեռուստադիտողը հետևում էր բուն հեռուստասերիալին։ Այդ ամենի արդյունքում գովազդային գումարները հոսում էին հորդառատ գետի պես։ Բոլորը գոհ էին. հեռուստաալիքը փող էր վաստակում, հեռուստադիտողը դետեկտիվ հիշեցնող սյուժե էր դիտում լուրերով, իսկ Նվեր Մնացականյանը հարձակման (կամ միգուցե «հարձակմա՞ն») ենթարկվելուց օրեր անց նախագահականից պետական պարգև էր ստանում (այստեղ տեղին է հիշել հին երգի բառերը՝ «Ապտակով ծնված տղան առանց աստիճան չի լինի»)։

Բայց հիմա մի փոքր ծանր ժամանակներ են եկել։ Սերժ Սարգսյանի իշխանությունն ուզում է «ազատ, բայց պատասխանատու» մոդելը կիրառել նաև լրատվական ծրագրերից դուրս և ձեռքի հետ էլ վերաձևել գովազդային դաշտի ֆինանսական հոսքերը։ Դա է պատճառը, որ կրիմինալ հեռուստասերիալներով հայտնի «կանալների»  «հացին վայիս եղավ» ՀՌԱՀ-ը, որը նախագահականից իջեցված հրահանգով ստիպեց դադարեցնել կրիմինալ խրախճանքը։

«Ազատ, բայց պատասխանատուները» զրկվեցին սերիալային փողերից, բայց համը բերանները մնաց։ «Շանթ» հեռուստաընկերությունն, օրինակ, ոչ մի կերպ չհամակերպվեց «Որոգայթի» կորստի հետ։ Դա է երևի պատճառը, որ Նվեր Մնացականյանի թեման նրանք նախանձելի հետևողականությամբ տաք են պահում՝ իրենց լրատվական սյուժեների մեջ էպիզոդիկ դերեր տալով ու օգտագործելով Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին և նույնիսկ Հայաստանի թիվ մեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։

Իրոք ողջունելի է, որ հեռուստաընկերությունը հետամուտ է լրագրողի իրավունքները պաշտպանելուն։ Սակայն ցանկալի կլիներ, որ այդ հետևողականությունը և սկզբունքայնությունը դրսևորվեին լրագրողական ողջ համքարության նկատմամբ։ Եթե «Շանթը» դետեկտիվ կամ քաղաքական հետապնդումների սյուժե է ուզում ցույց տալ իր լրատվական ծրագրերում, որպեսզի ռեյտինգ հավաքի, ու փողերը չպակասեն, ապա իր «ազատ, բայց պատասխանատու» «Հորիզոնով» կարող է անդրադառնալ լրագրող Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, մարտի 1-ի դեպքերին և այլն։

Ի դեպ, Փաշինյանն իրոք հետապնդումների զոհ է դարձել և քաղբանտարկյալի կարգավիճակով գտնվում է անազատության մեջ, և դժվար է պատկերացնել, որ Փաշինյանին, ասենք, հալածանքների ենթարկեին ու ... պետական պարգևի արժանացնեին նախագահականից։ Եթե դա լիներ, ապա, իրոք, «Որոգայթի» պես բան կստացվեր։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը