Կարծիք

10.08.2019 10:29


Առաջին կիսամյակի խոշորները

Առաջին կիսամյակի խոշորները

Հրապարակվեց այս տարվա առաջին կիսամյակի հազար խոշոր հարկատուների ցանկը։ Այն, բնականաբար, կհայտնվի մասնագետների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ոչ միայն այն պատճառով, որ արձակուրդային այս օրերին հասարակական հնչեղության իրադարձությունները քիչ են։

Կիսամյակային տվյալները որոշակի վերլուծությունների բավարար հիմք են։ Հնարավոր է հասկանալ տնտեսական գործընթացների թե՛ իներցիոն, թե՛ նոր տենդենցները։

Առաջին խոշոր եռյակում նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատ ընդամենը ներքին տեղաշարժ է արձանագրվել՝ փոխատեղում։ Տեղերով փոխվել են 2–րդ և 3–րդ հորիզոնական զբաղեցնողները։

Նախորդ տարվա նման առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է։ Կոմբինատը մուծել է 295 մլրդ հարկեր (486 մլրդ ավելի, քան նախորդ տարի)։

Երկրորդ տեղում «Գրանդ տոբակոն» է՝ 283 մլրդ դրամով, որը նախորդ տարվա համեմատ թռիչքային աճ է (այս ընկերությունն անցած տարվա ցուցանիշը ավելացրել է 11,58 մլրդ դրամով, ինչը հնարավորություն է տվել երրորդ հարկատուից դառնալ երկրորդը)։

«Գազպրոմ Արմենիան» նախորդ տարվանից 206 մլրդ դրամ ավելի է հարկ մուծել, բայց երկրորդ հարկատուի դիրքը զիջելով՝ դարձել է երրորդը։

Առաջին եռյակը խիստ առաջ է մյուսներից՝ չորրորդ հարկատուն այս տարի մուծել է 95 մլրդ դրամից պակաս։ 9 մլրդ-ից ավելի հարկ ընդամենը երկու ընկերություն է մուծել։ Եւս երկուսը մուծել են 7 մլրդ դրամից ավելի, մեկը՝ 6-ից ավելի։ Սակայն կարելի է ընդգծել, որ խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ ավելի մեծ քանակով են հարկեր մուծել։

2018թ առաջին կիսամյակին 1 մլրդ դրամից ավելի հարկ մուծել էր 80 ընկերություն։ 2019-ի նույն ժամանակահատվածում 1 մլրդ-ից ավելի մուծել է 94-ը։

Անցած տարի խոշոր հարկատուների ցանկի 644 ընկերություն մուծել էր 100 մլն դրամ և ավելի հարկ։ 100 մլն-անոց սահմանագիծն այս տարի «հաղթահարել» է արդեն 823 կազմակերպություն։ Եթե այս տենդենցը երկար շարունակվի, ապա կարելի է եզրակացնել, որ մեր գործարար կյանքում ավելի ու ավելի է մեծանում խոշոր բիզնեսի տեսակարար կշիռը։

Անցած տարի ցանկի ուղիղ միջին դիրք գրաված հինգհարյուրերորդ ընկերությունը մուծել էր 1326 մլն դրամ։ Այս տարի 500-րդ «գոլդ» համարի տակ հանգրվանել է «Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը»՝ 168․5 մլրդ դրամ հարկային մուծումով։

Ցանկի վերջին՝ 1000-րդ տեղի ընկերությունը 2018-ին մոտ 63 մլն դրամ հարկեր էր մուծել։ Այդ թիվն այս տարի բավարար չէր լինի 1000 խոշորների մեջ հայտնվելու համար։ Այս տարվա վերջին տեղի ցուցանիշը 80 մլն դրամից ավելի է։

Դժվար է ասել, թե խոշոր հարկատուների ցանկում նոր (ժամանակակից, թվային տեխնոլոգիաների ոլորտի հետ առնչվող) քանի՞ ընկերություն կա։ Փոխարենը առաջին խոշոր քսան ընկերություններից 7-ը վառելիքաէներգետիկ ոլորտից են, 4-ը` ծխախոտային ոլորտից (2–ը՝ տեղական արտադրող, 2-ը՝ ներմուծող), ևս 3 ընկերություն առևտրի ոլորտում են գործում, 2-ը՝ հանքահումքային, կա 2 բանկ և 1 օդանավակայան։ Խոշոր 20-յակում միակ ընկերությունը, որ վաղուց ի վեր գերակա հայտարարված թվային ոլորտի հետ կապ ունի, «Յուքոմն» է։ Սակայն այս կազմակերպությունը, որքան գիտեմ, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ընդամենը ծառայություններ մատուցող կառույց է։

Հիմա հարկավ ժամանակն է անդրադառնալու վերջին ժամանակների «բազմաչարչար» ընկերությանը՝ «Սանիթեքին»։ Ավելի ճիշտ, այդ կազմակերպության մուծած հարկերին։ Պաշտոնական հարկային ու վիճակագրական տնտեսական ակտիվության ֆոնին մայրաքաղաքային իշխանությունների թիրախում հայտնված «Սանիթեքը» լավագույն օրերը չի ապրում։

Աղբի ու թափոնների կառավարման ոլորտի կազմակերպությունը 2 ընկերություն է գրանցել մեր երկրում՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ»։ Երկու ընկերություններն էլ առանձին-առանձին համարյա հավասարաչափ հարկեր են մուծում։ Երկուսի ընդհանուր մուծումը անցած տարվա առաջին կիսամյակում կազմել է մոտ 334 մլն դրամ։ Այս տարի ընկերության ֆինանսական վիճակն ակնհայտ վատացել է՝ նույն ժամանակաշրջանի ցուցանիշը մոտ 300 մլն դրամ է։

Մայրաքաղաքային իշխանություններն, իհարկե, կարող են ասել, որ հարկային մուտքերի տարբերությունը իրենք գանձել են ու կգանձեն տուգանքների տեսքով։ Բայց դա տնտեսվարության լավագույն ձևը չէ։

Ահա այսպիսի հապճեպ արձագանք հրապարակված ցանկին։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը