Կարծիք

19.04.2010 14:46


Թուրքիայի նպատակը փաստաթղթերը կիսակենդանի պահելն է...

Թուրքիայի նպատակը փաստաթղթերը կիսակենդանի պահելն է...

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից արձանագրութիւնները ստորագրելուց հետո, այսօրվա իրավիճակը մի քանի առումներով փոխվել է:

Առաջին հերթին, Արևմուտքի և հատկապէս ԱՄՆ-ի նախընտրություններն այսօր ամբողջովին տարբեր են, և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը հետին պլան է մղվել իր ծրագրերի առումով և առաջնահերթությունը երևի կարելի է տալ Թուրքիա-Իրան միջուկային հարցի հետ կապված դիրքորոշումներին: Երկրորդ՝ նախկինի համեմատ՝ հետաքրքրությունը հայ-թուրքական գործընթացի նկատմամբ խոշոր չափով մարել է: Սա նշանակում է, որ ճնշումները պակասել են նաև այս ուղղությամբ, այսինքն՝ կարգավորման հարցի ուղղությամբ արտաքին ճնշումները շատ են նվազել, որովհետև մյուս պետությունների առաջնահերթությունները այսօր փոխվել են:

Թուրքիայում գործող իշխանությունները այնքան հզոր չեն, ինչպիսին որ իրենք իրենց զգում էին այն օրերին, և բավական դժվարություններ ունեն թե՛ քրդական հարցում, թե՛ ներքին իշխանության համար զինւորականների հետ մղվող պայքարի առումով և այլն: Հետևաբար՝ իշխանությունը ինքն իրեն այդքան հզոր չի զգում, որ կտրուկ քայլերի դիմի: Հայաստանում էլ իրավիճակը փոխվել է, որովհետև եթե սկզբում իշխանություններն այս հարցում խանդավառ առաջ վազեցին, հետո կամաց-կամաց հասկացան ընդդիմադիր, նկատի ունեմ Դաշնակցությանը՝ կողմի քննադատությունները, ը Սփյուռքի և ինչու չէ նաև Հայաստանում առաջացած մտահոգությունների առումով իշխանութիւնները կամաց-կամաց անդրադարձան, որ շատ արագ են վազել եւ թույլ են տվել սխալներ. իհարկե, առերես չընդունեցին, որ նման սխալներ են թոյլ տվել, բայց խորքում ինչ-որ չափով հասկացան, որ այդտեղ որոշ բացթողումներ եղել են եւ փորձում են հիմա սրբագրել:

Հետեւաբար՝ այս բոլորը եկավ հանգեցնելու այսօրվա կացությանը, որ այդ լավատեսութիւնը՝ արձանագրությունների վերջնական ընդունման առումով, այլևս գոյություն չունի. սա շատ բնական արդյունքն է իրադարձութիւնների, որոնք տեղի են ունեցել անցնող տարվա մէջ:

Թե ինչպիսի՞ն կլինի գործընթացի հեռանկարը՝ ես կարող եմ հետևյալն ասել. նախաձեռնությունը իրականում այսօր Թուրքիայի ձեռքում է, այսինքն՝ եթե Թուրքիան խորհրդարանում հաստատի արձանագրությունները, Հայաստանն էլ կհետևի իրենց քայլին և կվավերացնի դրանք, որովհետեւ ուժերի հավասարակշռությունը Հայաստանի քաղաքական խորապատկերում այսօր դա է փաստում, որ կտանեն խորհրդարան և կհաստատեն: Իսկ եթե թուրքերը իրենց խորհրդարանում չհաստատեն, Հայաստանն էլ, բնականաբար, ուրիշ ելք չի ունենա այսինքն՝ միակողմանիորեն չի կարելի հաստատել։ Իմաստ չի ունենա արձանագրությունների հաստատումը և հետեւաբար՝ իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին որ կա։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ նախաձեռնությունը թուրքերի կողմն է և նրանք այսօր կարող են որոշել՝ գործընթացը տանո՞ւմ են առաջ, թէ՞ ոչ։ Իսկ Հայաստանը հետևելու է նրանց քայլին:

Բայց, կայ երրորդ տարբերակ՝ թուրքերը չեն տանում խորհրդարան, բայց Հայաստանում դեռ այդ լավատեսների շարքը նահանջ չի ուզում արձանագրել եւ պահում է միամիտ լավատեսությունը, այսինքն՝ այդ մեռած փաստաթուղթը պահվում է կիսակենդանի պայմաններում: Սա ամենավտանգավորն է, որ կարող է պատահել մեզ համար, այսինքն՝ թուրքերը շատ կցանկանան, որպեսզի թույլ չտան մարի հարցը, որպէսզի օգտվեն դրա դիվանագիտական արդյունքներից, բայց նաև ոչ մի ձևով դա կյանքում չիրագործեն, այսինքն՝ սահմանը չբացեն, դիվանագիտական հարաբերություններ չստեղծեն, բայց թողնեն այն տպավորությունը միջազգային հանրութեան մոտ, որ, այո, խոսում ենք, դեռ կանենք և այլն, և այլն: Կամ ապրիլի 24-ի շեմին, որ շատ էլ չի մնացել, ինչ-որ հայտարարություններով նորից կփորձեն խաղի բռվնել հայկական կողմի ղեկավարների հետ, որոնք, դժբախտաբար, ընդունակ են այդ խաղի մեջ մտնելու:

Սրանք այն կանխատեսումներն են, որ կարելի է անել՝ ընդհանուր առմամբ եւ, իհարկե, շատ բնական է, որ այս առումով կարծիքները չնույնանան, այսինքն՝ կանխատեսումները դժվար են, կարելի է հավանականությունների մասին խոսել և ոչ թէ՝ որոշակի ապագայ իրադրությունների:

Վիգեն Բաղումյան,

 «Ալիք» օրաթերթ, Թեհրան

Այս խորագրի վերջին նյութերը