Կարծիք

09.08.2019 16:55


Գործ ունենք ՍԴ-ին ուղղված վերջնագրի հետ

Գործ ունենք ՍԴ-ին ուղղված վերջնագրի հետ

Е-draft էլեկտրոնային կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղադրվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նշված նախագծերի փաթեթում առանձնահատուկ ուշադրության են արժանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նախատեսվող երկու փոփոխությունները։ Մասնավորապես.

1) նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տաիրքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

2) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությւոնից զրկելու դեպքում նրա լիազորությունները կասոցում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։

Նախագծերի փաթեթում առկա մի շարք հակասահմանադրական կարգավորումների կանդրադառնամ հաջորդիվ։

Այս պահին արձանագրում ենք նախագծի հիմնական նպատակները.

1) ստեղծել բավարար իրավական հիմքեր ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակով Սահմանադրական դատարանի դատավորներին կոնկրետ գործերով վարույթից հեռացնելու համար.

2) Սահմանադրական դատարանի ներկա դատավորների համար նախատեսվում է նյութական շահագրգռվածություն՝ հրաժարական տալու, և հիմքեր Սահմանադրական դատարանը սեփական կադրերով լրացնելու համար՝ լրջագույն կասկածի տակ դնելով ՍԴ դատավորների մասնագիտական արժանապատվությունը։

Արձանագրենք նաև, որ նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Կառավարությունը փաստացի դադարեցրեց սահմանադրական դատարանի դատավոր/անդամ եզրույթների վերաբերյալ բանավեճը և ճանաչեց սահմանադրական դատարանի ներկա դատավորների լեգիտիմությունը, սակայն օրենսդրական փոփոխությունների ճանապարհով որդեգրեց քաղաքական այլընտրանքային շանտաժի մեխանիզմը. «կա՛մ ինքնակամ հեռացեք՝ համապատասխան ֆինանսական փոխհատուցմամբ, կա՛մ կդառնաք արհեստածին քրեական գործերի մասնակից և կհեռացվեք Սահմանադրական դատարանից»։

Հ.Գ. Առնվազն տարակուսելի է նաև նախագծերի փաթեթում Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված հրաժարական ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, այսինքն՝ գործ ունենք ՍԴ-ին ուղղված վերջնագրի հետ։

Սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը