Քաղաքական

19.04.2010 13:13


Վահան Հովհաննիսյան. «Թուրքերը հասկացան, որ պահն է, որից կարելի է օգտվել»

Վահան Հովհաննիսյան. «Թուրքերը հասկացան, որ պահն է, որից կարելի է օգտվել»

-Որ արձանագրությունները մեռած են կամ մեռցնելու ունակություն ունեն, մենք ասել ենք մեկ տարի առաջ, երբ այդ արձանագրությունների նկատառումը կար՝ ի դեմս հրապարակված «ճանապարհային քարտեզի»։ Մեզ համար պարզ դարձավ, թե թուրքերն ինչ նպատակ են հետապնդում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ թուրքերն օգտվել են երկու հանգամանքից.

-Նրանք տեսան, որ մեր իշխանությունները բավական խուճապահար վիճակի են մատնվել ռուս-վրացական պատերազմի հետևանքով։ Իսկապես տագնապալից վիճակ էր, որովհետև Վրաստանի հետ ճանապարհը փակվեց, և տնտեսական առումով Հայաստանը հայտնվեց բավական ծանր վիճակում։ Թուրքերը հասկացան, որ պահն է, որից կարելի է օգտվել։

Ըստ այդմ էլ թուրքերը նկատել են, որ Հայաստանի իշխանություններն ընդունակ չեն երկրի ներքին կայունությունն ապահովել կտրուկ բարեփոխումներով.

-Շարլ դը Գոլը շատ հետաքրքիր միտք է հայտնել. ասել է՝ ցանկացած քաղաքական գործիչ, որ պետական այր է դառնում, հաճախ կանգնում է ընտրության առջև՝ իր պետությա՞ն շահերը պաշտպանել, թե՞ նրանց, ովքեր բերում են իշխանության։ Եվ ես միշտ նախընտրում եմ պաշտպանել երկրի շահերը՝ նույնիսկ զիջելով, ոտնահարելով նրա շահերը, ով ինձ նախագահ է դարձրել»։ Թուրքերին հասկանալի դարձավ, որ այդ իմաստուն միտքը Հայաստանում կիրառելի չէ։

Բանախոսի գնահատմամբ՝ ՀՅԴ-ի համար հենց սկզբից էլ պարզ է եղել, որ արձանագրությունները հայությանը թուլացնելու նպատակ են հետապնդում.

-Նրանք այդ ուղղությամբ էլ գնացել են Վաշինգտոն։

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է, որ մեր իշխանությունների արձագանքի մեջ հակասություններ է տեսնում.

-Հակասություններ գործի և խոսքերի միջև։ Մենք տեսնում ենք, թե ինչպես նախագահը խոսում է հայկական Նյուրնբերգի մասին, գնում է Վուդրո Վիլսոնի գերեզմանին, կառավարությունն ստեղծում է Ցեղասպանության 95-ամյակի հատուկ հանձնաժողով, բայց միևնույն ժամանակ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրը երբ հարց ենք դնում հանրապետական տերմինաբանությամբ հայտարարել հայրենատիրության օր, հանկարծ ընդդիմանում են։

ՀՅԴ Բյուրոյի անդամն ընդգծել է, որ մինչ այսօր իշխանությունները խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների մասին.

-Այնինչ թուրքական կողմն այդ նախապայմանները բազմիցս կոխել է  է նրանց աչքը։ Մերոնք շարունակում են ձև անել, թե դա չեն նկատում,-հավելել է Վահան Հովհաննիսյանն ու նշել, թե այս պայմաններում միակ ելքը, որը կարող է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել հօգուտ մեզ, մեր ստորագրությունները հետ վերցնելն է։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը