Կարծիք

07.08.2019 18:48


Ի՞նչ են երգելու, երբ «բանակի մասնակցության» պղպջակն աղմուկով պայթի` վերջնականապես թաղելով «Քոչարյանի գործը»

Ի՞նչ են երգելու, երբ «բանակի մասնակցության» պղպջակն աղմուկով պայթի` վերջնականապես թաղելով «Քոչարյանի գործը»

Մինչ Փաշինյանը շարունակում է պարգեւատրել իր սրտի դատավորներին, դատախազներին ու քննիչներին, անզեն աչքով տեսանելի է դառնում, որ «Քոչարյանին փակելու» պատվերը կատարողները թերացել են իրենց «աշխատանքում». մեղմ ասած, շտապել են` ոտքի վրա գործ կարելով երկրորդ նախագահի վրա։ Եվ շատ փնթի են գտնվել չեղած փաստերը «սահմանադրական կարգի տապալման» ստահոդ մեղադրանքին հարմարեցնելու հարցում։

Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի «գլխին սարքելով», փորձելով հիմնավորել հայկական Շերլոկ Հոլմսի` տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի հորինած եւ Փաշինյանի ընտանեկան թերթում տիրաժավորած «ճակատին կրակող գնդապետի» վարկածը, կալանավորելով եւ մեղադրանք ներկայացնելով պաշտոնաթող գնդապետին, երեւիթե հույս ունեին ցրել կասկածները, թե «Մարտի 1»-ը վերաբացելու միակ շարժառիթը Ռոբերտ Քոչարյանի վրա գործ կարելն էր` սպանությունները բացահայտումը չէր մտնում եւ այսօր էլ չի մտնում ՀՔԾ-ի ծրագրերի մեջ։

Հիմա հայտնվել են փաստի առաջ, եւ ստիպված են համակերպվել այն փաստի հետ, որ այդ վարկածը հիմնավորող որեւէ փաստ, ապացույց բնության մեջ ո՛չ եղել է, ո՛չ կա, ոչ էլ կլինի։

Բայց ամենամեծ սուտը` փուչիկը, այն է, թե Մարտի 1-ի գործը քննող մարմնի ղեկավար Վահագն Հարությունյանը, ապացույցներ է կեղծել` նենգափոխել է բանակի կողմից իբր կրակված փամփուշտներն ու պարկուճները, եւ կոծկել Փաշինյանին մինչեւ հոգու խորքը ցնցած «դաժան իրականությունը». որ հե՛նց բանակն է խեղդել «խաղաղ ցուցարարների արդար ընդվզումը»։

Օրերս, երբ դատարանը քննում էր Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ Սասուն Խաչատրյանի`զրպարտության պահով, ՀՔԾ պետի փաստաբանը «սուխոյ ատկազ» կանգնեց. Հայտարարեց, որ Խաչատրյանն ամենեւին էլ Հարությունյանին նկատի չուներ`ասելով, որ Հարությունյանը կեղծել է ապացույցները։

Հետաքրքիր է, ի՞նչ են երգելու, երբ այդ վարկածն էլ ավազե տնակի պես փուլ գա, եւ «բանակի մասնակցության» պղպջակն աղմուկով պայթի` վերջնականապես թաղելով «Քոչարյանի գործը»։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը