Մեկնաբանություն

07.08.2019 09:45


Մտորումներ Նիկոլի նյուվասյուկիստական զեղումների շուրջ

Մտորումներ Նիկոլի նյուվասյուկիստական զեղումների շուրջ

Եթե Հայաստանն ինստիտուցիոնալ առումով «օտ ի դո»` վերեւից ներքեւ ձախողված պետություն չլիներ, պատկերացնո՞ւմ եք` 2050 թ.-ին քանի միլիոն կլինեինք, քանի միլիարդանոց չաղլիկ բյուջե, քանիցս տասնհինգապատկված ՀՆԱ կունենայինք, քանի միլիոն նոփ-նոր` յուղը վրան աշխատատեղ կստեղծեինք։ Եվ ընդհանրապես...

Եթե Նիկոլ Վովաեւիչը օդ չէր կրակում`ինչքան ուզում, այնքան չէր խփում` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկայացնելով 2050 թ. նորագույն Հայաստանի իր «տեսլականը», ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ինչից էր այդքան մտահոգ, ինչո՞ւ էր ձգված կանգնել եւ լսում շեֆի նյուվասյուկիստական խոստումները` անգամ դեմքի մկանը չշարժելով, մեկ-մեկ էլ՝ երբ սա շատ էր չափն անցնում, քմծիծաղ տալիս։ Չլինի՞ չի հավատում վարչապետի ռազմավարական ծրագրերին եւ ռազմահայրենասիրական զեղումներին։

Երբ Նիկոլը հայտարարում էր, որ «մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ, սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջեւանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի», ի՞նչ նկատի ուներ։

Արդոք, սրանից հետեւո՞ւմ է, որ իր քարոզչական ահաբեկիչներն այլեւս շանտաժի չեն ենթարկելու Արցախի նախագահին` սպառնալով «քարերով ցխել գլուխը», չեն հայհոյելու Պարգեւ Սրբազանին, թուքումուր չեն թափելու արցախցիների եւ արցախյան ծագում ունեցող ՀՀ քաղաքացիների վրա, թուրքի պիտակ չեն կպցնելու` պահանջելով օր առաջ փասա-փուսան հավաքել եւ չքվել իրենց «պատմական հայրենիքը»։

Ո՞ւմ է ավանակի (կամ ոչխարի) տեղ դնում` ասելով. «Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»։ Ի՞նչ է սա նշանակում. որ ինչ հնարավոր էր` արդեն արե՞լ է։ Թե՞ հակառակը` որ իրենից պետք չէ իրական ծրագրեր եւ իրական գործեր սպասել. քանի ինքը «սաղ» է` պետք է ապրել վաղվա օրով եւ չմտածել ներկայի մասին։

Կամ, երբ հարց էր տալիս` «եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են, օրինակ, Թումո կենտրոնները ստեղծվել Հայաստանում ու Արցախում և այստեղից են տարածվում դեպի Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա», «ինչո՞ւ են smart center-ները ստեղծվում Հայաստանում», «ինչո՞ւ է Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ստեղծել Հայաստանում», «ինչո՞ւ էր Քըրք Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին», «ինչո՞ւ էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանի Հանրապետությունում», «ինչո՞ւ է Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում», եւ այլն, եւ այդպես շարունակ, բա մի հատ ուղեղին զոռ չի՞ տալիս. էդ ո՞նց է, որ իրենից առաջ` «ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված» Հայաստանում, հատկապես իր «մղձավանջային երազ» Ռոբերտ Քոչարյանի օրոք հայկական կապիտալը «միլիոնավոր դոլարների ներդրումներ» էր անում Հայաստանում, իսկ հիմա, երբ պետության ղեկն իր` լեգիտիմության էտալոն Փաշինյանի ձեռքին է, չեն էլ նայում Հայաստանի կողմը։

Նաեւ շատ կուզենայինք իմանալ. երբ մատների վրա հաշվում էր «կոնսենսուսները», որոնց շուրջ աշխարհի հայությունը «միասնական» է կամ «պետք է» միասնական լինի, ինչո՞ւ սահմանափակվեց 6-ով։ Ինչո՞ւ 6, էլի՛։

Ամենակարեւորը։ Ինչո՞ւ էր զայրույթից եւ ատելությունից ծամածռված դեմքով խոսում «մեր հասարակության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու», «համազգային միասնության» մասին։ Ինչո՞ւ չէր խնայում ձայնալարերը` հիստերիկ, ջղային տոնայնությամբ լոլոներ կարդալով «երկարատեւ զարգացման», հայկական օջախի եւ ընտանիքի, Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ինքնիշխանության վերաբերյալ, «միացում» գոռում` այդպես էլ չհստակեցնելով, թե ինչպես է պատկերացնում հակամարտության լուծումը, որ ե՛ւ գառները մնան անվնաս, ե՛ւ գայլերը կուշտ լինեն։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը