Հարցազրույց

06.08.2019 14:21


Փաշինյանը Մարտի 1-ի վերաբերյալ կեղծիքների գերին է․ Վիկտոր Սողոմոնյան

Փաշինյանը Մարտի 1-ի վերաբերյալ կեղծիքների գերին է․ Վիկտոր Սողոմոնյան

«Այս պահին դատական պրոցեսում տեղաշարժ չկա: Շարունակում է պահպանվել այն խայտառակ վիճակը, որն ընդհանրապես աննախադեպ է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ինչպես մեր գործընկերներներից շատերն են ասում, Եվրախորհրդի երկրների պատմության մեջ։

Այսինքն՝ մարդն անժամկետ գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը քննարկվում է Սահմանադրական դատարանում, և այդքանով ասվում է, որ հոդվածի վերաբերյալ հարցեր կան»,-Politik.am-ը-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին նման տեսակետ հայտնեց վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Սողոմոնյանի խոսքով՝ երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքն ու գործը քաղաքական հետապնդում է, և դատարանները, որոնք կնիք են դնում նման որոշումների տակ, այդ հետապնդումն իրականացնողներն են:

«Ունենք աննախադեպ ապօրինություն, որը շատ թանկ է նստելու մեր պետության վարկանիշի վրա, և կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէ, ով կարող է խուսափել հետաքննությունից: Ինքս մի քանի անգամ ասել եմ, որ պետք է սրիկա լինել ասելու համար, թե Քոչարյանը կարող է փախչել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի հայտարարությունը, որով նա անդրադարձ կատարեց հասարակական այն շրջանակներին, որոնք Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ և մասնավորպես նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքն իրավունք ունի տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել, Սողոմոնյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը անհեթեթության էտալոն է։ Հայտարարությամբ ասվում է, որ Քոչարյանը մեղավոր է, քրեական հանցագործություն է կատարել, որովհետև տանկեր է հանել և տանկերի տակ տրորել է ընդդիմությանը, հետևաբար նա քաղբանտարկյալ չի կարող լինել: Եթե մենք նրան քաղբանտարկյալ համարենք, ուրեմն նույն բանը կարող Է անել Փաշինյանը։ Նա հերթական անգամ փորձեց կեղծել իրականությունը, մանիպուլյացնել` ապացուցելու համար, որ Քոչարյանը մեղավոր է»։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման փաստին՝ Սողոմանյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի վերաբերյալ կեղծիքների գերին է. «Փորձելով այնուամենայնիվ ապացուցել, որ ինքը ճիշտ է, հրահանգներ են իջեցնում սրան-նրան ձերբակալելու համար։ Հենց մեկին ձերբակալում են, նրանց մոտ էյֆորիա է սկսում, թե ահա բացահայտվեց, ինչը հետո փաստերով չի ճշտվում։ Այս դեպքն էլ լավ ցուցիչ է այն ամենի, ինչի մասին պատմում եմ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյան չի ազատվել այդ կեղծիքից, եթե դա իսկապես հնարավոր է, կարծում եմ` մենք նմանատիպ շոուների ականատես ենք լինելու»,-ասաց նա:

Վիկտոր Սողոմոնյանը նաև հավելեց՝ կարծում եմ օրերս Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները կներկայացնեն իրենց հետագա քայլերը։

Այս խորագրի վերջին նյութերը