Մեկնաբանություն

06.08.2019 10:31


Նիկոլի շուստրի գերպոպուլիզմն ու սպառնալիքը

Նիկոլի շուստրի գերպոպուլիզմն ու սպառնալիքը

Կա պոպուլիզմ։ Կա գերպոպուլիզմ։ Եվ կա Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում։

Կա սուտ։ Կա լկտի սուտ։ Եվ կա Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում։

Կա «հայրենասիրություն»։ Կա «ռազմահայրենասիրություն»։ Եվ կա Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում։

«Ժողովրդի» վարչապետի շոուն Վերածննդի հրապարակում խփեց բոլոր հնարավոր ռեկորդները։ Նիկոլը գերազանցեց ինքն իրեն։ Նա այլևս դասագրքային կերպար կարող է դառնալ՝ դեմագոգիայի, ստախոսության, պոպուլիզմի ու փարիսեցիության մարմնավորման առումով։

Եթե նախկինում Նիկոլը պոպուլիստ էր և տեսանելի ապագայի համար շոշափելի արդյունքներ էր խոստանում և, բնականաբար, չէր կատարում։ Ապա այժմ նա դարձել է շուստրի գերպոպուլիստ։ Արդյունքներ է խոստանում՝ «էշ մի սատկի, գարուն կգա» և «մինչև 2050 թիվը յա էշը կսատկի, յա էշատերը» տարբերակներով։

Նա Իլֆի և Պետրովի ստեղծած բենդերական կերպարի հանգույն այնպիսի թվեր էր «կրակում» Ստեփանակերտում, որ Օստապ Բենդերը կարող էր բլեֆների առումով սկսնակի կարգավիճակում հայտնվել՝ մեր ժամանակների փչանի համեմատ։

Բացառությամբ հոկեյի աշխարհի չեմպիոն դառնալու «տեսլականից» և լուսնի վրա «Իմ քայլը» անունով տարածք վերցնելուց, մնացած ամեն ինչ կար Նիկոլի խոսքում։

Նիկոլի շուստրիությունն այն է, որ իր գերխոստումների կատարման ժամկետ է նշվել... 2050 թվականը, այն էլ եթե հայությունն իր կապիտալը բերի, դնի Նիկոլի ոտքերի տակ, այսինքն՝ կառավարությունը կրկին դուրս է դրվում անելիքի ու պատասխանատվության դաշտից։

2050–ի մասին բարձրաձայնումով Նիկոլը նաև սպառնաց, որ մտադիր է առնվազն 31 տարի իշխել, այսինքն՝ այդքան տարի նա սիմինդ փարթիներով է կերակրելու իրեն հավատացող «ոչխարներին»։ Բացի այդ՝ մինչև 2050–ն իրեն ազատեց հաշվետվություն տալու հեռանկարից։ Ու եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Ստեփանակերտ գնալուց մեկ օր առաջ «լայվ» մտավ ու ասաց, որ Հայաստանում բոլոր ինստիտուտները ձախողված են ու չկա մի կառույց, որ մարդկանց ծառայի, և իրենք զրոյից են սկսում, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Նիկոլի շուստրի գերպոպուլիզմի բանաձևն, ըստ այդմ, հետևյալն է. «Մեզանից այսօր բան մի սպասեք, քանի որ ձախողված պետություն եմ ժառանգություն ստացել։ Հիմա զրոյից ենք սկսում, բայց մինչև 2050 թիվը կհասցնենք դրախտ դարձնել Հայաստանը, բայց աշխարհի հայությունը պետք է մուծվի, այլապես մեզանից բան չուզեք»։

Ահա այդպիսի թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական բաներ։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Կա քաղաքագիտական հայտնի կանոն։ Եթե պետության ղեկավարը գերխոստումներ է տալիս հեռավոր ապագայի և հաջորդ սերնդի համար, ինչպես նաև՝ գերպոպուլիզմով զբաղվում, ապա նա արդեն այսօր թալանում ու «քցում» է ժողովրդին, և պատուհաս է դառնալու պետության և նույն ժողովրդի գլխին։

Այս խորագրի վերջին նյութերը