Մեկնաբանություն

06.08.2019 09:25


Բռնվեք` չընկնեք

Բռնվեք` չընկնեք

Նիկոլի ասածները լրջորեն քննարկելը` նրա կցկտուր, ցաքուցրիվ, հաճախ կրկնվող բառաժայթքումների մեջ ռացիոնալ տրամաբանություն, փաստարկներ, պատճառահետեւանքային կապեր փնտրելը եւ դրանցից հեռահար հետեւություններ անելն ընդհանրապես անշնորհակալ գործ է. օրվա կուրսով ապրող մարդ է`որ պահին մտքով ինչ անցնում է, կներեք արտահայտությանս, շաղ է տալիս`դրա ի՞նչը քննարկես։

Բայց ամառային արձակուրդի «ամփոփիչ» հաշվետվությամբ հանդես գալով` ուղիղ եթեր մտնելով եւ Հայաստանը «ինստիտուցիոնալ առումով վերջացած» պետություն հռչակելով` գերազանցեց ինքն իրեն։

Պարզվեց` ժամանակն իզուր չի վատնել. կարդացել է ձեռքը ընկած հույժ «կոնֆիդենցիալ» մի փաստաթուղթ եւ բառացիորեն ցնցվել`ինչպես ՍԴ ինքնակոչ «նախագահ» Վահե Գրիգորյանի հայտնի նամակից էր ցնցվել, «փիքր» արել եւ հասկացել, թե ի՜նչ «ծանր ժառանգություն» է ստացել նախորդ իշխանություններից։ Եվ ինչից է, որ ինչ անում է` «խիարը», ուզում էի ասել`«կուկուռուզը» թարս է բուսնում, ինչին ձեռք է տալիս, չորանում է` դեռ չսկսված, վարի է գնում։

Խոսքը դեռեւս 2014թ. գրված «գաղտնի զեկույցի»` գաղտնի փաստաթղթի մասին է` «այնքան գաղտնի», որ նույնիսկ անունը չի ուզում բարձրաձայնել։ Եվ այնպես չէ, թե նոր է իմացել այդ փաստաթղթի մասին`մի քանի ամիս ձեռքի տակ է եղել, բայց «հրատապ հետեւություններ» չի արել` արձակուրդ գնալիս հետը տարել է, որ հանգիստ պայմաններում ուսումնասիրի, հետո նոր գուժի, թե «ի՜նչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը կամ ինչ վիճակում է շարունակել մնալ մեր երկիրը, որովհետեւ էն պրոբլեմները, ինչ որ այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել»։

Եզրակացությունը մեկն է` «ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ, եւ ինչ-որ առումով, հիմա կասեմ` նաեւ դրանից հետո, մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Եվ, ըստ էության, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ամբողջությամբ ձախողված է»,-հայտարարեց Նիկոլ Ամենակարողը` կարեւորելով, որ փաստաթուղթը «գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին» (Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիները, ըստ նրա, «ըստ էության», սկսվել են դեռ 2014թ.)։

Այնպես որ, մի՛ շտապեք մեղադրել Փաշինյանին, որ անամոթաբար ստում էր, թոզ էր փչում «ժողովրդի» աչքին` ասելով, որ ունի կախարդական փայտիկ եւ մի հարվածով լուծելու է բոլոր հարցերը. մերկ ձեռքերով արմատախիլ է անելու կոռուպցիան, «թալանված» փողերը «ղռռալեն» բերելու է բյուջե, տալու է մենաշնորհների վերջը, ներդրողներն իրար հրմշտելով` վազելու են Հայաստան, ու բոլորս ապրելու ենք ուրախ, չաղ եւ բախտավոր։ Ո՛չ էլ Կարգին Հայկոյին կշտամբեք մայրաքաղաքն աղբի մեջ թաղելու, մահվան վերելակների, տրանսպորտի «բարելավման» մասին իսպառ մոռանալու համար։

Խնդիրները շատ ավելի խորն են. «Երբ սկսում ես մի քիչ ավելի խորը փորել, հասկանում ես, որ էսպես ասած, դեկորատիվ կեղեւի տակ, ըստ էության, գործ ունենք կրկին ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ», «մեր երկրում այսօր ինստիտուցիոնալ պրոբլեմ ունենք։ Այսինքն` չկան ինստիտուտներ, որոնք լուծեն մարդկանց հարցերը եւ ընդհանրապես, լուծեն ամենաբազմազան խնդիրներ»։

Երբ ասում էր` կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, հավանաբար ելնում էր այն մեկնակետից, որ «ինստիտուտները» պետք է լուծեն մարդկանց հարցերը, ոչ թե ինքը։ Իսկ այն, որ մինչեւ վարչապետի աթոռին նստելն օրնիբուն խոսում ու գրում էր «համակարգային ալան-թալանի», երկիրը որդի պես կրծող կոռուպցիայի, հովանավորչության մասին, դա հենց այնպես` ասելու եւ գրելու համար էր։

Եթե «նախորդ իշխանությունների» ժամանակ գրված գերգաղտնի այդ փաստաթուղթը ձեռքը չընկներ, գուցե մինչեւ հիմա տեղը չբերեր, որ դրությունը լուրջ է. «Հայաստանում, ըստ էության, ամբողջ կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա` երբ որ կոռուպցիան հանում ես, տակը էլ կառավարման համակարգ չի մնում», եւ «շատ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը կառավարելու եւ այս իրավիճակը լուծելու» համար։ Իսկ ինքը, ինչպես գիտեք` նյարդերից թույլ է. միակ բանը, որ կարողանում է անել` եղածը քանդելն է։

Ամեն դեպքում, չկա չարիք` առանց բարիքի. մեկուկես տարի վարչապետություն անելով` ի վերջո եկել է այն եզրահանգման, որ «պետք է ոչ թե խուճապահար վազել բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ պետք է հստակ ռազմավարական եւ մարտավարական առաջնահերթություններ ունենալ ու հերթով կամ առանց տուրք տալու էմոցիոնալ ֆոներին` հերթով ինստիտուցիոնալ պրոբլեմները պետք է լուծել»։ Այն, ինչի մասին ասում էին տնտեսագետները, քաղաքագետները, վերլուծաբանները`ահազանգելով, որ թավշյա կառավարությունը թիթեռնիկի կյանքով է ապրում. ո՛չ ծրագիր ունի, ո՛չ ռազմավարություն, ո՛չ մարտավարություն։

«Ինտիտուցիոնալ պրոբլեմները լուծելուց» հետո «տակը» ինչ կմնա` դժվար չէ կանխատեսել. երբ ընդդիմություն էր, ասում էր`Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմություն չկա, եւ ՔՊ-ն եկել է`լրացնելու ինստիտուցիոնալ ընդդիմության թափուր տեղը։ Դարձավ իշխանություն`վերացրեց ընդդիմությունը։ Հիմա որոշել է ձեռնամուխ լինել կառավարման համակարգի ինստիտուցիոնալիզացմանը։

Անպես որ, բռնվեք` չընկնեք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը