Կարծիք

04.08.2019 17:53


Պայքար պատմության համար. գահերի որսը․ Հայաստանում սկսվել է պատմության վերաշարադրման համար պայքար

Պայքար պատմության համար. գահերի որսը․ Հայաստանում սկսվել է պատմության վերաշարադրման համար պայքար

Հայաստանում սկսվել է պատմության վերաշարադրման համար պայքար։ Հին սկզբունք է, ով շարադրում է պատմությունը, ապագան նրանն է՝ նա կլինի «սպիտակը», իսկ մնացածը՝ «սևերը»։ Դա իշխանության համար ներկայումս ընթացող պայքարի գլխավոր թատերաբեմն է դառնում. պայքար անցյալի համար, հանուն՝ ապագայի։

Game of Throns սերիալի հիմքում ընկած է միջնադարյան Անգլիայի պատմությունը՝ կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը։ Երբ Պլանտագենետների օրինական թագավորին՝ Ռիչարդ II-ին, սպանեցին, հավակնորդների միջև սկսվեց գահի համար պայքարը, որը տևել է մի քանի տասնամյակ՝ տանելով տասնյակ հազարավոր կյանքեր։

Գահի համար որսը սկսվում է պետական մի որևէ հանցագործությունից, որը խաթարում է իշխանության փոխանցման լեգիտիմ կարգը։

Անգլերեն Game բառը թարգմանվել է որպես Խաղ, այնինչ Game-ը, ի տարբերություն Play-ի, ունի այլ երանգներ՝ որս, մրցակցություն։

Պետությունների բնականոն զարգացումը խաթարվում է, երբ հարցականի տակ է դրվում իշխանության լեգիտիմությունը, որի արդյունքում քաղաքական էլիտան ճեղքվում է։

Հայաստանում պատմության դիսկուրսի շարադրման համար ընթացող պայքարը սկսվեց «Մարտի 1»-ի դատավարությունից և պատահական չէ, որ այդ դատավարությունը դարձավ հայկական «հեղափոխության», իսկ իրականում՝ քաղաքական մի խմբավորման կողմից մյուս խմբավորման հանդեպ տեղի ունեցած ռևանշին իրավական հիմք տալու անկյունաքարը։

Հայաստանում իշխանության փոխանցման օրինական կարգը խաթարվեց 1996-ին, երբ հանրության ճնշող մեծամասնությունը նախագահի ընտրությունը համարեց անօրինական, որի հետևանքով Երևան տանկեր մտցվեցին և օդ կրակեցին։ Մարդկանց վրա կրակելու կարիքը չեղավ, սակայն ՆԳՆ նախարի խոսքերով՝ դրան պատրաստ էին, եթե դրա պահանջը զգացվեր։ Որն էր գեներալ Մանվելի դերն այդ ամենում և ինչի համար է նա հիմա պատժվում, դա մի այլ, քննարկման արժանի թեմա է։

1996-ին տեղի ունեցածն ուներ իր նախապատմությունը, դրա սկիզբը դրվել էր ՀՀՇ-ԱԺՄ ճեղքումի ժամանակ, իսկ հետո Դաշնակցության դատավարությամբ։ Քաղաքական դաշտը ճեղքվել էր, մնացածը դրա հետևանքներն էին։

2008-ի դեպքերը 1996-ի շարունակությունն էին, սակայն հակառակ նշանով՝ այդ ժամանակ 1998-ին իշխանությունը կորցրած խմբավորումը չկարողացավ վերադառնալ։ Ռևանշը չհաջողվեց։

Հիմա գանք «հեղափոխությանը»։ «Նոր Հայաստանի» թեզը պետք էր հետևյալ կերպ հասկանալ՝ մենք շրջում ենք պատմության էջը և նոր հարաբերություններ ենք ձևավորում, սակայն ողջ քաղաքականության հիմքում դնելով 2008-ի դեպքերը, «ժողովրդի վարչապետը» մեզ վերադարձրեց Հին Հայաստան, իսկ ինքը դարձավ հակամարտող կողմերից մեկի լիդերը։ Իշխանության ողջ քարոզչամեքենան լծվել է Հին Հայաստանի հակամարտող կողմերից մեկի իրավացիությունը ապացուցելուն, պատմության վերաշարադրմանը և մյուս կողմին պատժելուն։ Դա կասկածի տակ է դնում գործող իշխանության լեգիտիմությունը, որովհետև մարդիկ քվեարկել են Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստաի կողմերից մեկի օգտին։ Փաստորեն, Նոր Հայաստանի համար քվեարկած մարդկանց թյուրիմացության մեջ են գցել։

Պատահական չէ, որ գործող իշխանության քարոզչամեքենայի հիմքում հայտնվել են մարդիկ, որոնք առաջին նախագահի մերձ շրջապատից են։ Փաստորեն հին հակամարտության կողմերից մեկի իրավացիությունն ապացուցելն է գործող իշխանության քարոզչության առանցքը։

Գահերի խաղը դեռ շարունակվում է։ Քանի դեռ շարունակվում է հին պայքարը, խաղը դեռ չի վերջացել, ու պատմության այդ էջը շրջված չէ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը