Կարծիք

03.08.2019 09:26


Կայացած ոլորտի անլուր մահը

Կայացած ոլորտի անլուր մահը

Մեր «հին» (կամ հնագույն՝ եթե կուզեք) տնտեսական երազանքներից ամենահայտնին ջրի բիզնեսն էր։ Երկրորդ տնտեսական առասպելը կոշիկի արտադրությունն էր։

70-80-ականներին մեր կոշկագործությունը Խորհրդային Միությունում առաջատար էր։ 90-ականների էներգետիկ ճգնաժամից առաջ այս ոլորտը մեր երկրում ամենաարագ զարգացողն էր։ Ոլորտի մասնագետ-գործարարները հենց այդ ճգնաժամի տարիներին էլ իրենց արտադրությունները տեղափոխեցին նախկին խորհրդային հանրապետություններ։

Էներգետիկ ճգնաժամից հետո ոլորտի հետ կապված հույսերը, կարելի է ասել, չարդարացան։ Հայաստանն իհարկե Օ’Հենրիի նկարագրած Անչուրիան չէ։

Մեր երկրում կոշիկ հագնում են։ Կոշիկի շուկան տարվա կտրվածքով մի քանի տասնյակ մլն դոլարի ծավալ ունի (նույնիսկ պաշտոնական տվյալներով)։

Ցավոք կոշիկի տեղական արտադրությունը ներքին շուկայում համարյա սպառում չունի։ Ավելին` տարեց տարի ներքին շուկայում իրացումը կրճատվում է:

Պաշտոնական տվյալներով կոշիկի ներմուծումը Հայաստանում 2017թ․ առաջին անգամ գերազանցեց 10 մլն դոլար արժեքի սահմանը։ 2016թ․ ներմուծվել էր մոտ 9 մլն 713 հազար դոլարի կոշիկ (խոսքը բնական ու արհեստական կաշվից պատրաստված կոշկեղենի մասին է)։

2017թ․ ներմուծումների ծավալը դարձավ 10 մլն 185 հազար դոլար։ Ներմուծման հաղթարշավը շարունակվեց նաև 2018թ․-ին։ Ներմուծվեց մոտ 12 մլն 118 հազար դոլարի կոշկեղեն։ 2019թ․ դեռ ամփոփված է առաջին հինգ ամիսներով։ Ու արդեն մոտ 4 մլն 118 հազար դոլար է ներմուծման ծավալը։

Ակնհայտ է, որ երբեմնի կայացած ոլորտը համարյա ոչնչացման եզրին է։ Այս մասին վկայում են արտահանման թվերը։ Դրանք շատ ավելի փոքր ծավալի են։ Թվաբանները կասեին՝ մի կարգ ու ավելի փոքր։

Տեսեք, 2016-ին արտահանումը եղել է մոտ 830 հազար դոլարի արժեքի, 2017-ին՝ 731 հազար դոլարի, 2018-ին՝ 876 հազարի։ Այսինքն ոլորտը կամաց-կամաց վերանում է։ Հետաքրքիր է, նաև այն, որ խոշոր եղջերավորի ու ոչխարի (գառան) կաշվի արտահանման թվերից չափազանց ակնհայտ է, որ ոլորտը խիստ ստվերային է։

Ոչխարի կաշվի արտահանման ծավալներն անհավանական փոքր են։ Իսկ խոշոր եղջերավորի կաշի մեր երկրից տարեկան արտահանվում է 575 հազար դոլարի (2017թ․), կամ մոտ 700 հազար դոլար արժեքի (2018թ․)։ Այսինք այս երկու ոլորտները, պարզ ասած, միմյանցից անկախ են։ Կոշիկի տեղական արտադրությունը բնական ու արհեստական կաշվի տեղական մթերում-արտադրության հետ կապ չունի։ Մինչդեռ ժամանակին արտադրության այս ոլորտները ազգային հպարտության առիթ-արժեք էին։ Այդ մասին վկայում են անունները, որ տրվել էին կոշիկ արտադրող ձեռնարկություններին՝ «Մասիս», «Նաիրի»։

Փորձարարական ձեռնարկությունների անվան տակ մոդելային ֆաբրիկաներ էին հիմնվում։ Դրանք էապես տարբերվում էին խորհրդային մասսայական «շիրպոտրեբ» արտադրանքից թե՛ որակական, թե՛ քանական չափանիշներով։ Ի վերջո 80-ական թթ․ երկրորդ կեսին հայկական կոշիկը հենց այդ պատճառով հռչակ ձեռք բերեց։ Իսկ հետխորհրդային տարիներին, եթե հիշողությունս չի դավաճանում, մեր կառավարությունների ծրագրերում մեկ անգամ է հիշատակվել՝ 2001թ․-ին։ Դրանից առաջ ու հետո կառավարությունների ծրագրում միշտ ավելի ժամանակակից ու (բնականաբար՝ ավելի մոդայիկ) ոլորտներ են, որոնց չկայանալը հավանաբար կարելի է բացատրել շատ փաստարկներով։ Ամենապարզը կարելի է համարել այն, որ կոշկակարությունն առայժմ թվայնացված չէ։

Ինձ անձամբ ավելի դուր է գալիս այն փաստարկը, որ կառավարության ծրագրերում թմբկահարվող «գիտելիքահեն» ու այլալեզու բառերով բնորոշվող ոլորտների «ինչ ըլլալը կառավարությունում էլ չեն գիտեր» (Պարոնյանի լեզվով ասած)։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը