Կարծիք

02.08.2019 19:49


Ստարտափ հեղափոխությունը և պետությունը

Ստարտափ հեղափոխությունը և պետությունը

Վերջապես «ժողովրդի վարչապետը» ճիշտ խոսեց․ «Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի շատ լավ գաղափար, բայց չունի փող, չունի ֆինանսական միջոցներ, երբեմն չունի գրասենյակ, բայց ունի գաղափար, և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, և պոտենցիալ ներդրողները աջակցում են այդ գաղափարի իրագործմանը` հավատալով դրա հաղթանակին, և, իհարկե, այդ հաղթանակից իրենց մասնաբաժինն ունենալու հեռանկարով: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, նրանք ներկայացրին հանրությանը այդ գաղափարը, կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության և հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ, և որպես արդյունք այսօր ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»։

Բնորոշիչ է, որ ոչինչ չի ասվում Ստարտափի գաղափարի մասին՝ որն էր այդ գաղափարը։ Ասվածից պետք է ենթադրել, որ գաղափարը «ժողովրդի իշխանություն» հաստատելն է, որին այն ժամանակ փոքրաթիվ մարդիկ էին հավատացել, այսինքն այդ ժամանակ «ժողովուրդը» դեռևս իրենք էին։ «Գաղափարը» ժողովուրդը ընդունեց և այդ փոքրաթիվ մարդիկ դարձան «ժողովրդի իշխանություն»՝ այդ իսկ փաստով երջանկացնելով ժողովրդին։

Մի կողմ դնենք այդ ողջ դեմագոգիան, ինչպես նաև «ժողովրդի իշխանություն» հաստատելու համար խոստացված քայլերը՝ Սահմանադրության փոփոխություն, Կուսակցությունների մասին օրենք և այլն, և այլն, որոնք կարող էին ինչ-որ բովանդակություն հաղորդել «հեղափոխությանը»։ Կենտրոնանանք միայն Ստարտափի գաղափարի վրա, որին ֆինանսավորում է պետք։

Ասվածից ստացվում է, որ «հեղափոխություն» ստարտափը պետք է վաճառել ներդնողներին։

Հարց, ով պետք է ֆինանսավորի՝ «ժողովո՞ւրդը», Ա՞ՄՆ-ն, Եվրոպա՞ն, Ռուսաստա՞նը, Ռոկֆելլե՞րը, Բիլ Գե՞յթսը, «սփյո՞ւռքը», թե՞ մեկ ուրիշը։ Հաստատ ֆինանսավորողը ժողովուրդը չի, ժողովուրդը սպասում է «ստարտափի» դիվիդենտներին, որն իրեն խոստացվել է։

Հաջորդ հարց, ի՞նչն է կարող գրավել ներդնողներին։ Եթե Հայաստանի բիզնես միջավայրը, հսկայական շուկան, մարդկային ռեսուրսները, միջազգային ճանապարհային խաչմերումներում գտնվելը, ապա դա անհեթեթ է, Չինաստանը, Վիետնամը, Մալազիան․․․ թողած, ինչո՞ւ պետք է ներդրում կատարվի Հայաստանում։ Եթե «մասնաբաժինը» «քաղաքական» շահերն են, ապա որոնք են այդ շահերը, առհասարակ, ինչ քաղաքական «շահեր» է կարող առաջարկել Հայաստանը՝ աշխարհքաղաքական զիջումներ, որևէ քաղաքական բլոկի մեջ մտնելը, մի այլ բլոկի դեմ խաղալը, նոր լոգիստիկ նախագծերին մասնակցելը․․․ ։ Դրանից ոչ մեկը չի երևակվում։

Եթե ստարտափի միակ գաղափարը «ժողովրդի», այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատումն է, ապա դա ստարտափ է իր համար, բայց մյուսների՝ «ժողովրդի», շահույթը կամ մասնաբաժինը ո՞րն է, անհասկանալի է։

Դեմագոգիան անսահման է և ամենահետաքրքիրն այն է, որ կան մարդիկ, որոնք դրա մեջ միտք են տեսնում։

Երևի միակ ռացիոնալ միտքն այն է, որ ստարտափի գաղափարով իր վրայից պատասխանատվություն գցելու փորձ է անում․ ինքը միայն «ժողովրդի իշխանություն» հաստատելու գաղափարի տերն է, իսկ մնացած հարցերում՝ ներդրում, մենեջմենթ և այլն, կիսում է «ժողովրդի» հետ՝ դուք եք արել հեղափոխությունը, դուք էլ կրեք պատասխանատվությունը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը