Քաղաքական

16.04.2010 17:14


Էրդողանի հայտարարությունները Հովհաննես Մարգարյանի համար պաշտոնական չեն

Էրդողանի հայտարարությունները Հովհաննես Մարգարյանի համար պաշտոնական չեն

Այսօր Գյումրիում էին մի խումբ ՕԵԿ-ականներ, որոնք ուղեկցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Նրանց թվում էին նաև ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Արծրունի Աղաջանյանը: Սակայն ՕԵԿ-ական պատգամավորներն ստիպված են եղել պատասխանելու ավելի շատ քաղաքական, քան գյուղատնտեսական հարցերի:

ՕԵԿ-ական պատգամավորները ևս մեկ անգամ հավատարմության երդում տվեցին Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ այն Հայաստանի առումով աբողջովին դրական  ուղղությամբ է շարժվում, հատկապես հայ-թուրքական կարգավորման գործընթացի առումով. «Մենք միշտ ասել ենք, ևս մեկ անգամ փաստում  ենք, որ դրական ենք մոտենում երկրի նախագահի կողմից ձեռնարկված արտաքին քաղաքականությանը, որը տարբեր տեսանկյուններից արդարացված է, այսինքն՝ նա արտաքին քաղաքականությունը վարում է կառուցողական, նախաձեռնողական և, բնականաբար, ի շահ մեր երկրին ու ժողովրդին: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ մշտապես ասել ենք՝ կողմ ենք, և դա մեր ծրագրերում կա՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում առանց որևէ նախապայմանների»,- հայտարարել է Հովհաննես Մարգարյանը:

Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգներում Էրդողանի հայտարարությունից հետո, երբ Արցախի խնդիրը հստակ կապվեց հայ-թուրքական սահմանի բացման հետ, կարելի՞ է արդեն տապալված համարել «ֆուտբոլային» դիվանագիտությունը, Հովհաննես Մարգարյանը  փորձել է բացատրել, թե ինչ բան է պաշտոնական հայտարարությունը.

«Չիգիտեմ՝ որտե՞ղ և ինչպե՞ս է կապում, բայց, այնուհանդերձ, ես ցանկանում եմ, որ մեր լրատվությունը... Գիտե՞ք՝ կան հայտարարություններ, որոնք ներքին սպառման համար են, կան հայտարարություններ, որոնք արտաքին սպառման համար են: Ես չգիտեմ՝ տարբեր հաստատություններում տարբեր հայտարարություններ կլինեն, այդ թվում նաև Էրդողանի կողմից, բայց ես դա չեմ ընդունում, որովհետև... Այսինքն, ես դա չեմ ընդունում որպես պաշտոնական հայտարարություն, որովհետև պաշտոնական հայտարարություններ արվում են այդ տեսակ հայտարարությունների տեղին և ժամանակին՝ օգտագործելով այդ պահը: Այսինքն, պաշտոնական հայտարարություն կարող էր անել Թուրքիան, երբ արձանագրությունը ստորագրեց, երբ իրենց վարչապետը գտնվում էր Ամերիկայում: Ես սա եմ ընդունում պաշտոնական հայտարարություն»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը