Մեկնաբանություն

01.08.2019 16:21


Փաշինյանը՝ Ամուլսարի ու Թեղուտի արանքում. «Վալլեքսի» սենսացիոն բացահայտումը

Փաշինյանը՝ Ամուլսարի ու Թեղուտի արանքում. «Վալլեքսի» սենսացիոն բացահայտումը

Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, իսկ դա նշանակում է, որ նա խորապես թքած ունի այն զանգվածի վրա, որն իրեն է պաշտպանում:

Պոպուլիստը ժողովրդահաճո բաներ է ասում ու անում, բայց չի հետաքրքրվում դրա հետևանքներով:

Պոպուլիստն ապրում է տվյալ պահով: Նրա ուշքն ու միտքը աթոռի պահպանությունն է և «Նիսան Քաշքայի» «բարի» ժամանակներին չվերադառնալը, այլ դա միայն ֆոտեներում ապահովելը՝ կադրից դուրս մնացած հսկայական թիկնազորի ուղեկցությամբ:

Պոպուլիստը սկզբունքներ չունի: Նրա սկզբունքն անսկզբունքայնությունն է, իսկ դավանած «իզմը»՝ բարդակիզմը:

Երկակի, եռակի ու քառակի ստանդարտների կիրառումը պոպուլիստի ձեռագիրն է:

Վերցնենք ցանկացած ոլորտ և կտեսնենք, թե ինչպիսին է պոպուլիստ Փաշինյանի պահվածքը և ինչպիսին են պոպուլիզմի հետևանքները:

Թեղուտ VS Ամուլսար

Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքը հեղափոխական տեխնոլոգիաների օգնությամբ փակվել է: Նախորդ տարվանից սկսած Փաշինյանի կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում այս հարցում:

Ոմանք սկսել են կասկածել, որ «ժողովրդի» վարչապետն այս հարցում անձնական հետաքրքրություններ և նյութական շահագրգռություններ ունի: Կամ էլ ուրիշներն ունեն՝ սեփականության վերաբաշխման թեմայով: Այդպես է դա թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ներկան ցույց է տալիս, որ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը կանգնեցվել է: Հանքի դեմ բողոքողների պատճառաբանությունն այն է, որ այն վնասակար է շրջակա միջավայրին:

Փաշինյանը, ընդառաջ գնալով ճանապարհ փակողներին, դեռևս չապացուցված բնապահպանական խնդիրների դարդն է լացում՝ մատը մատին չտալով հանքի հետ կապված հարցում: Հարկատուներիս հաշվին 400 հազար դոլար հատկացվեց փորձագիտական գնահատականների համար, բայց դեռ ձեն ծպտուն չկա:

Փաշինյանն իր այս վարքագիծը բացատրում է, իբր, բնության պահպանության իր մոտեցմամբ ու այդ տարածքի մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանները չվատացնելու ցանկությամբ: Այն, որ դա այդպես չէ, ցույց է տալիս Թեղուտի հանքի պատմությունը:

Թեղուտի հանքավայրի շահագործումը կանգնեցնելու որոշումից հետո աշխատակիցները փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանքի աշխատանքների շարունակում:

Կառավարությունն անմիջապես հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ հանքը շահագործվի: Եվ դա այն դեպքում, երբ շրջակա միջավայրի աղտոտման առումով Թեղուտի հանքավայրը լրջագույն խնդիրներ ունի: Փաշինյանին, սակայն, դա չի հետաքրքրում: Իրեն հետաքրքրում է «շուխուռը» և այսրոպեական դիվիդենտը:

Ամուլսարում «շուխուռը» հանքը փակելու թեմայով է, Փաշինյանը բավարարում է այդ «շուխուռը» և հանցավոր անգործություն է ցուցաբերում: Ու դա այն դեպքում, որ բնապահպանական խնդիր չկա:

Թեղուտում «շուխուռը» հանքը բացելու թեմայով, է, Փաշինյանն ընդառաջ է գնում «շուխուռ» աողներին ու հանքն ամեն գնով ուզում է աշխատեցնել: Ու դա այն դեպքում, երբ հանքի շահագործումը վտանգավոր է և այդ մասին ահազանգում են և՛ միջազգային փորձագետները, և՛ «Վալլեքս» խումբը:

Փաշինյանական պոպուլիզմի վտանգավոր բնույթը

Փաշինյանի պոպուլիզմը կարող է լրջագույն հետևանքներ առաջացնել: Այդ մասին սենսացիոն հայտարարություն է օրերս տարածել «Վալլեքս» խումբը:

Ընկերությունն ահազանգում է, որ հանքի շահագործումը կարող է կատաստրոֆիկ հետևանքների հանգեցնել: Բայց կառավարությունն աչք է փակում, քանի որ պոպուլիստական նկատառումներից ելնելով ուզում է հանքն աշխատեցնել՝ առանց անվտանգության համակարգերի ներդրման:

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններով ամրագրվել է, որ առանց պո­չամ­բարի պատվարի կայու­նու­թյան մակար­դակի բարձրա­ցման և սեյսմիկ ու ստա­տիկ անվտանգության ապա­հով­ման Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնա­փլուզ­ման իրական վտանգ։ Այս մասին գրված է «Վալլեքսի» հաղորդագրությա մեջ:

Այս ահազանգի պայմաններում անգամ կառավարությունը չնկատելու է տալիս հանքի նոր սեփականատիրոջ՝ ՎՏԲ բանկի քայլերը, քանզի տվյալ պահին պոպուլիզմը պահանջում է աշխատեցնել հանքը՝ թեկուզև փլուզման վտանգի պայմաններում:

«Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգությանը՝ պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին Ընկերությունը 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով՝ համա­պա­տաս­խան հաշ­վա­ռում վարելու և հե­տագա վերա­հսկո­ղու­թյուն ապահովելու համար տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին (բնապահպանության, արտակարգ իրավիճակների և նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին) միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները»,- նշված է «Վալլեքսի» հայտարարության մեջ:

Ընկերությունը, փաստորեն, արձանագրում է, որ կառավարությունը հանցավոր վարքագիծ է ցուցաբերում և վտանգավոր ոչ կոմպետենտություն: Ասել է թե՝ պապուլիզմն ունի նաև մահաբեր ու հանցավոր դեմք:

Բազմակի ստանդարտները

Բազմակի ստանդարտներն այդպիսի բան են: Մի դեպքում ոչ մասնագետները պնդում են, որ Սևանի խնդիր կա ու չպետք է հանքի շահագործումը թույլ տալ, և Փաշինյանն ընդառաջում է ոչ մասնագետներին ու թույլ չի տալիս հանքի աշխատանքը:

Մյուս դեպքում հանքի սեփականատերն է փորձագիտական գնահատականների վրա հիմնվելով բարձրաձայնում սպասվող լրջագույն խնդիրների մասին, սակայն վարչապետը կողմ է, որպեսզի հանքը շահագործվի:

Այս ամենի անունն է պոպուլիզմ: Չհաշված դիլետանտիզմն ու բարդակիզմը (միգուցե նաև մասնավոր շահը):

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը