Կարծիք

01.08.2019 17:27


Բոլորին թվում է, որ եթե կողքինը հարստանում է, ուրեմն անպայման գողացել է

Բոլորին թվում է, որ եթե կողքինը հարստանում է, ուրեմն անպայման գողացել է

Հետաքրքիր մի բան եմ նկատել։ Երբ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի մասին, առաջին հարցը, որ տալիս են նրա ընդդիմախոսները՝ «էդ ո՞նց եղավ, որ ծակ (չինական/թուրքական/մաշված, ստեղ արդեն ով ինչ գիտի ու ինչ է կարևորում, դա է նշում) սվիտերով եկավ Հայաստան, ու տենց փողեր կուտակեց»։ Ու դրանից հետևություններ են անում, որ ուրեմն գողացել է, ուրեմն հենց դրա համար է պետք առաջին հերթին դատել, որ լավ ղեկավար չի եղել հենց դրա պատճառով...և այլն։

Գրեթե ոչ մեկ չի ասում՝ «Այ, վատ հարկային պայմաններ են գործել, դրա համար եմ կարծում, որ վատ ղեկավար էր» կամ էլ «արտաքին քաղաքականության վեկտորը, իմ կարծիքով, սխալ էր ընտրել, պիտի ավելի շատ արևմտյան ուղղությամբ գնայինք»... և նման, քաղաքական գծին վերաբերվող մեկնաբանություններ։

Բոլորին հետաքրքրում է, թե ո՞նց եղավ, որ հարստացավ։ Եվ բոլորին թվում է, որ եթե կողքինը հարստանում է, ուրեմն անպայման գողացել է (մի տեսակ սիմպտոմատիկ մտածելակերպ է): Երկրորդ տարբերակ լինել չի կարող։ Եվ, ուրեմն, մարդը ոմանց աչքերում ավտոմատ դառնում է հանցագործ։ Եվ նրան պատրաստ են ճաղերի հետևում տեսնել միայն նրա համար, որ ինքը ինչ-որ մի բանում ավելի հաջողված է, քան մյուսները։

Եվ դա ոչ միայն և երևի ոչ այնքան Քոչարյանին է վերաբերվում։ Շատերիս բնորոշում է «իբր դարդերը քիչ իմ, մի հատ էլ հարևանը Մերսեդես առավ»։ Ոչ մեկ չի ասում՝ իսկ գուցե եթե կողքինը հարստացել է, ավելի լավ է ապրում, ավելի շատ ունի, ուրեմն, հնարավոր է՝ ավելի շատ է աշխատել, ավելի պահանջված է, ավելի ճիշտ է մասնագիտությունը ընտրել, ավելի շատ է ինքն իր վրա աշխատում, չի վախենում միանգամից մի քանի տեղ աշխատել, թեկուզ և գիշերները կարող է չքնել։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քիչ թե շատ լավ ապրելը և միջինից մի փոքր շատ վաստակելը դարձել է ամոթալի մի բան։ Եվ տպավորություն է, որ քողարկված քարոզ է իրականացվում, որ բոլորը պետք է հավասարապես վատ ապրեն, ոչ թե հակառակը։

Ստեղ, երևի թե, համաձայնեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ պետք է աղքատությունը հաղթահարել առաջին հերթին ուղեղներում։ Լավ ապրելու համար պետք է մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա։ Դե, իսկ օբյեկտիվ պատճառները՝ գործազրկությունը, ոչ արդյունավետ հարկման համակարգ, հավելյալ աշխատատեղերի ստեղծում և այլն պետք է հաղթահարի պետությունը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը