Մեկնաբանություն

01.08.2019 09:45


Ինչն է խանգարում վատ պարողին

Ինչն է խանգարում վատ պարողին

Ոչինչ այնպես չի նյարդայնացնում ստահոդ «Նոր Հայաստանի» ֆեյք վարչապետին, ինչպես իր ընտանիքի, ընտանեկան տոնախմբությունների, «սիմինդի փարթիների», միջազգային կամ տեղական նշանակության շրջագայությունների մասին հրապարակումները։

Իր ողջ գիտակցական կյանքում դեղին մամուլի «լավագույն չափանիշներով» սրա-նրա վրա ցեխ շպրտող, սրա-նրա հասցեին վարկաբեկիչ հոդվածներ տիրաժավորելու կամ հակառակը` չտիրաժավորելու («ստոպ» տալու) միջոցով հացի եւ ոչ միայն հացի խնդիր լուծող նախկին լրագրողը տանել չի կարողանում, երբ իր մեթոդներով իր դեմ են աշխատում։ Ընդ որում՝ աշխատում են ոչ առանց հիմքի: Ի տաարբերություն իրեն:

Ինչպես փողոց փակելու դեպքում. երբ ի՛նքն էր փողոց փակելով «հեղափոխություն» անում, դա ոգու տոն էր` «ժողովրդավարության» խրախճանք, երբ ուրիշներն են գնում իր տրորած արահետով`առանց իր գիտության եւ թույլտվության, ապա գործ ունենք պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ չարամիտ ոտնձգության կամ առնվազն խուլիգանության հետ։

Մասնավորապես, ահավոր զայրանում է, երբ «շահարկում» են իր եւ ընտանիքի անդամների վարչապետական ուղղաթիռով Ա կետից Բ կետը տեղափոխվելու թեման։

Թերթերից մեկը գրել էր, որ նորին մեծությունն ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է ժամանել Իջեւան, եւ, խնդրեմ`հուժկու հակահարվածը չուշացավ. աշխատակազմի «հերքումը» քիչ համարելով` Փաշինյանն անձամբ մտավ Ֆեյսբուք, թեւքերը քշտեց, ձեռքը խփեց սեղանին, կներեք` պատին, եւ հերթական ամբաստանագիրը ներկայացրեց լրատվամիջոցներին. «Մի շարք լարատվամիջոցների (լրատվամիջոցների.-Լ.Պ.) համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից»:

«Սերժառոբական հայրենաթալան ավարի» ո՞ր տոկոսն է բացահայտել եւ իր սրտի դատախազության, ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, քննչական կոմիտեի հերոսական ջանքերով վերադարձրել պետական բյուջե` չասաց։ Նույնիսկ ընդունեց, որ իր գովասանքներին, խրախուսական ժեստերին հակառակ` իրավապահ մարմիններն այդ հարցում թերացել են. «Այ էստեղ` մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար» (բառապաշար եմ ասել է՜)։

«Ժողովրդի վարչապետին», ինչպես եւ իր զոմբիներին, դուր է գալիս մտածել, որ «Նոր Հայաստանում» չկա մեկը`լրագրող, ՖԲ օգտատեր կամ պարզապես պետության վաղվա օրով մտահոգ մարդ, որ առանց «նյութական շահագրգռվածության» քննադատի իրեն ու անմեղսունակների իր թիմին, առավել եւս` մասնակցի իր եւ իր քմահաճույքներն սպասարկող ռեպրեսիվ ապարատի կամայականությունների, իրավական բեսպրեդելի դեմ բողոքի ցույցերին։ Եվ ուրեմն`հարցերի հարցը «արատավոր» այդ երեւույթը բնում խեղդելն է։

Եթե հիշում եք, դեռ ամիսներ առաջ`ազդարարելով «ֆեյքերի» դեմ անզիջում պայքարի մեկնարկը (սեւազգեստների դեմ պայքարի հետ չշփոթել), Փաշինյանն ակնարկեց նախորդ իշխանությունների կողմից ֆինանսավորվող «ստվերային աշխատատեղերի»` իր դեմ խոսողներին վնասազերծելու անհրաժեշտության մասին։ Եվ համոզմունք հայտնեց, որ շուտով այդ աղբյուրները կցամաքեն` «հակահեղափոխության» հովանավորները «բոմժ կդառնան», ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Պարզվում է`այս դեպքում էլ խոփը քարին է դեմ առել. «արագի մեջ» սեփականության վերաբաշխում անելու հույսերը չեն արդարացել։

Ինչո՞ւ։ «Մենք սահմամափակված ենք (պետք է լիներ`սահմանափակված) օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ»,-բացատրեց ժողվարչապետը։ Ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում էլ բողոքել էր ընթացակարգերի եւ «փորձագիտական հնարավորությունների» պակասից. իբր`խեղճ քննիչները քափ-քրտինք մտած աշխատում են, դարակազմիկ բացահայտումներ են անում, բայց վախենում են ուղարկել դատարան, որ դատավորները չփչացնեն իրենց տիտանական ջանքերի արդյունքում ծնված «գյոզալական» գործերը։

Ինչ-որ չենք նկատել, թե «թավշյա վարչապետը» կաշկանդված լիներ օրենքներով կամ Սահմանադրությամբ. ոչ միայն կաշկանդված չէ, այլեւ խորապես թքած ունի օրենքի եւ օրինականության վրա։ Պարզապես դեռ այնքան չի հաբռգել, որ ցուցադրաբար թքի նաեւ եվրոպական կառույցների սաստող հայտարարությունների վրա։

Եթե դա էլ չլիներ, «արդյունավետ ինստիտուտների չգոյությունը» (խոսքը հավանաբար նախ եւ առաջ առանց դատարանի վճռի անձի ունեցվածքը բռնագրավելու մասին է) հաստա՛տ չէր խանգարի` ընդդիմախոսներին ձեռքի թեթեւ շարժումով «բոմժ սարքելու» եւ կյանքը դարձնելու հեքիաթ`իշխանության պատի թերթին հավասարեցված «Ազատություն» ռադիոկայանով, մի գիշերում «սերժառոբականից» «լեւոնանիկոլական» խոսափողի վերածված Հ1-ով, ընտանեկան «պաշտոնաթերթով» եւ իշխանական ագիտպրոպի Սորոսից սնվող էլի մի քանի լրատվամիջոցների «նկարած» հովվերգական պատկերներով։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը