Աշխարհ

16.04.2010 13:14


ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Մի՛ բզբզեք»

ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Մի՛ բզբզեք»

Ա. Սաֆարյան. «Այսօր հանրապետության նախագահի վարած արտաքին քաղաքականությունը հենված է փորձագիտական շատ լուրջ ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վրա»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ շատ կարևոր դիտարկում ունի։

-Այսօր հանրապետության նախագահի վարած արտաքին քաղաքականությունը հենված է փորձագիտական շատ լուրջ ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վրա։ Այսինքն, գիտական, փորձագիտական մակարդակով անթերի է, և դա շատ ավելի հստակ է արտահայտված, քան 2 տարի առաջ։ Եվ երկրորդ՝ արտաքին այդ քաղաքականությունը հենված է Հայաստանի քաղաքական դաշտի մտադրությունների, նպատակների, պատկերացումների իրական համադրության վրա, և դրանով ինքը շատ ուժեղ է։ Եվ ես կարծում եմ, որ չպետք է թերագնահատել արտաքին այս քաղաքականության հարձակողական և նախաձեռնողական բնույթը, ոչ էլ սա արձագանք է ինչ-որ քաղաքականության,- հայտարարեց Ա. Սաֆարյանը։

Իսկ թե փորձագիտական ի՞նչ լուրջ վերլուծություններ են դրանք, նա ասաց, որ անցած 6 ամիսների ընթացքում այս և մյուս դահլիճներում այդ բոլոր գնահատականները մեր աչքի առաջ տրվել են.

-Խոսքը մեր պատրաստված լավագույն ուժերի ամբողջ ռեսուրսը, մեր հնարավորություններն այս խնդրի լուծմանը ներդնելու, մոբիլիզացնելու մասին է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել։ Դրանք անթիվ, անհամար հրատարակություներն են, որոնք արվել են, ներկայացվել են քաղաքական ուժերին, դրանք փորձագիտական եզրակացություններն են, որ նաև այս ֆորմատներով որպես պատգամ փոխանցվել են երկրի իշխանություններին։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց նաև, որ հայ-թուրքական երկխոսությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ մեկտեղելը, մեկ զամբյուղի մեջ քննարկելն անհեռանկար գործ է և չի բերելու ո՛չ մեկի, ո՛չ մյուսի հաջողությանը։

-Դրա համար զուգահեռաբար ընթացող այս և գուցեև այլ քաղաքական գործընթացները չպետք է նույնացվեն և չպետք է բերվեն, դրվեն հիմնախնդիրների մեկ ընդհանուր փաթեթի մեջ,-ասաց նա,-ես հանրապետության նախագահի տեսակետի հետ բացարձակապես համաձայն եմ, որովհետև նախագահն ասում է՝ եկեք ձև չանենք, թե հավատում ենք, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան կարող է անկեղծ միջնորդ լինել։ Թուրքիան դրա համար ոչ մի քայլ չի կատարել անցած 18 տարիների ընթացքում։

Բնականաբար, Ա. Սաֆարյանին հարցրինք՝ շատ լուրջ փորձագիտական ուսումնասիրությունների արդյո՞ւնքն էր, որ երբ 2008թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն առաջարկեց օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Սերժ Սարգսյանն ուրախությամբ ընդունեց այդ առաջարկը, ավելին՝ ավելացրեց, որ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից:

-Չէ, գիտե՞ք՝ ինչ կա, ես հիմա չեմ ուզում այդ բաները մեկնաբանել, որովհետև այդ բաների կապակցությամբ ինչ-որ պետք է, գրվել է, ասվել է, խոսվել է, և համապատասխան դիրքորոշումները մենք արձանագրել ենք։ Այդ դիրքորոշումների արձանագրությունների արդյունքում էլ արվել են այն հայտարարությունները, ինչ որ արվել են Վաշինգտոնում։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ է, և դա արտահայտում է Հայաստանի քաղաքական դաշտի համարյա միահամուռ մոտեցումը խնդրի նկատմամբ,- հարցին այսպես պատասխանեց Ա. Սաֆարյանը։

Իսկ երբ պնդեցինք, որ, այդուհանդերձ, կրկնի թեկուզ և ժամանակին ասված և գրված իրենց դիրքորոշումը, ԲՀԿ խմբակցության քարտուղարը խորհրդի կարգով պահանջեց.

-Մի՛ բզբզեք ավելի շատ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը