Մեկնաբանություն

31.07.2019 20:35


Դատիր, որ դատվե՛ս (տեսանյութ)

Դատիր, որ դատվե՛ս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազգային միասնության մթնոլորտ: Խոստացավ նաև, որ վենդետտաներ չեն լինելու, և ինքը դատական իշխանության աշխատանքներին չի միջամտելու:

Ինչպես կյանքը ցույց տվեց, նա խաբում էր:

Հիմա նա դատում է Ռոբերտ Քոչարյանին ու հարձակվում բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են իր հակաքոչարյանական բզիկները չբավարարել:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումն ասվածի վառ ապացույցն է:

Ուշագրավն այն է, որ բոլոր այն դատավորները, որոնք Փաշինյանի կապրիզներին ու հոգեկան տվայտանքներին ասում են՝ «այո», ունեն ցածր վարկանիշ: Իսկ նրանք, ովքեր առաջնորդվում են օրենքով և «ժողովրդի» վարչապետին ասում են՝ «չէ», ունեն բարձր վարկանիշ:

Փաշինյանին պետք են փաստաբանների կողմից ցածր վարկանիշի արժանացած արմենդանիելյանների տիպի դատավորներ, քանզի նա ուզում է դատական իշխանությունը «բուդկայի» պես սեփականաշնորհել այնպես, ինչպես օրենսդիրն ու գործադիրն է սեփականաշնորհել:

Նրա պատկերացրած ՍԴ նախագահը լևոնական փաստաբան Վահե Գրիգորյանն է, իսկ սահմանադրականության ու օրինականության քայլող մարմնավորումը՝ ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգ ու կրկին լևոնական Գագիկ Ջհանգիրյանը:

Մարտի 1-ի արյունից մաքրվելու, ինչպես նաև քաղաքական հակառակորդին ֆիզիկապես մեկուսացնելու նպատակով է Փաշինյանը դատում Քոչարյանին՝ չզգալով, որ հետագայում ինքը կարող է դատվել՝ դատական իշխանության աշխատանքներին միջամտելու, դատարանները շրջափակելու ապօրինի հրահանգներ տալու, կոռուպցիայի մեջ ներգրավվելու և բազում այլ օրինախախտումներ թույլ տալու համար:

Փաշինանին, թերևս, հանգիստ չեն տալիս այնպիսի հեղափոխական գործիչների դափնիները, ինչպիսիք էին Կերենսկին Ռուսաստանում, Գամսախուրդիան՝ Վրաստանում և Էլչիբեյը՝ Ադրբեջանում:

Հայտնի խոսք կա՝ մի՛ դատիր, որ չդատվես: Նիկոլի դեպքում դա չի գործում: Նա այնքան է սևեռվել Քոչարյանի ուղղությամբ, որ ամբողջ պետական համակարգը ծառայեցնում է դատական իր ֆարսին: Ասել է թե՝ Նիկոլը որոշել է դատել ամեն գնով ու հետ չի կանգնելու իր մտադրությունից: Սա այն դեպքն է, երբ պացիենտի համար կարելի է օգտագործել «դատիր, որ դատվե՛ս» բանաձևը, քանզի նա այլ տարբերակ չի թողնում: Նույնը, ի դեպ, վերաբերում է Նիկոլի բոլոր կամակատարներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը