Կարծիք

31.07.2019 09:00


Զբոսաշրջությունը՝ որպես տնտեսություն

Զբոսաշրջությունը՝ որպես տնտեսություն

Վրացական մամուլը հեղեղված է զբոսաշրջության մասին հակասական տեղեկություններով։ Պատճառը հուլիսի 8-ից Ռուսաստանի հետ ուղիղ ավիակապի բացակայությունն է։ Հիմա արդեն հաշվում են իրական վնասները։

«Վրացական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարեց, որ վերադարձվել է հուլիսի 8-ից հետո կայանալիք թռիչքների համար վաճառված ավիատոմսերի 80 տոկոսը։ Ավիաընկերությունը հայտարարում է, որ արդեն կրել է 25 մլն դոլարին համարժեք վնաս։

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ օգնելու է այս ավիաընկերությանը։ Բաթումիից և Թբիլիսիից դեպի Երևան ու այնտեղից արդեն ռուսաստանյան օդանավակայաններ յուրաքանչյուր թռիչքի համար «Վրացական ավիաուղիներին» 600 հազար եվրոյի չափով սուբսիդիա է տրվելու (մեկ ուղևորի հաշվարկով` առավելագույնը 90 եվրո)։ Հետաքրքիր է, որ ֆինանսական աջակցություն միայն այս ավիափոխադրողին է խոստացվել։

Վրացական տուրիստական բիզնեսը շոկի մեջ է։ Փորձագետների մի մասը պնդում էր, որ ռուսական «պատժամիջոցն» էական ազդեցություն չի ունենա։ Նրանք մատնանշում էին անցած տարվա վիճակագրական տվյալները, որ իրենց երկիր ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը ցամաքային ճանապարհներով է եկել։ Բայց պաշտոնական վիճակագրությունը «անողոքաբար» հաշվարկել էր, որ 2019թ. հունվար-մայիս ամիսներին ռուսաստանցիների 80 տոկոսը ինքնաթիռով էր ժամանել։

Վրաստանում զբոսաշրջիկ է հաշվառվում այն արտասահմանցին, ով 24 ժամից ավելի է մնում իրենց երկրում։ Ըստ վրացական վիճակագրության՝ ժամանողների 46 տոկոսը տարանցիկ ուղևորներ են։ Պաշտոնական տվյալներով՝ 2018-ին ՌԴ-ից 1․7 մլն (ոչ պաշտոնական աղբյուրները 2 մլն են նշում) զբոսաշրջիկ է ժամանել։ Ռուս տուրիստների ներկայությունը անցած տարի «գնահատվում» է ՀՆԱ-ի 2․5 տոկոսի չափ։ Տուրիզմի ազգային գրասենյակի տվյալներով՝ այս տարվա վնասները կազմելու են մոտ 710 մլն դոլարի չափ։ Նախորդ տարիներին Վրաստանը այս ոլորտի առաջամարտիկ էր տարածաշրջանում։

Զբոսաշրջության ոլորտի մեր գործարարներից ռոմանտիկները (ինչպես նաև մեր իշխանությունները) հույս ունեն, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կկողմնորոշվեն Հայաստանում հանգստանալու օգտին։ Այն փաստը, որ իշխանության հայտնի ու անհայտ դեմքերը խրոխտ հայտարարություններ չեն անում զբոսաշրջության աննախադեպ, թռիչքաձև և հեղափոխական ցատկերի մասին, այլ բան է հուշում։

Զբոսաշրջության զարգացումը մեր երկրում միշտ եղել է իշխանությունների ամենաքնքուշ երազանքներից։ Էներգետիկ ճգնաժամից հետո, երբ առաջին վարչապետը բարձրաձայն երազեց 150 հազար զբոսաշրջիկի մասին, հասարակությունը չհասկացավ։ Բայց արդեն 2007թ. Հայաստան ժամանել էր 500 հազար զբոսաշրջիկ։ 2010 թվականից արդեն ամեն տարի նրանց թիվն աճում էր առնվազն 100 հազարով։

2013թ. պաշտոնապես հայտարարվեց 1 մլն զբոսաշրջիկի մասին։ «Ամենատարօրինակ» տարին 2015-ն էր՝ նախորդ տարվա համեմատ աճի փոխարեն նվազում էր արձանագրվել։ 2014թ. մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը պաշտոնապես 1 մլն 203 հազար 745 է։ 2015-ին նրանց թիվը 11 626-ով պակաս է (սա եզակի ցուցանիշ է. 90-ականների կեսերից ամեն տարի, նախորդի համեմատ, ավելի շատ տուրիստ է ժամանել)։

2016-ին աճը, վերջին տարիների համեմատ, բավական համեստ էր՝ մոտ 67․5 հազար մարդ։ Իհարկե, կարելի է բազմաթիվ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական պատճառներ բերել, թե ինչու է նման վիճակագրություն արձանագրվել։ Բայց դա քաղաքական մեկնաբանների խնդիր է։ Մենք պարզապես առաջարկում ենք հիշել, որ 2016թ. մեր տնտեսության համար բավական համեստ տարի էր։ Այդ «համեստությունը» կարելի է բացատրել նաև նրանով, որ զբոսաշրջիկները սպասված ծավալներով չժամանեցին։ Հետևաբար, նրանց «ներդրումն» էլ տնտեսության մեջ, մեղմ ասած, չափավոր էր։

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մասին ուսումնասիրություններ համարյա չկան։ Պարզ չէ՝ նրանց մեջ քանի տոկոս են կազմում էթնիկ հայերը, քանի տոկոս են կազմում առաջին սերունդ արտագաղթածները։ Տվյալներ չկան այն մասին, թե որքան գումար են ծախսում մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները։ Մինչդեռ նրանց թիվն իսկապես պատկառելի է։

Օրինակ՝ անցած տարի Հայաստան ժամանածների թիվն առաջին անգամ անցավ 1,5 մլն ցուցանիշը՝ 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ։ «Ինչո՞ւ իշխանությունները հպարտության թեմա չեն դարձրել այս փաստը» հարցը կարող է տարօրինակ պատասխաններ ունենալ։ Օրինակ՝ նախահեղափոխական 2017թ. ցուցանիշի աճն ավելի մեծ էր, քան հեղափոխական 2018-ինը։ Նախորդ տարվա համեմատ՝ 2017-ի աճը 235 հազար 122 զբոսաշրջիկ է, 2018-ինը՝ 157 հազար 3 մարդ։ Բոլոր դեպքերում, կարելի է առանձնացնել այն տարբերությունը, որ այս ոլորտի նկատմամբ ունեցած պետական ու հասարակական վերաբերմունքով Վրաստանը նկատելիորեն տարբերվում է մեր տարածաշրջանի երկրներից։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը